ՉԻՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԵՏԿՈՒԹՅԱՄԲ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոկտեմբերի 16-ին Պեկինում տեղի ունեցավ Չինաստանի Կոմունիստական կուսակցության համաչինական 20-րդ համագումարը: Չինաստանի Կոմունիստական կուսակցության համաչինական 20-րդ համագումարը շատ կարևոր խորհրդաժողով է, որն անցկացվում է այն առանցքային պահին, երբ չին ժողովուրդը ոտք է դնում սոցիալիստական արդիականացված երկրի համակողմանի կառուցման նոր ուղի և գնում դեպի երկրորդ հարյուրամյակի պայքարի նպատակներ: Համագումարում քննարկվեցին ոչ միայն առաջիկա հինգ տարիների և այդուհետ Չինաստանի զարգացման նպատակներն ու խնդիրները, այլև պատասխաններն այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ «ինչ դրոշ բարձրացնել, ինչ ճանապարհով շարժվել, ինչպիսի հոգեվիճակի ձգտել և ինչ նպատակի ուղղությամբ ընթանալ»:
ՉԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը հանդես եկավ զեկույցով. «Բարձր պահելով չինական առանձնահատկությամբ սոցիալիզմի մեծ դրոշը, համախմբված պայքարել հանուն արդիականացված սոցիալիստական պետության համակողմանի շինարարության», առաջադրեց հետագա զարգացման ծրագիրը. «առաջ մղել չին ազգի վերածնունդը՝ չինական առանձնահատկությամբ արդիականացման ճանապարհով»:
Չինական առանձնահատկությամբ արդիականացումը սոցիալիստական արդիականացումն է՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավորությամբ: Այն ունի ոչ միայն ընդհանուր յուրահատկություններ, այլև Չինաստանի ազգային բնորոշ հատկանիշներ՝ վառ արտահայտված չինական առանձնահատկությամբ, ընդ որում ունի համաշխարհային խոր նշանակություն։
Նախ, չինական առանձնահատկությամբ արդիականացումը դա արդիականացումն է մեծ բնակչության պարագայում. 2020 թվականի յոթերորդ համընդհանուր մարդահամարի տվյալներով՝ Չինաստանի բնակչությունը գերազանցում է 1,443 միլիարդ թվաքանակը: Չինաստանն աշխարհի ամենահոծ բնակեցված զարգացող երկիրն է։ Բնակչության մեծ թվաքանակը և ոչ ռացիոնալ կառուցվածքը ահռելի ճնշում են գործել շրջակա միջավայրի, ռեսուրսների և տնտեսական զարգացման վրա, ինչը նշանակալի գործոն է երկրի զարգացման ճանապարհին: Շատ կարևոր է արդիականացման ուղու վրա դնել ավելի քան 1,4 միլիարդ մարդու։ Դրա մասշտաբներն ու դժվարությունները նույնպես աննախադեպ են ողջ աշխարհում տարվող արդիականացման գործընթացում, և դա լուրջ փորձություն է ՉԿԿ-ի և Չինաստանի կառավարության վարչարարական կարողությունների համար:
2020 թվականից բախվելով դարի համաճարակին, Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը հաջողությամբ հավաքեց իր ազգային ուժը, նպատակաուղղված կանխարգելում և վերահսկողություն իրականացրեց տարբեր տարածաշրջաններում ու տարբեր մակարդակներում, արագ և արդյունավետ կերպով հաղթահարեց տարածաշրջանային կլաստերային համաճարակները: Չինաստանի տնտեսական զարգացումը, համաճարակի կանխարգելումը և դրա դեմ պայքարը պահպանեցին առաջատար դիրքն աշխարհում՝ լիովին ապացուցելով, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության կառավարման կարողությունը դիմանում է փորձությանը նույնիսկ ահռելի բնակչության պարագայում:
Երկրորդ, չինական առանձնահատկությամբ արդիականացումը ողջ ժողովրդի ընդհանուր բարեկեցության արդիականացումն է: Չինաստանում կա մի հին ասացվածք. «Նա, ով աշխարհի հետ կիսում է նույն հոգսերը, աջակցում է աշխարհին»։ Հավատարմությունը ժողովրդի ուղղությամբ կողմնորոշված զարգացման մտքին միշտ եղել է ՉԿԿ-ի իդեալը, համոզմունքը, առանձնահատուկ նպատակն ու նախնական առաքելությունը: ՉԿԿ-ի հիմնադրման 100-ամյակին Չինաստանն արդեն հաջողությամբ ավարտել էր բացարձակ աղքատությունն արմատախիլ անելու դժվարին խնդիրը, համակողմանիորեն կառուցել միջին ունևոր հասարակություն, համաշխարհային հրաշք գործել, որը մտավ պատմության տարեգրություն, ինչպես նաև կարևոր ներդրում ունեցել աշխարհում աղքատության դեմ պայքարում: Չինական առանձնահատկությամբ արդիականացման ճանապարհին Չինաստանն այսուհետ էլ կշարունակի ձգտել լուծել անհավասարակշիռ և թերի զարգացման խնդիրը, նվազեցնել զարգացման տարբերությունը քաղաքային և գյուղական շրջանների միջև, հասնել մարդկային համակողմանի զարգացման և համընդհանուր բարօրության:
