ԵԱՏՄ-ն խորհրդակցություններից հետո նախատեսում է գազի և նավթի համաձայնագրերի ստորագրում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները հույս ունեն խորհրդակցություններից հետո գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ստեղծման մասին համաձայնագրերի ստորագրման հասնել:

Այն մասին, որ այդ համաձայնագրերի տեքստերի պատրաստումն արդեն ընթանում է, Երևանում լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը` ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումից հետո։

«Շարունակվում են գազի ընդհանուր շուկայի մասին համաձայնագրի տեքստի շուրջ խորհրդակցությունները, շարունակվում են նաև նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցման վերաբերյալ խորհրդակցությունները։ Հույս ունենք, որ համապատասխան խորհրդակցություններից հետո կկարողանանք հասնել այդ փաստաթղթերի ստորագրմանը»,-ասել է Օվերչուկը։

Նրա խոսքով՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերի մասնակիցները «ևս մեկ անգամ հաստատել են, որ այն ուղին, որն ընտրել են ԵԱՏՄ երկրները, և որը ենթադրում է երկարաժամկետ գազային պայմանագրերի կնքում, մասնակից երկրներին թույլ է տալիս իրենց միանգամայն հարմարավետ զգալ և գազի մատակարարների և սպառողների շահերի հավասարակշռության հասնել»:

Sputnik Արմենիա