Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՏԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է՝ ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՀԱՆՋԵԼ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ ՀԵՆՑ ԱՐԱՅԻԿՆ Է ԿՈՐԾԱՆԱՐԱՐ
Ցանկացած քաղաքական գնահատական, որը չի պարունակում իր մեջ օբյեկտիվ դատողություններ Նիկոլ Փաշինյանի կողմից վարված ու վարվող կործանարար քաղաքականությանը ի սկզբանե նիկոլական մեկնաբանություն է: Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով Արայիկ Հարությունյանի երեկվա հարցազրույցը:
«Արայիկ Հարությունյանի հարցազրույցը չի տարբերվել Նիկոլի ուսապարկերի հարցազրույցներից այս թեմայով, և եթե Արայիկը չի քննադատել Փաշինյանին, չի արձանագրել, որ վերջինիս պատճառով Հայաստանը ձեռքերը լվանում է արցախյան հիմնախնդրից, որ Հայաստանն այլևս հրաժարվում է Արցախի շահերը հետապնդել և ներկայացնել միջազգային քաղաքականության մեջ, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են տեր կանգնել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրին, Արցախյան շարժման ձեռքբերումներին՝ այդ ամբողջը, եթե չկա որևէ գնահատականի մեջ, նշանակում է նիկոլական գնահատական: Արայիկ Հարությունյանը շարունակում է թելել Նիկոլի թելը ու անգամ այն պատերազմը, որ եղավ այդ թվում և Արայիկի մեծաբերանության, նախկինների դեմ Նիկոլի սանձազերծած պայքարին լծվելու, Նիկոլի PR-ն անգամ պատերազմի ժամանակ անելու և այլնի հետևանքով, ապա նա, որպես մարդ, այլևս կործանված է»,- ասաց նա:
Աշոտյանի կարծիքով, միակ բանը, որ զսպում է Արցախի քաղաքական վերբախավին պահանջել Հարությունյանի հրաժարականն այն է, որ Նիկոլ Փաշինյանի պատճառով ստեղծվել է մի վիճակ, որ նոր նախագահական ընտրություններ կազմակերպելը շատ մեծ խնդիր կարող է առաջացնել.
«Արայիկ Հարությունյանը թելում է Նիկոլի թելը, երևանյան իր հանդիպումները ֆիասկո էին և այդ ամբողջ այցի նպատակը Արցախում լարվածության, դժգոհության ալիքը կանգնեցնելն ու գոլորշին թողելն էր»,- կրկնեց նա:
Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ է պետք անել կամ ի՞նչ կարող ենք անել, Արմեն Աշոտյանն ասաց, որ Արցախի քաղաքական ու հասարակական էլիտաները, ժողովուրդը պետք է պահանջեն Արայիկ Հարությունյանից, քանի դեռ նա Արցախի նախագահն է, իրականացնել ՀՀ հետ հարաբերություններում այնպիսի քաղաքականություն, որը բխում է հայ ժողովրդի շահերից և ոչ թե Նիկոլ Փաշինյանի ու նրա գեոպոլիտիկ տերերի շահերից: Օրինակ, նշեց Աշոտյանը, Հարությունյանը հարցրե՞լ է Փաշինյանին, արդյոք նա պատրաստվում է ստորագրել պայմանագրի ամերիկյան կամ եվրոպական տարբերակը, որտեղ փաստացի Արցախի սուբյեկտայնության, ինքնորոշման իրավունքի խնդիր չի դրվում, այլ, հակառակը, նշված են որոշակի մեխանիզմներ, որոնցով Արցախը, այսպես ասած, պետք է մերձենա ու ձուլվի Ադրբեջանի հետ.
«Նա հարցրե՞լ է Նիկոլին՝ այսպիսի բան ստորագրելո՞ւ ես, ասել է նրան, որ եթե ձեռքերը լվանում է, մի ստանձնի պարտավորություններ, որովհետև դու այդ մանդատը չունես: Այդպիսի բան ասե՞լ է Արայիկը: Վստահ եմ, որ չի ասել, որովհետև եթե ասած լիներ, երեկվա իր հարցազրույցում գոնե ակնարկ կամ տեղեկատվություն կլիներ: Եթե Նիկոլ Փաշինյանը գնում է ստորագրելու մի տարբերակ, որով ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չեղարկվում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, մեխանիզմներ են ներդրվում, թե ինչպես է Բաքուն բանակցելու Ստեփանակերտի հետ ու այդ ամենն արվի միջազգային հայացքի ներքո, Արայիկը խոսե՞լ է դրա մասին: Վստահ եմ՝ ոչ»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Նա հավելեց, որ Արցախի ժողովուրդն իրականում բավականին պատային վիճակում է հայտնվել, որովհետև չի կարող պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականն առանց երաշխավորված նոր ընտրությունների՝ դա կործանարար կլինի, մյուս կողմից Արայիկը ինքն է կործանարար, փաստացի լինելով Փաշինյանի դրածոն Ստեփանակերտում:
«Ես բազմիցս սա ասել եմ՝ Նիկոլը Արցախը թողնում է կա՛մ բախտի քմահաճույքին, կա՛մ Ռուսաստանի քաղաքականությանը, կա՛մ Ադրբեջանի վայրագություններին. ո՞ր տարբերակով կգնա Արցախի ճակատագիրը, եթե մենք այսպես շարունակենք հանդուրժել երկու կործանարար ղեկավարների քաղաքականությունը: Արցախի ժողովուրդը Ադրբեջանի հետ չբռնակցվելու միակ շանսը կարող է տեսնել Ռուսաստանի մեջ և դա ոչ թե Արցախի ժողովրդի մեղքն է, այլ Հայաստանի մեղքն է»,- հավելեց ՀՀԿ փոխնախագահը: