ԽՆԴԻՐԸ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ, ԱՅԼ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Տարածաշրջանում սրընթաց զարգացումների խորապատկերին, որոնք սպառնում են բոլոր կողմերից ծվատված Հայաստանի եթե ոչ ոչնչացմամբ, ապա լիակատար շրջափակմամբ, գերտերությունների միջև հաշվեպարզումների համար ռազմադաշտ դառնալու վտանգի խորապատկերին, չենք խոսում արդեն տնտեսական, սոցիալական, առողջապահական, կրթական ոլորտներում առկա խնդիրների մասին, իշխող խմբակցությունը ԱԺ հերթական նստաշրջանի նախաշեմին նախաձեռնել է ԱԺ կանոնակարգի փոփոխություններ, որոնցով պարտավորեցնում է պաշտոնը ստանձնող պատգամավորներին երդումն արտաբերելուց հետո նաև ստորագրել դրա տեքստի տակ։

Պարզվում է, «առաջարկը նպատակ ունի հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը: Հանրությանը տրված երդումը ապագայում կծառայի որպես բարեխիղճ, օրինական և պատասխանատու վարքագծի կարևոր բաղադրիչ»։ Այսպես է, համենայնդեպս, գրված օրինագծի հիմնավորման մեջ։ Իսկ գուցե ավելի լավ կլիներ, եթե խղճի, հայրենասիրության, հայկական գենի առկայության ինչ-որ թեստ անցկացնեին... Քանզի երբ ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը ճամարտակում է, թե «շատ վտանգավոր է առաջ տանել այն գաղափարը, որ Հայաստանն առանց Արցախի ապագա չունի», կամ՝ «գերնպատակը Հայաստանի Հանրապետությունն է, այլ ոչ թե Արցախը», կամ էլ երբ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Վահագն Ալեքսանյանը հայտարարում է, թե Գորիս-Կապան ճանապարհը չի մտնում Հայաստանի սահմանների մեջ, արդեն առանձնապես կարևոր էլ չէ՝ դրել են արդյոք այդ մարդիկ իրենց ստորագրությունը արտասանած երդման տեքստի տակ, թե ոչ։

Դժվար թե միակ բանը, որ պակասում էր պատգամավորներին, որպեսզի «բարեխղճորեն կատարեն ժողովրդի առաջ ունեցած պարտավորությունները, պահպանեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անեն ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար», այլ ոչ թե բացահայտ կամ գաղտագողի սրիկայություններ անեն ազգի, ժողովրդի և պետության դեմ, ոչ թե մտածելու և վերլուծելու կարողությունն է, ոչ թե հայրենասիրությունն ու նույնիսկ խիղճը, այլ ընդամենը ստորագրությունն այդ երդման տակ։

Կամ երբ ՔՊ-ականները «Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է» ձևակերպումից գլորվում են մինչև «Հայաստանն այլևս հնարավորություններ, ռեսուրսներ չունի Արցախի ժողովրդի իրավունքների և ազատությունների, այդ թվում՝ անվտանգության ապահովման համար» հայտարարության՝ հընթացս «իջեցնելով նշաձողը» և սեփական բառապաշարից իսպառ բացառելով «ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքը», մտադրվելով միայնակ թողնել Արցախին՝ Ադրբեջանի հետ դեմ առ դեմ լուծելու «իր» հարցերը, դա այն պատճառով է, որ նրանց պակասում էր ընդամենը սեփական ձեռքով դրած խզբզո՞ցը։

Ինչ է, հարցն ընդամենը երդման տակ ստորագրության բացակայությո՞ւնն էր, երբ իշխող ուժի պատգամավորները տապալեցին ԱԺ հայտարարության նախագծի քննարկումը, որում, մասնավորապես, ասվում էր, որ Հայաստանի համար անընդունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, որ պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ Հայաստանի և Արցախի միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը, որ սահմանազատման և սահմանագծման արդյունքում բացառվում է Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը, և որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնագիր, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանության և հայ ժողովրդի հայրենազրկման փաստը…

Իսկ երբ ՔՊ-ականները տապալեցին ԱԺ հայտարարության նախագիծը, որով խորհրդարանը կոչ էր անում երկրի բարձրաստիճան պաշտոնյաներին գործել բացառապես Սահմանադրության, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում և արգելում էր բանակցություններ վարել, գրավոր կամ բանավոր համաձայնություն տալ Արցախի խնդրի լուծման, առանց ժողովրդի, խորհրդարանի համաձայնության ՀՀ տարածքի փոփոխման վերաբերյալ, մի՞թե այդտեղ նույնպես խնդիրը դեմ էր առնում «ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները բարեխղճորեն կատարելու, ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները պահպանելու, ՀՀ ինքնիշխանությանը նպաստելու» երդման տակ ստորագրության բացակայությանը։ Թե՞ այնուամենայնիվ խնդիրը խղճի բացակայությունն է և նրանց դավաճանական էությունը, ովքեր այսօր «բարեխղճորեն կատարում են սեփական պարտավորությունները», բայց ոչ թե ժողովրդի, այլ իրենց տերերի առջև՝ «խաղաղ» կարգախոսների ներքո տանելով երկիրը դեպի նոր պատերազմ, նոր զոհեր, ինքնիշխանության և ընդհանրապես պետականության վերջնական կորուստ։

Այնպես որ մեր երկրին պակասում է ոչ թե երդման տակ ժողովրդի ծառաների ստորագրությունը, այլ Հայաստանին և հայ ժողովրդին ազնվորեն ու նվիրված ծառայող պատգամավորներն ու այլ պաշտոնատար անձինք, որոնք կառաջնորդվեն բացառապես ազգային ու պետական շահերով։ Մարդիկ, որոնք կգիտակցեն իրենց ուսերին դրված ծանր բեռի պատասխանատվությունը, մարդիկ, որոնց մտքով անգամ չի անցնի հայտարարել, ինչպես որոշ ՔՊ-ականներ, թե «ազգային և պետական շահերը երբեմն հակասում են միմյանց», և թե «հայկական ազգային շահերը, որոնք ներառում են պատմական արդարությունը վերականգնելու պահանջ, հակասում են Հայաստանի պետական շահերին, որոնք պետք է բխեն realpolitik-ից»…