«Հրապարակ»․ 24 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄՈՎ ԲԱՆԱԿԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԻՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է

ՀՀ կառավարությունը չեղարկել է 24 մլն դրամով բանակից ազատվելու, ավելի ճիշտ՝ ընդամենը 4 ամիս ուսումնական փուլ անցնելու վերաբերյալ նախագիծը, գրում է «Հրապարակը»։

2 ամիս առաջ պաշտպանության նախարարությունը օրենսդրական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում քննարկման էր դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Դրանով առաջարկվում էր 24 մլն դրամ վճարել և զինվորական ծառայություն անցնել ընդամենը 4 ամիս։

Փոփոխությունները պետք է կատարվեին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 26-րդ հոդվածում, որը պետք է լրացվեր 11 մասով՝ հետևյալ բովանդակությամբ«Շարքային կազմի պարտադիր զինծառայողը պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ կարող է արձակվել նաև ծառայության 4-րդ ամիսը լրանալուց և պատրաստության ուսումնական փուլն ավարտելուց հետո՝ ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու դեպքում»։

Ներկայումս այս նախադասությունը օրենսդրական փոփոխությունների ծրագրից հանվել է, այսինքն՝ ստացվում է, որ կառավարությունը հրաժարվել է այս փոփոխությունից։

Հավելենք, որ նախագիծը հանրային մեծ դժգոհություն էր առաջացրել։

Sputnik Արմենիա