«Հրապարակ». «ԴՈՒՐՍ ՀԱՊԿ-ԻՑ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ» ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ԽՈՒՄԲԸ ԴԻՄՈՒՄ Է ՀՂԵԼ ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 21-ին «Դուրս ՀԱՊԿ-ից համախմբում» նախաձեռնող խումբը դիմում է հղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին` խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկով: Թեման «ՀՀ անվտանգային հարցերն» են, մասնավորապես՝ ՀԱՊԿ կառույցից Հայաստանի դուրս գալու «հանրային պահանջի» քննարկումը։

Դիմումը հասցեագրվել է նաև ԱԺ արտաքին, պաշտպանության և անվտանգության, պետական-իրավական, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովների ղեկավարներին։ «Ակնհայտ է, որ այսօր ՀՀ քաղաքացիներին առավել հուզող հարցը դա ՀՀ անվտանգության և դաշնակցային հարաբերությունների ներկա և ապագա տեսլականներն են, ուստի այս քննարկումը, որպես ժողովրդավարական նախաձեռնություն, համարում ենք անհրաժեշտություն»,- հիմնավորել են դիմումատուները։

Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամներն են իշխանության հովանու ներքո գործող գործիչները, այդ թվում՝ Արման Բաբաջանյանը, Լևոն Շիրինյանը, Ազատ Արշակյանը, ՕԵԿ նախկին խոսնակ Էդգար Առաքելյանը, Գարեգին Միսկարյանը, Թեհմինե Ենոքյանը և այլք։ Շաբաթներ առաջ նախաձեռնությունը փակ հանդիպում էր ունեցել Անդրանիկ Քոչարյանի հետ, ով վստահեցրել է, որ հարցին ընթացք կտան»։

Panorama.am