«Ժողովուրդ»․ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՓՈՇՄԱՆԵԼ Է ԵՎ ՀԵՏ Է ՎԵՐՑՐԵԼ ԶԻՆԴԱՏԱԽԱԶ ԴԱՌՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄԸ
ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանը ՀՀ գլխավոր դատախազությունից հետ է վերցրել իր՝ ՀՀ գլխավոր զինդատախազ դառնալու դիմումը. թեկնածուն միայն նա էր: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում։
Թերթի տեղեկությունների համաձայն՝ նա քաղաքական իշխանություններից նոր առաջարկ է ստացել և որոշել է գնալ Բարձրագույն դատական խորհուրդ, դառնալ ԲԴԽ անդամ:
«Ի դեպ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներսում բոլորը կողմ են եղել Հայկ Գրիգորյանի՝ ԲԴԽ անդամ դառնալու տարբերակին: Իսկ ո՞վ է լինելու զինդատախազ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նորանշանակ գլխավոր դատախազը զինդատախազ կնշանակի համակարգի ներսից, իսկ թե ով կլինի նա, առայժմ Աննա Վարդապետյանը վերջնական որոշում չունի»,–գրում է թերթը:
Հոկտեմբերի 17–ին հայտնել էինք, որ ՀՀ զինվորական դատախազի պաշտոնը հետաքրքրել է միայն ՔԿ նախկին նախագահ Հայկ Գրիգորյանին։
Հիշեցնենք, որ զինդատախազի պաշտոնի համար նշանակված մրցույթը պետք է կայանար հոկտեմբերի 21-ին, սակայն Հայկ Գրիգորյանի քայլից հետո մրցույթը չի կայացել, և մեր երկիրը մեկ ամսից ավելի է` զինդատախազ չունի: