ՄԱՐԴ-ԱՐԾԻՎԸ
Ո՞վ է ամենազիլ պետական գործիչը ԱՊՀ տարածքում ու նրա սահմաններից դուրս: Ծիծաղելի հարց է։ Իհարկե՝ Նիկոլ Վովայի Փաշինյա՛նը. երկու կարծիք լինել չի կարող։ Ո՞րն է ամենազիլ քաղաքական թիմը ԱՊՀ տարածքում ու նրա սահմաններից դուրս: «Քաղաքացիական պայմանագիրը». այլ կարծիք լինել չի կարող։
Ինչպե՜ս պաշտպանեցին նրանք երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու Արցախի ինքնորոշման իրավունքը՝ արգելելով Զատուլինի և Սիմոնյանի մուտքը Հայաստան։ Դե, ուրիշ ո՞վ կարող էր այդպիսի սխրանք գործել՝ ի փառս հայ ժողովրդի։
Իհարկե՝ ոչ ոք։ Որովհետև, եթե լուրջ խոսենք, ապա Զատուլինին ու Սիմոնյանին Հայաստան մտնել արգելելու որոշման մեջ ամփոված է Փաշինյանի ու իր թիմի ողջ էությունը։ Ոչ, խոսքը հակառուսական միտման մասին չէ, ոչ էլ «Ռուսաստանի հետ հարաբերություններին դավաճանելու», ինչպես ասվում է Լազարյան ակումբի խորհրդի հայտարարության մեջ։ Այդ առումով ամեն ինչ պարզ է. կա պատվեր, կա կանխավճար և մեծ բոնուսների խոստում, ուստի այդ ամենը ստանալու համար պետք է ջանալ: Խոսքը Փաշինյանի ու իր թիմի ներքին բովանդակության մասին է. համատարած պոպուլիզմ, ոչ ավելին։ Եվ հասկանալի է, որ չնայած պատվերներին, կանխավճարներին ու մեծ բոնուսների խոստմանը, չի կարող որևէ իրական նվաճում լինել այն պետության կողմից, որը կառավարում են հավակնոտ դատարկախոսները:
Եթե լսես Փաշինյանին, ինքը սուպերմեն է։ Ահավասիկ խորհրդարանի վերջին նիստում էլ արծիվ էր կտրել։ Բաքվի և Ստեփանակերտի ուղիղ բանակցությունների մասին էր խոսում։ Եվ այն մասին, որ, իհարկե, ինքը՝ Փաշինյանը, Պուտինի առաջ կդնի այն հարցերը, որոնք իր՝ Փաշինյանի մոտ կուտակվել են։
«Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա մարտին ադրբեջանական զինուժը ներխուժել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի։ Չեմ թաքցրել, որ մեզ այդքան էլ հասկանալի չէ խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը»,- հայտարարեց Փաշինյանը իր պատգամավորներին։
«Ի հեճուկս եռակողմ աշխատանքային խմբում ձեռք բերված պայմանավորվածությունների՝ ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում։ Ընդ որում՝ ոչ միայն ադրբեջանական կողմից. ռուսական կողմում էլ ինչ-որ անհասկանալի մարդիկ կան, որ փորձում են էդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի, արտգործնախարարի և փոխվարչապետի կողմից արված հայտարարությունների, ստորագրած փաստաթղթերի»,- ասում է Փաշինյանը:
«Հայկական կողմն ասել է, որ պետք է անվտանգության մեխանիզմները ստեղծել, հետո միայն խոսել դելիմիտացիայի գործընթացի մեկնարկի մասին: Այն ժամանակ մեր մի շարք գործընկերներ, այդ թվում Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները, ասում էին, որ դելիմիտացիայի հանձնաժողովի գործունեությունը ինքնին անվտանգության մեխանիզմ կլինի։ Մենք էն ժամանակ չէինք կիսում էդ տեսակետը, բայց նաև որոշեցինք ճկունություն ցուցաբերել՝ փակուղի չմտցնելու համար գործընթացը, և գնալ այդ քայլին։ Սակայն դելիմիտացիայի հանձնաժողովը ձևավորելուց հետո եղավ 2022թ. սեպտեմբերի 13-ի ագրեսիան։ Ինձ համար անհասկանալի է, որ այն գործընկերները, ովքեր ասում էին, որ դելիմիտացիայի հանձնաժողովի ձևավորումն անվտանգության մեխանիզմ է, սեպտեմբերի 13-ի ագրեսիայի նկատմամբ մինչև օրս հստակ քաղաքական դիրքորոշում չեն արտահայտել», - ասաց Փաշինյանը։
Ահա այսպես արծիվ էր կտրել մեր վարչապետը խորհրդարանում, որպեսզի ոչ մեկի մոտ կասկած չմնա. ըստ էության, հենց դրա համար է ինքը գնում Սոչի, որպեսզի ներկայացնի այդ ամենը ՌԴ նախագահին. և՛ սահմանազատման, և՛ Արցախում խաղաղապահների, և՛ «միջանցքի» վերաբերյալ, որի մասին այնտեղ ինչ-որ բան են դուրս տալիս «անհասկանալի մարդիկ»…
Դե, տեսնենք, Սոչին սարերի հետևում չէ. հոկտեմբերի 31։ Զատուլինի և Սիմոնյանի հարցերը Փաշինյան «լուծեց», մնացել են կատարյալ մանրուքներ. հեռացնել ադրբեջանցիներին Հայաստանի տարածքից, ապաօկուպացնել Լեռնային Ղարաբաղը և կյանքի կոչել կարգախոսը. Արցախը Հայաստան է, և վերջ։