Կառլեն ԽԱՉԱՏՐՅԱՆ․ Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Ի՞նչ կապ ունեն Հայաստանի իշխանությունները դիտարկվող տնտեսական ակտիվության հետ, որը պայմանավորված է Ռուսաստանից մարդկանց ու կապիտալի մեծ հոսքով։ Մարտից սկսած մենք տեսնում ենք կոնկրետ այս գործոնի դրական ազդեցությունը, այլ ոչ թե երկրի ներսում տնտեսական հարաբերությունների զարգացումը։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։

Նա վստահ է, որ աշխարհաքաղաքական իրականության փոփոխությունը, ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը կկանգնեցնեն այս ներհոսքը՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

«Փոխանակ մտածեն ինչպես օգտվել բարենպաստ պայմաններից՝ հետագա տնտեսական զարգացման հիմքեր ստեղծելու համար, իշխանությունները պարծենում են տնտեսական ակտիվության ցուցանիշով»,- նշեց փորձագետը։

Խաչատրյանը հիշեցրեց, որ ամենամեծ աճը գրանցվել է սպասարկման ոլորտում։ Արդյունաբերության ոլորտում աճը համեստ է, առևտրի ոլորտում՝ համադրելի գնաճի հետ, իսկ գյուղատնտեսությունն ընդհանրապես անկում է գրանցել։

«Էական աճ է գրանցվել նաև շինարարության ոլորտում, ինչը մասամբ կապված է Երևանում նոր բնակարանների հիփոթեքային վարկերի վճարման համար եկամտահարկի վերադարձի մասին օրենքը աստիճանաբար չեղարկելու որոշման հետ»,- ընդգծեց նա։

Հաշվի առնելով այս ոլորտի սոցիալական կարևորությունը՝ փորձագետը պետությանը կոչ արեց շուկայի վրա ազդելու գործիքներ կիրառել։

Նրա խոսքով, թշնամու վերջին ագրեսիայի հետևանքները բացասական ազդեցություն են թողնում տնտեսության վրա։

«Ներդրողները ցանկանում են գումար ներդնել և երաշխիքներ ստանալ: Ուստի պատերազմի մեջ գտնվող երկրները չեն կարող լուրջ ներդրումներ կամ տնտեսական լուրջ ակտիվություն ակնկալել»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում տնտեսական ակտիվությունն անցած 9 ամիսների ընթացքում աճել է 14,1 տոկոսով։

News.am