ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՀԵՐԹԱԿԱՆ «ՀԵՐԿՈՒԼԵՍՅԱՆ ՍԽՐԱՆՔԻ»
Հայ արևմտամետները հոգեկան վերելք են ապրում։ Նրանց կարծիքով՝ հավաքական Արևմուտքը Հայաստանի և Արցախի անվտանգության շատ հզոր երաշխիքներ է տալիս։ Ճիշտ է, երբեմն իրենց փաստարկներում հասնում են ծիծաղելիության աստիճանի։ Այսպես, արևմտամետ կողմնորոշմամբ ոմն անձնավորություն հայտարարեց, թե ԱՄՆ-ի կողմից Հայաստանի սատարման շատ հզոր ուղերձ էր այն, որ Վաշինգտոնում Բլինքենի, Միրզոյանի և Բայրամովի հանդիպման ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը հատուկ նստել էր այնպես, որ ռեպորտաժների կադրերում տեսանելի լինեին միայն ԱՄՆ-ի և Հայաստանի դրոշները... Ո՜վ գիտե, միգուցե դա իսկապես շատ ուժեղ ուղերձ էր Վաշինգտոնի կողմից։ Միայն թե... Մի՞թե հայ-թուրքական սահմանին և Լեռնային Ղարաբաղում կանգնած ռուս զինվորականները որևէ ուղերձ ընդհանրապես չեն կրում։
ԱՍԵՆՔ, ՊԵՏՔ Է ԱՐԺԱՆԻՆ ՄԱՏՈՒՑԵԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԹԻՄԻՆ։ Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիվ գրոհից հետո նրանք բուռն գործունեություն ծավալեցին ագրեսիայի դատապարտման ուղղությամբ։ Ադրբեջանական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին հայտարարություններ արեցին աշխարհի առաջատար մայրաքաղաքները. Փարիզը, Լոնդոնը, Վաշինգտոնը, Մոսկվան… Տարբեր տոնայնությամբ, բայց այդպիսի հայտարարություններ հնչեցին նաև մի շարք հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից։ Չենք խոսում արդեն Իրանի մասին, որի ներկայացուցիչները գրեթե աշխատանքային ռեժիմի կարգով հայտարարում են տարածաշրջանում աշխարհաքաղաքական որևէ փոփոխության անթույլատրելիության մասին։ Իրանի արտգործնախարարի այցը Հայաստան ևս մեկ անգամ հաստատեց դա։ Թեհրանի որոշ ներկայացուցիչներ ընդհանրապես խոսում են այն մասին, որ հենց Իրանն է վճռորոշ դեր խաղացել «Զանգեզուրի միջանցքի» ուժային զավթման Անկարայի և Բաքվի ծրագրերի կանխարգելման գործում։
Հիշեցնենք, ի դեպ, որ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին ասուլիսի ժամանակ խոսեց Իրանի հետ համագործակցությունն ամրապնդելու անհրաժեշտության մասին, այդ թվում՝ ռազմական ոլորտում։ Ինչպես տեսնում ենք, իշխող թիմն էլ ի վերջո եկավ նույն կարծիքին։ Եվ հաղորդագրություններն այն մասին, որ Նիկոլն ու թիմը վերջապես որոշել են իրանական անօդաչու թռչող սարքեր գնելու հայտ ներկայացնել, հաստատում են դա։ Լավ կլիներ, իհարկե, եթե դա արվեր տարիներ առաջ…
Այդ ամենով հանդերձ՝ ինչպիսի՞ք են հեռանկարները։ Խնդիրն այն է, որ Էրդողանն ու Ալիևը մտադիր չեն նահանջել իրենց դիրքերից։ Նրանք նախկինում էլ առանձնապես հաշվի չեն առել նույնիսկ ամենահեղինակավոր երկրների կարծիքը։ Հյուսիսային Կիպրոսի հետ կապված պատմությունը դրա հաստատումն է: Սակայն նրանց անհաշտությունը լավատեսական կանխատեսումների է հանգեցնում հայ արևմտամետներին. իբր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ոչ մի պայմանագիր չի կնքվի հենց Բաքվի մեղքով։
