Օվերչուկ․ Մեղրիով ճանապարհի կառուցումը կախված է Հայաստանի դիրքորոշումից
Այսօր Հարավային Կովկասում ձևավորվում է «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկը։ Եթե այն ստեղծվի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսությունները կսկսեն լրացուցիչ ռենտա ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելությունների հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով «Արտադրված է Ռուսաստանում - 2022» միջազգային արտահանման ֆորումի լիագումար նիստում։
«Այս առումով էական դեր կխաղա Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև Հայաստանի կամ Իրանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը։
Այսօր Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջների կառուցումը սահմանին, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները և կապահովեն ամենակարճ ու հարմար տեղաշարժը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Հայաստանի տարածքով Մեղրիով, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, երկաթուղու և ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը կախված է Հայաստանի դիրքորոշումից։
Միաժամանակ, Իրանի տարածքով արդեն կառուցվում է Հայաստանը շրջանցող ճանապարհ, այսինքն՝ մինչև 2024 թվականը ճանապարհը կլինի, և այն ելք կապահովի դեպի Իրանի, Թուրքիայի և հետագայում Եվրոպայի շուկաներ։
«Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ենթակառուցվածքն արդեն գոյություն ունի, և դրա երկայնքով իրականացվում են ավտոմոբիլային և երկաթուղային փոխադրումներ։ Այնուամենայնիվ, այն չի համապատասխանում երթևեկության ծավալների ակնկալվող աճին և կարիք ունի արդիականացման և հզորության ավելացման:
Այս առումով մենք ավարտում ենք ռուս-ադրբեջանական սահմանի անցակետերի արդիականացումը»,-ասել է նա։
News.am