Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ. «ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԵՆՔԵՐԻ» ԳՆՄԱՆ ԽՈՍՈՒՅԹԸ ՈՉ ԹԵ ԲԱՆԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ Է, ԱՅԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԹՈՒԼԱՑՄԱՆ

Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.

«Դե-ֆակտո իշխանությունները ստում են ժամանակակից զենքերի մասին.

Թշնամական քարոզչության ծուղակներից մեկն էլ «ժամանակակից զենքերի» թեման է և դրա արհեստածին հակադրումը ռուսական զենքերին։ Նախ՝ ռուսական զենք չի նշանակում ոչ ժամանակակից զենք, և երկրորդ՝ խնդիրն ավելի այդ չէ ու այլ տեղում է։

Հարցն այս է՝ «զենք՝ հանուն ինչի՞»։ Զենք գնելուց առաջ մարտական խնդիր է դրվում։ Ի՞նչ խնդիր պետք է լուծի այդ զենքը։ Այդ խնդիրը դրվում է՝ ըստ պետության քաղաքական ուղեգծի։ Եթե քաղաքական ուղեգիծը ՀՀ-ի վիլայեթացումն է, ուրեմն զենքի գնումների շուրջ խոսույթն էլ զուտ այդ նպատակին ծառայող միջոց է՝ վիլայեթացում «չերեզ» հակառուսականություն։

Իսկ եթե զենքերի խնդիրն առնվազն պլան-մինիմումն ապահովելն է՝ ՀՀ մնացած տարածքի ինքնապաշտպանությունը, ապա եղած զենքերը նույնիսկ չեն գործածվում այդ նպատակով, ո՞վ ասաց, որ նորերն են գործածվելու։ Ի՞նչն է խանգարում «Սկադով» կամ «Իսկանդերով» հարվածելու ադրբեջանական՝ Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված հրետանային նորակառույց զորամասերին, ԱԹՍ-ների կենտրոնացման վայրերին և այլն։ Վա՞խը, որ պատասխան հարված կլինի։ Բա հնդկական ու այլ «էկզոտիկ» զենքեր կիրառելու դեպքում պատասխան հարվածի վախը կորելո՞ւ է։ Իհարկե, չի կորելու։

Հետևաբար՝ «ժամանակակից զենքերի» գնման խոսույթը ոչ թե բանակի զարգացման մասին է, այլ Հայաստանի հետևողական թուլացման և դաշնակցազրկման, որ կատարվում է ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների ձեռամբ»։

Panorama.am