ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԱՊԱՍՏԱԿՆԵՐԸ. ԻՆՉՈՒ ԱՐԳԵԼԵՑԻՆ ԶԱՏՈՒԼԻՆԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Որոշումն այն մասին, որ Կոնստանտին Զատուլինը անցանկալի անձ է Հայաստանում, այնքան անհեթեթ ու տխմար է թվում, որ շատերը տարակուսում են դրա պատճառների առնչությամբ։ Ի դեպ, անհեթեթ ու տխմար են նաև այդ որոշման հիմնավորումները. իբր՝ ողջ պատճառը Զատուլինի որոշ գնահատողական դատողություններն են հայաստանյան իշխանությունների դեմ։ Ասել է թե՝ հենց այդ պատճառով էլ Զատուլինին Հայաստան գալ չի կարելի, իսկ այ կորոտչենկոները, մարկովները, շևչենկոներն ու արևմտյան ասեղին նստած հայ բլոգերները կարող են այդ առիթով գոհ քմծիծաղել։

ԿԱՐԾՈՒՄ ԵՆՔ, ԳՆԱՀԱՏՈՂԱԿԱՆ ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԴԵՐ ԵՆ ԽԱՂՈՒՄ: Այլապես «Քաղաքացիական պայմանագրի» գերակշիռ մասին կարելի էր արգելել մուտքը Ռուսաստան՝ իրենց «գնահատողական դատողությունների» համար։ Իրականում որպես հայամետ քաղաքական գործիչ վաղուց արդեն Բաքվի սև ցուցակում հայտնված Զատուլինի մուտքն արգելելը տխմար ու անհեթեթ է թվում միայն մարդկային նորմալ տրամաբանության տեսանկյունից։ Ֆոբիաներով, ստանձնած պարտավորություններով ու ծայրահեղ հավակնություններով չծանրաբեռնված տրամաբանության: Իսկ եթե Երևանի որոշմանը նայենք աթոռին սոսնձված վարչապետ պրն Փաշինյանի տեսանկյունից, ամեն ինչ առնվազն բացատրելի է դառնում

Նախ՝ Իլհամ Ալիևը։ Ինչպես բազմիցս ասվել է, Փաշինյանը հլու-հնազանդ սպասարկում է Ալիևի պահանջները։ Ասում ենք սա միանգամայն հիմնավորված: Ներկայիս որոշումը այդ շարքից է: Ի՞նչ է նախորդել Զատուլինին Հայաստան մուտքն արգելելուն։ Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից Մոսկվային հղված զայրացած նոտան՝ ռուսական հեռուստատեսության որոշ հաղորդումների առնչությամբ, որտեղ Ալիևը հակաադրբեջանական դիրքորոշում է նկատել…

Կարո՞ղ էր արդյոք Ալիևն այդ նոտայի կապակցությամբ ակնկալել ավելի մեծ նվեր, քան այն քաղաքական գործչի մուտքի արգելումը Հայաստան, որին Ադրբեջանում համարում են իրենց պետության թշնամին։ Բացի ամենից՝ նաև այն պատճառով, որ հենց Զատուլինն է հաճախ եղել Բաքվի դժգոհությունն առաջացնող հաղորդումների գլխավոր հերոսը։

Շատերն են ուշադրություն դարձրել Փաշինյանի որոշման այդ սինքրոնությանը՝ ի պատասխան Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից Մոսկվային ուղղված նոտայի։ Բայց ոչ միայն դա: Նույն օրերին հնչեց նաև Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, որում Հայաստանը մեղադրվում էր Ադրբեջանի տարածքում ականներ տեղադրելու մեջ։ Ըստ երևույթին, Ադրբեջանի պաշտպանության նախարարության մշտական մեղադրանքների հետ մեկտեղ, թե իբր՝ հայ զինվորականները գնդակոծում են իրենց դիրքերը, Փաշինյանը գնահատել է դա որպես նոր ագրեսիայի սպառնալիք։ Մանավանդ որ Բաքվում իսկապես կա նման պրակտիկա.Երևանի և Բաքվի միջև կարևոր բանակցություններից առաջ ռազմական սադրանքներ կազմակերպել, որպեսզի հետո հնարավորություն ունենան շանտաժի ենթարկել ադրբեջանական պահանջները չբավարարելու դեպքում նոր ահագնացման սպառնալիքով։

Այնպես որ Զատուլինի մուտքն արգելելու որոշումը ոչ միայն սինքրոն պատասխանն էր ռուսական հեռուստաալիքների հանդեպ Բաքվի դժգոհություններին, այլև քայլ, որը կոչված է շարժել Ալիևի գթասրտությունը բանակցությունների հերթական փուլի նախաշեմին, որոնց մասին ծանուցել է Մոսկվան, և որոնցից այնքա՜ն վախենում է Փաշինյանը։

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանն այդ կերպ է գործում։ Կարելի է մտաբերել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրաժարականը, որը հաջորդեց նրա Արցախ կատարած այցի առթիվ Բաքվի արտահայտած դժգոհությանը։

Փաշինյանի համար կարևոր է, որ Բաքուն հերթական ագրեսիան չսկսի հենց այս շաբաթ, նաև մեկ այլ պատճառով. «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»։ Իշխանությունների կողմից լայնորեն գովազդվող միջոցառում, որտեղ Փաշինյանը մտադիր է կազմակերպել իր հերթական բենեֆիսը։ Բնավ ոչ անհիմն, քանի որ «գագաթնաժողովին» հրավիրված են Փաշինյանին հավատարիմ սփյուռքահայ գործիչներ։ Եվ հենց իրենց «անհավատարմության» պատճառով միջոցառմանը չեն մասնակցելու ո՛չ Հայ Առաքելական Եկեղեցին՝ ի դեմս երկու Կաթողիկոսների, ո՛չ Սփյուռքի խոշորագույն կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, ո՛չ էլ Ռուսաստանի հայերի միությունը։ Չեն մասնակցելու նաև Հայաստանի և Արցախի նախկին նախագահները։ Այսինքն իրականում դա ոչ մի «Համաշխարհային հայկական գագաթնաժողով» էլ չէ, այլ Փաշինյանի սփյուռքահայ կողմնակիցների միջոցառում։ Հենց այդ պատճառով էլ միջոցառման կազմակերպիչները հրավերներ են ուղարկել ոչ թե կազմակերպություններին, ինչպես ավանդաբար եղել է նախկինում նման համաժողովներ կազմակերպելիս, այլ կոնկրետ անձանց։

Իհարկե, դա լինելու է Փաշինյանի թիմի հերթական դատարկախոսությունը, բայց այն, որ նրա թիմը ինքնագովազդի վարպետ է, հանրահայտ փաստ է։ Ահա ուրեմն, հասկանալի է, թե ինչ հարված կլիներ Փաշինյանի համար, եթե գագաթնաժողովի ժամանակ դրա մասնակիցներն իմանային, որ Ադրբեջանը ձեռնարկել է հերթական ագրեսիվ հարձակումը։ Որքա՜ն կտուժեր դրանից «ամենայն հայոց վարչապետի» իմիջը։ Նրա ողջ բլբլոցը հեչ կլիներ՝ բախվելով այն փաստին, որ նա առաջվա պես անկարող է ապահովել իր երկրի և նրա քաղաքացիների անվտանգությունը:

Դե, և վերջապես, Զատուլինի դեմ մեկ «կրակոցով» Փաշինյանը սպանեց ևս մեկ նապաստակ։ «Համաշխարհային հայկական գագաթնաժողովի» շոուի օրերին՝ հոկտեմբերի 28-29-ին Երևանում նախատեսվում էր նաև Լազարյան ակումբի հերթական կլոր սեղանի անցկացումը, որին ավանդաբար մասնակցում են ռուս առաջատար քաղաքական գործիչներ, փորձագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ: Հրավիրվում են նաև Երևանի պաշտոնական անձինք, բայց դժվար թե նրանք գային, քանզի ի տարբերություն «համահայկական գագաթնաժողովի», ստիպված կլինեին իրենց ականջին ոչ հաճո գնահատականներ լսել Հայաստանում տիրող իրավիճակի և Փաշինյանի թիմի պատասխանատվության վերաբերյալ։ Դա կասկածից վեր է։ Եվ այդ անհաճո գնահատականները սաստիկ «կթունավորեին» Փաշինյանի պատվին թասակների վեր-վեր նետումը «Համաշխարհային հայկական գագաթնաժողովի» մասնակիցների կողմից (այլ կերպ, քան չակերտներում, այդ միջոցառման անվանումը հնարավոր չէ նշել)։

Իսկ հիմա, երբ Լազարյան ակումբի հերթական նիստի գլխավոր կազմակերպիչը զրկված է Հայաստան մտնելու իրավունքից, ակումբի նիստը հարցականի տակ է... Եվ ընդհանրապես, պետք է արժանին մատուցել Փաշինյանի մեծահոգությանը։ Կարող էր, չէ՞, այլ կերպ վարվել. սպասել նիստի մեկնարկին և ձերբակալել բոլոր մասնակիցներին՝ նախկինում արած «գնահատողական դատողությունների» համար։ Ստորությանը ի՞նչ չափ ու սահման:

Հ.Գ.- Իհարկե, մեծ հարց է, թե ով, ինչպես, և ինչի հիման վրա իրավունք ունի Հայաստանի խորհրդարանի անունից թույլատրել կամ արգելել մուտքը Հայաստան։