Ադրբեջանում Հայաստանի հետ սահմանին անցակետ չեն ուզում, միայն «միջանցք»

Ադրբեջանը հստակեցրել է իր դիրքորոշումը հայկական կողմի՝ մի քանի անցակետեր բացելու առաջարկի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Երևանը հայտարարել էր Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետ բացելու մտադրության մասին։ Երկար լռությունից հետո Բաքուն արձագանքել էր այս առատաձեռն առաջարկին։

«Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետ ստեղծելու Հայաստանի առաջարկները 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման իմիտացիա են»,- հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։

Նրա խոսքով՝ Երևանի առաջարկած կետերից դուրս եկող ճանապարհները ռելիեֆային և բնակլիմայական պայմաններով հարմար չեն Նախիջևանի հետ տրանսպորտային հաղորդակցության և միջազգային տարանցիկ փոխադրումների համար։

«Բացի այդ, անցակետերը պետք է բացվեն կողմերի համաձայնությամբ՝ համաչափ։ Սակայն Հայաստանը Ադրբեջանի հետ ոչ մի համաձայնեցում չի իրականացրել»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Մուստաֆաևի կարծիքով՝ Հայաստանի առաջարկը ֆորմալ է՝ Ադրբեջանի և Հայաստանի արևմտյան շրջանների միջև հաղորդակցությունների ստեղծման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրի կատարումից խուսափելու համար։

Մինչդեռ «կողմերի համաձայնեցման» ուղղված բողոքարկումը շատ տարօրինակ է, հաշվի առնելով, որ մի քանի ամիս առաջ հենց Ադրբեջանն էր, առանց որևէ պայմանավորվածության, ամեն դեպքում հանրությունը տեղյակ չէ դրանց մասին, պահանջեց և հասավ Բերձոր-Լաչին միջանցքի երթուղու փոփոխությանը։ Առավել հետաքրքիր է հայտարարության 9-րդ կետի հղումը։ «Եռակողմ հայտարարության 9-րդ կետը խախտելով՝ Հայաստանն այդպես էլ չի ներկայացրել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության օպտիմալ տարբերակը», ասել է Մուստաֆաևը։

Իրականում այդ կետը հետևյալն է

«Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակվում են։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով։

Տրանսպորտային կապերի վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայությունը։ Ադրբեջանցի պաշտոնյան «թեթևակի շտկել» է փաստաթուղթը՝ «անխոչընդոտ» բառը դարձնելով «օպտիմալ»՝ հստակ ակնարկելով տխրահռչակ «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Փաստաթղթում «միջանցքի» և «օպտիմալ» երթուղու մասին խոսք չկա։

News.am