Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։

Այսօրվա հանդիպումը կանցկացվի նեղ կազմով, իսկ հոկտեմբերի 21-ին կկայանա ընդլայնված կազմով հանդիպում։ Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի կառավարությունների պատվիրակությունները։

Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները կքննարկեն ԵՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության նախագծերի ֆինանսավորման աղբյուրներն ու մեխանիզմները, Միության ներքին շուկայում խոչընդոտների վերացման, ինտեգրված տեղեկատվական համակարգի մշակման հարցերը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը միջկառավարական խորհրդի անդամներին կտեղեկացնի գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման վերաբերյալ միջազգային համաձայնագրերի նախապատրաստման, ԵՏՄ-ում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման, Սուեզի ջրանցքի տնտեսական գոտում ռուսական արդյունաբերական գոտու գործունեությանը ԵՏՄ երկրների մասնակցության հնարավորությունների մասին։

Միջկառավարական խորհուրդը կքննարկի 2021 թվականին ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի վիճակը, ԵՏՄ երկրների կողմից իրականացվող ներմուծման փոխարինման համատեղ նախագծերը, կլիմայական օրակարգի միջոցառումների առաջին փաթեթը, 2021 թվականին ԵՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման հարցերը։

Միությունում գյուղատնտեսական մթերքների պահեստային սերտիֆիկատների էլեկտրոնային առևտուրը զարգացնելու նպատակով միջկառավարական խորհրդի նիստում նախատեսվում է ստորագրել ԵՏՄ շրջանակում նման սերտիֆիկատների տրամադրման, շրջանառության և մարման կանոնների մասին համաձայնագիր։

News.am