Երրորդ, չինական առանձնահատկությամբ արդիականացման ուղին նյութական և հոգևոր քաղաքակրթությունների ներդաշնակությունն է: Մշակույթի բարգավաճումը նշանակում է երկրի բարգավաճում, իսկ քաղաքակրթությունը պետության արդիականացման տարբերիչ խորհրդանիշն է: Առանց սոցիալիստական մշակույթի բարգավաճման և զարգացման չի կարող լինել սոցիալիստական արդիականացում:
Ինչպես ընդգծեց ՉԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը, «Այն ազգը, որը չունի հոգևոր ուժ, չի կարող ապավինել իր ուժերին ու հնարավորություններին, իսկ ցանկացած գործ առանց մշակութային աջակցության չի կարող հարատևել»: Չինական առանձնահատկությամբ արդիականացումը համակողմանի զարգացման և համընդհանուր առաջընթացի արդիականացում է ոչ միայն որակյալ տնտեսական զարգացման հասնելու, այլև ժողովրդի հոգևոր աշխարհի մշտական հարստացման, ինչպես նաև նրա մշակութային իրավունքների և շահերի պաշտպանության համար:
Չորրորդ, չինական առանձնահատկությամբ արդիականացումը այնպիսի արդիականացում է, որի պարագայում մարդն ու բնությունը գոյակցում են ներդաշնակորեն: «Կանաչ սարերն ու զմրուխտ ջրերը անթիվ գանձեր են»: ՉԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը բազմիցս ընդգծել է, որ մարդն ու բնությունը մեկ ամբողջություն են, և տնտեսական ու սոցիալական զարգացման պլանավորումը պետք է լինի մարդու և բնության ներդաշնակ համակեցության հավասարակշռության մեջ:
2012 թ.-ին Չինաստանի Կոմունիստական կուսակցության 18-րդ համաչինական համագումարից ի վեր Չինաստանը միշտ կարևոր տեղ է հատկացրել էկոլոգիական քաղաքակրթության կառուցմանը և հասել է մի շարք նշանակալի նվաճումների: 2000-ից մինչև 2017 թվականն ընկած ժամանակահատվածում աշխարհում նոր կանաչ տնկարկների մոտավորապես մեկ քառորդը բաժին է ընկել Չինաստանին:
Չինաստանը գլխավորեց կլիմայի գլոբալ փոփոխության շուրջ բանակցային գործընթացը և ամեն կերպ աջակցում ու նպաստում է Փարիզի համաձայնագրի կնքմանը, ստորագրմանը, ուժի մեջ մտնելուն և իրականացմանը: Չինաստանը հայտարարել է, որ մինչև 2030 թվականը ածխաթթու գազի արտանետումները կհասնեն իրենց գագաթնակետին, իսկ 2060 թվականին արդեն կլինի ածխածնի չեզոքություն, դրանով իսկ առաջացնելով լայն արձագանք և ակտիվ աջակցություն միջազգային հանրության կողմից: Չինական առանձնահատկությամբ արդիականացման ուղին զարգացման կանաչ ուղի է:
Հինգերորդ, չինական առանձնահատկությամբ արդիականացումը խաղաղ զարգացման ճանապարհով ընթացող արդիականացում է: Չին ժողովուրդը միշտ խաղաղասեր է եղել և հնագույն ժամանակներից հավատարիմ է «բարձր գնահատել բարյացակամությունը» հայեցակարգին։ Չինական առանձնահատկությամբ արդիականացումն այն արդիականացման ուղին է, որը ոչ միայն ինքն է զարգանում, այլև օգուտ է բերում աշխարհին: Մեծ վերածնունդը, որին ձգտում է չին ժողովուրդը, ամփոփված է ոչ թե այլ երկրներին ճնշելու և զսպելու, այլ աշխարհի մյուս երկրների հետ ընդհանուր զարգացման հասնելու մեջ: Չինաստանն իր սահմանադրության մեջ ամրագրել է խաղաղ զարգացումը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման պահից ի վեր՝ ավելի քան 70 տարվա ընթացքում, ոչ մի անգամ բախում չի հրահրել սեփական նախաձեռնությամբ։ Վերջին տարիներին Չինաստանը ակտիվորեն առաջադրում է գլոբալ անվտանգության նախաձեռնությունը և գլոբալ զարգացման նախաձեռնությունը՝ մշտապես իր ավանդը ներդնելով ողջ աշխարհում խաղաղության և զարգացման գործում։ Համաճարակին դիմագրավելիս ՉԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը առաջարկեց «առողջ մարդկության հանրություն կառուցելու» նախաձեռնությունը։ Տվյալ նախաձեռնությունները է՛լ ավելի հարստացրեցին և բարելավեցին «Մարդկության միասնական ճակատագրի հանրության» հայեցակարգի իմաստը և ցուցադրեցին չին ազգի «աշխարհը՝ որպես մեկ ընտանիք» սքանչելի տեսլականը: Չինաստանը անխախտ կերպով կօժանդակի խաղաղությանը ողջ աշխարհում, իր ավանդը կներդնի գլոբալ զարգացման գործում, կպաշտպանի միջազգային կարգը և է՛լ ավելի մեծ ներդրում կունենա «Մարդկության միասնական ճակատագրի հանրության» կառուցման գործում:
Չինական առանձնահատկությամբ արդիականացման ուղին չինական պատմության և մշակույթի ձևանմուշի պարզ շարունակությունը չէ, մարքսիստական դասական տեսությունների պատճենը չէ և ոչ էլ ավանդական սոցիալիստական պրակտիկայի վերարտադրությունը կամ արևմտյան արդիականացման կրկնօրինակը: Չինական առանձնահատկությամբ արդիականացումը չինական ավանդական մշակույթի ժառանգությունն ու նորարարություններն են, ինչպես նաև նրա գերազանցությունն ու հրաժարումը արևմտյան կապիտալիստական համակարգից: Չինական առանձնահատկությամբ արդիականացման նպատակն է՝ կառուցել «Մարդկության միասնական ճակատագրի հանրություն», ընդգծել Չինաստանի վարկը՝ որպես պատասխանատու մեծ երկրի, զարգացնել համամարդկային արժեքները՝ ցուցադրելով զարգացման միանգամայն նոր հայեցակարգ, որը կապահովի աշխարհի բոլոր ժողովուրդների ներդաշնակությունը, փոփոխել արդիականացման նոր ուղին և նվիրվել մարդկային քաղաքակրթության նոր ձևի ստեղծմանը: Չինաստանը նաև առաջարկում է իր լուծումը, որը կարող է օգտագործվել ողջ աշխարհի երկրների կողմից որպես տեղեկատվական նյութ՝ սոցիալական ավելի լավ համակարգ գտնելու համար:
Այս տարի լրացավ Չինաստանի եվ Հայաստանի միջեվ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Վերջին 30 տարիների ընթացքում Չինաստանն ու Հայաստանը մշտապես խորացնում են քաղաքական փոխվստահությունը, շարունակում ընդլայնել գործնական համագործակցությունը, ինչպես նաև՝ զարգացնել միջանձնային և մշակութային փոխանակումները: Երկրները սերտորեն համագործակցում են, աջակցում և օգնում միմյանց միջազգային հարթակներում, լինելով իսկական բարեկամներ և լավ գործընկերներ:
Չնայած միջազգային արմատական փոփոխություններին և համաճարակային իրավիճակին, երկու կողմերի համատեղ ջանքերի շնորհիվ՝ հայ-չինական բարեկամական հարաբերությունները պահպանել են սրընթաց, կայուն և առողջ զարգացման դինամիկան, զգալի հաջողություններ են գրանցվել տարբեր ոլորտներում: Ավանդական բարեկամությունն ամրապնդվել է՝ ժառանգելով և առաջ մղելով Մետաքսի մեծ ճանապարհի ոգին, ամուր հիմք դնելով հաջորդ 30 տարիներին չին-հայկական հարաբերությունների է՛լ ավելի սրընթաց և արդյունավետ զարգացման համար:
Ներկայումս երկու երկրներն էլ պատմական պատասխանատվություն են կրում ազգային վերածննդի և ազգային զարգացման համար: Չինական կողմը պատրաստ է ամրապնդել պետական կառավարման հարցերին առնչվող փոխանակումները հայկական կողմի հետ, կիսել չինական առանձնահատկությամբ արդիականացման առաջմղման արդյունքում ձեռք բերած օգտակար փորձը, վճռականորեն աջակցել Հայաստանին զարգացման իր ճանապարհին, որը համապատասխանում է նրա ազգային յուրահատկություններին, և շարունակել օգնություն ցուցաբերել Հայաստանին իր հնարավորությունների սահմաններում: Չինաստանը պատրաստ է ձեռք ձեռքի տված աշխատել հայկական կողմի հետ՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների, և համատեղ օժանդակել «Մարդկության միասնական ճակատագրի հանրության» կառուցմանը։
Ֆան Յոնգ, ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան ՀՀ-ում