Բորել․ Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդները սկսել են մոնիթորինգը

Եվրամիությունն այսօր սկսել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի մոնիթորինգի առաքելություն իրականացնել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:

«Այսօր սկսվել է այդ առաքելության ծավալումը», - Բրյուսելում լրագրողներին ասել է Բորելը՝ եվրոպական գագաթնաժողովի մեկնարկից առաջ:

Նա նաև հայտնել է, որ մտադիր է եվրոպացի առաջնորդներին տեղեկացնել այդ առաքելության վերաբերյալ որոշման մասին, որն ընդունվել է ԵՄ ԱԳ նախարարների նիստում:

Հոկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները պաշտոնապես հաստատել են 40 դիտորդների գործուղումը Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։

ԵՄ դիվանագիտության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով ԵՄ մինչև 40 փորձագետների մոնիթորինգային առաքելությունը նպատակաուղղված է անկայունության պայմաններում վստահության միջոցների կառուցմանը։ Նա ընդգծել էր, որ ներկա իրավիճակը ոչ միայն վտանգ է ստեղծում մարդկանց կյանքի համար, այլև սպառնալիք է ներկայացնում հակամարտության կարգավորման գործընթացի համար։

Հավելենք, որ հոկտեմբերի 14-ին Երևան է ժամանել Եվրամիության տեխնիկական պատվիրակությունը՝ Ադրբեջանի հետ սահմանին մոնիթորինգի առաքելության աշխատանքները նախապատրաստելու նպատակով:

Sputnik Արմենիա