Ասել է թե՝ խաղաղության պայմանագրի նախագիծը, որն այժմ նախապատրաստվում է Վաշինգտոնի և Բրյուսելի հովանու ներքո, չի գոհացնում Բաքվին, քանի որ նախատեսում է ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի սահմանամերձ տարածքներից և ենթադրում է Ստեփանակերտի հետ ուղիղ երկխոսություն վարելու Ադրբեջանի միջազգային պարտավորություն։ Թափանցիկ երկխոսություն՝ արևմտյան երկրների հովանու ներքո։ Բացի այդ, պայմանագրի նախագիծը չի նախատեսում արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքով։ Իբր, ինչպես ենթադրում են լավատեսորեն տրամադրված հայ արևմտամետները, Ալիևը նման պայմանագիր չի ստորագրի, ինչը կհանգեցնի նրան, որ Ադրբեջանն աստիճանաբար մերժյալի կվերածվի միջազգային ասպարեզում, Ադրբեջանի դեմ կընդունվեն ևս տասնյակ բանաձևեր, ապա կհաջորդեն պատժամիջոցներ, իսկ հետո՝ միջազգային դատական ատյանների վճիռներ։ Արդյունքում Արցախի հարցով որոշում կկայացվի Կոսովոյի մոդելով. «անջատում՝ հանուն փրկության»։ Այսպիսիք են հայ արևմտամետների հաշվարկները և, պետք է ենթադրել, այդչափ անամպ հույսերի համար հիմք են ծառայում նրանց պարբերական հանդիպումները վարչապետի հետ, որը տիրապետում է կոնկրետ ականջների համար հաճելին ասելու հմտությանը։
Կարելի է համաձայնել, թերևս, միայն այն հարցում, որ առաջիկա շաբաթներին պայմանագիրն իսկապես չի ստորագրվի, քանի որ Բաքուն մաքսիմալիստ է իր պահանջներում. զորքերի որոշակի հետքաշման դիմաց նա ակնկալում է ստանալ և՛ Արցախի միանշանակ ճանաչում Ադրբեջանի կազմում, և՛ «միջանցք», և՛ Հայաստանի հրաժարում խորհրդային ժամանակաշրջանի անկլավներից։ Այնպես որ կարող է թվալ, թե խաղաղ բանակցությունները փակուղի են մտնելու։ Բաքվի մեղքով։
Բայց ... Եկեք չմոռանանք Փաշինյանի հոգեբանական տեսակի առանձնահատկությունները։ Չնայած այն հանգամանքին, որ նա ամեն անգամ համոզվում է, թե որքան քիչ են իր հետ հաշվի նստում միջազգային ասպարեզում, հոգու խորքում դեռ շարունակում է համարել իրեն մեսիա։ Ինչպես իր կառավարման առաջին տարիներին, երբ համեմատում էր իրեն վաշխառուներին տաճարից վռնդած Քրիստոսի հետ: Միգուցե նա իսկապես հավատում էր դրան:
Փաշինյանը մշտապես ցանկանում է ինչ-որ «սխրանք» գործել, որը կհավերժացնի իր անունը պատմական տարեգրություններում։ Եվ եթե Աննա Հակոբյանը ճիշտ պահին կողքին չլինի, ապա բացառված չէ, որ նա հանկարծ կվերցնի ու կստորագրի պայմանագիրը բացառապես Ալիևի պայմաններով։ Իհարկե, կփորձի դա անել անսպասելիորեն, բողոքի ցույցերի համար ամենից անհարմար պահին։ Եվ կմատուցի դա իբրև սխրանք, որը համեմատելի է թերևս միայն ավգյան ախոռները մաքրած Հերկուլեսի սխրանքի հետ: