ԿԱՐՄԻՐ ԲԼՈՒՐԻՑ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ԵԶԱԿԻ ԳՏԱԾՈՆ

Մ.թ.ա. 7-րդ դարի բավականին մեծ կառույցի ավերակներ են հայտնաբերվել Երևանի Կարմիր բլուրի տարածքում հնագույն բնակավայրերից մեկի պեղումների ժամանակ։

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը գտածոն չափազանց կարևոր է համարում ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Մերձավոր Արևելքի համար։

Կարմիր բլուրի տարածքում պեղումները հայ-ավստրիական հնագիտական արշավախումբը սկսել է 2019 թվականին։ 2021 թվականից հայկական կողմը պեղումները շարունակել է բերդի մուտքից հարավ-արևելք, ավստրիացի գործընկերները` դեպի հարավ-արևմուտք։ Արդեն այդ ժամանակ պարզ էր, որ խոսքը տպավորիչ կառույցի մասին է` պատերով, սալարկված հատակով, հենասյուներով։ Պեղումները շարունակվեցին նաև 2022 թվականին։

Sputnik Արմենիայի հետ զրույցում Միքայել Բադալյանը ասաց, որ երեք վարկած կա, թե ինչ կարող է թաքնված լինել հողի շերտերի տակ` շուկա, քարավանատուն կամ թագավորական ախոռ։ «Այդ կառույցի նմանը Հայաստանում չկա։ Սա քարե շենք է` սալարկված հատակով։ Մենք ձի կապելու օղեր ենք հայտնաբերել, ինչպես նաև կենդանիների ոսկորներ: Բացի այդ, խոշոր հրդեհի հետքեր կան»,-ասաց Բադալյանը։

Նրա խոսքով` բազմաթիվ շերտերը վկայում են, որ հրդեհից հետո տարածքը վերականգնվել է։ Բադալյանը հիշեցրեց, որ Կարմիր բլուրն Ուրարտուի առևտրատնտեսական կենտրոններից մեկն է եղել, որը առևտրային կապեր է պահպանել հարևան երկրների հետ։ Տրամաբանական է, որ բերդի մոտ շուկա կամ քարավանատուն կկառուցվեր։

Նույն պատճառով Բադալյանն ավելի քիչ հավանական է համարում ախոռի տարբերակը, սակայն նշում է, որ դա ցույց կտա բազմակողմանի փորձաքննությունն ու մանրամասն ուսումնասիրությունը։

Շինությունն իր ճարտարապետական հատակագծով հիշեցնում է ուշ միջնադարյան ժամանակաշրջանի հայկական քարավանատուն (մեկ դահլիճով եռանավ ճարտարապետություն)։

Բադալյանը պնդում է, որ շատ դժվար կլինի հստակեցնել` քարավանատուն է եղել, թե շուկա, քանի որ այս երկու կառույցները գործառույթներով բավականին մոտ են միմյանց։
«Եթե այն վարկածը, որ հայտնաբերված կառույցը շուկա է ծառայել, հանկարծ հաստատվի, ապա այդ կառույցը կհամարվի ուրարտական դարաշրջանի ամենահին շուկան, որը հայտնաբերվել է մեր երկրի տարածքում։ Ինչ էլ լինի, դա շարունակականության մասին է վկայում և ծառայում է որպես Հայկական լեռնաշխարհի տարածքում ժամանակին գոյություն ունեցած մեծ կայսրության գոյության հաստատում»,-ասում է նա։

Հնագետները դեռ պետք է ուսումնասիրեն 14x40 մետր մակերեսով տարածք:

Ու չնայած ֆինանսավորում դեռ չկա, բայց թանգարանի կոլեկտիվը շարունակում է աշխատել։ Արշավախմբին միացել է Հայաստանի Ազգային ճարտարապետաշինարարական համալսարանը։ Բուհի ուսանողներն ակտիվորեն մասնակցում են աշխատանքներին, իսկ կառույցի ճարտարապետության ուսումնասիրությունը, որը հենց իրենք էլ պետք է պեղեն, կդառնա նրանց թեզի թեման։

Հայ հնագետներին միացել են նաև ռուսաստանցի գործընկերները։

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հողագիտության ֆիզիկաքիմիական և կենսաբանական խնդիրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Տատյանա Խոմուտովան Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ հետազոտության համար հողի նմուշներ են վերցրել։

«Հողն իր հատկություններում պահպանում է ինչպես մարդկային գործունեության վկայությունները, այնպես էլ կենդանիների ներկայության հետքերը»,-ասաց Խոմուտովան:

Նրա խոսքով` հողի նմուշներ վերցրել են ինչպես հայտնաբերված կառույցի սահմաններից դուրս, այնպես էլ ամբողջ սրահի սյուների տակից և պատերի մոտից:

Խոմուտովան նշեց, որ անցյալ տարվա պեղումներից ստացված երկու նմուշները ցույց են տվել, որ սրահում միայն մարդիկ են գտնվել, իսկ ահա դրան հարող գոտում կենդանիներ են եղել:

Նոր նմուշների ուսումնասիրությունը լրացուցիչ ժամանակ կպահանջի, քանի որ միշտ չէ, որ առաջնային մեթոդը տեղեկություն է տալիս և համարժեք արտացոլում է իրականությունը:

Հիշեցնենք, որ Կարմիր բլուրը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին։ Այստեղ հայտնաբերվել են հնագույն բնակավայրերի մնացորդներ, այդ թվում` Ուրարտական Թեյշեբաինի բերդաքաղաքը։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա