Եվրամիությունը 2023 թվականին Կիևին ամսական 1,5 միլիարդ եվրո կհատկացնի
Եվրամիությունը 2023 թվականին Կիևին ամսական 1,5 միլիարդ եվրո կհատկացնի: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ ԵՄ առաջնորդների գագաթաժողովից հետո, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Նա նշել է, որ ԵՄ-ն այս տարի արդեն 19 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային։
«Ուկրաինայի համար շատ կարևոր է կանխատեսելի և կայուն եկամուտների հոսք ունենալը», - ասել է նա՝ հավելելով, որ Կիևն իր ամսական կարիքները գնահատում է 3-ից 4 միլիարդ եվրո:
Ֆոն դեր Լեյենն ասել է, որ ԵՄ-ն ամսական 1,5 միլիարդ եվրո կտրամադրի, իսկ մնացածը ակնկալվում է ստանալ Միացյալ Նահանգներից և միջազգային կազմակերպություններից:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախօրեին տեսահոլովակով դիմել է ԵՄ առաջնորդներին՝ ասելով, որ «ռուսական հրթիռներն ու իրանական անօդաչու սարքերը» վնասել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի մեկ երրորդը։
Ֆոն դեր Լեյենն ասել է, որ ԵՄ-ն դիտարկում է նաև, թե ինչպես օգնել Ուկրաինային՝ վերականգնելու ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Զելենսկին ԵՄ-ից խնդրել է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև «նոր և ուժեղ» պատժամիջոցներ Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի դեմ՝ իբր անօդաչու սարքեր մատակարարելու համար:
Այս առումով ԵՄ-ն արդեն սահմանափակ պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ, սակայն այժմ, ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում, ԵՄ անդամ պետությունների տեսակետները տարբեր են։
Լեհաստանը և Բալթյան երեք երկրներն առաջարկել են արգելել ռուսական ադամանդի ներմուծումը Ռուսաստանից և դադարեցնել պողպատի առևտուրը, սակայն Բելգիան և Իտալիան դեմ են այդ քայլին:
Հունգարիան հիմնականում դեմ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, մինչդեռ Գերմանիան և Ֆրանսիան հայտարարել են, որ ներկայիս միջոցներն արդեն բավական հեռուն են գնացել։
Գագաթաժողովի նախագահ, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ ԵՄ-ն դիտարկում է Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցների արդյունքում սառեցված ռուսական ակտիվները՝ Ուկրաինան վերականգնելու համար օգտագործելու հարցը։
Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը նշել է, որ գումարը կազմում է մոտ 300 միլիարդ եվրո, թեև Բեռլինը և այլ պետություններ նախազգուշացրել են, որ ակտիվների իրական բռնագրավումը կարող է անօրինական լինել:
News.am