«Գազպրոմ Արմենիայի» անունից առաջարկում են շահույթ ստանալ. ընկերությունը զգուշացնում է

Համացանցում անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքերը և հարթակները, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով, ընկերության հետ որևէ առնչություն չունեն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Ընկերությունը պաշտոնապես հայտնում է, որ քաղաքացիներից դրամական միջոցների ներգրավման գործառույթներ չի իրականացնում, ներդրումային ծրագրերի իրագործման կամ բնական գազի առուվաճառքի հետ կապված կոմերցիոն առաջարկներ չի ներկայացնում։

«Բացի այդ, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն արժեթղթերի շուկայում որևէ գործունեություն չի իրականացնում։ Կեղծ կայքերում զետեղված ցանկացած արտոնագիր, վկայագիր, հավաստագիր կամ նմանատիպ այլ «փաստաթուղթ», որում հիշատակված է ընկերության անվանումը, կեղծիք է»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ կեղծ կայքերի հեղինակներն ապօրինաբար օգտագործում են «Գազպրոմ Արմենիայի» պաշտոնական ապրանքանիշը՝ թյուրիմացության մեջ գցելով քաղաքացիներին։ Ընկերությունը շեշտում է, որ նմանատիպ գործողությունները խարդախության դրսևորում են։

Sputnik Արմենիա