ՊՈՒՏԻՆ․ ԱՄՆ-Ի ՏԱՐԲԵՐԱԿԸ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ
Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է պայմանավորվել Ադրբեջանի հետ և նրան փոխանցել հինգ շրջան։ Ընդ որում ՝ Ղարաբաղի հետ կապի համար թողնել երկու խոշոր շրջան (Քելբաջարի և Լաչինի,– խմբ.) ։ Այս մասին այսօրր Վալդայ ակումբի լիագումար նիստում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հայաստանը փաստացի վերահսկում էր Ադրբեջանի յոթ շրջանները։ Մենք ասում էինք՝ եկեք շարժվենք հարաբերությունների կարգավորման հետևյալ ուղղությամբ` կա երկու շրջան՝ Քելբաջարի և Հարավի (ենթադրաբար խոսքը Լաչինի մասին է, - խմբ.), ինչ- որ փուլում պայմանավորվենք ադրբեջանական կողմի հետ՝ տալ այդ հինգ շրջանները։ Անիմաստ է, նրանք դատարկ են, մարդիկ գնացել են, փաստացի դուրս են եկել այդ տարածքից։ Ինչո՞ւ պահել դրանք»,- ասել է Պուտինը։
Նա նշել է, որ Ղարաբաղի հետ կապի համար երկու հսկայական շրջանը բավական էր։ ՌԴ նախագահի կարծիքով` դա կլիներ արդար, կվերադառնային փախստականները։ Դա կլիներ տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու լավ քայլ։
«Հայկական ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես հայտնի է` դա հանգեցրեց այն իրավիճակին, որն այսօր ստեղծվել է։ Այժմ քննարկվում է կարգավորման և խաղաղության պայմանագրի հարցը»,–ասել է Պուտինը։
Խաղաղության պայմանագիրը, իհարկե, անհրաժեշտ է: Եվ Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորմանը և սահմանային հարցի լուծմանը,- ասել է ՌԴ նախագահը։
«Հարցը` որ տարբերակն ընտրել, Հայաստանի և հայ ժողովրդի, Հայաստանի ղեկավարության գործն է։ Ամեն դեպքում` ինչ տարբերակ էլ լինի, որը կհանգեցնի խաղաղության, մենք դրան կողմ ենք միայն, բայց մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ինչ-որ բան թելադրել»,-ասել ՌԴ ղեկավարը։
Հայաստանին առաջարկվող Վաշինգտոնի տարբերակը, Պուտինի կարծիքով, ենթադրում է Ղարաբաղի ինքնիշխանության ճանաչում Ադրբեջանի կազմում։
«Եթե Հայաստանն այդպես է կարծում, խնդրեմ։ Մենք աջակցում ենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Եթե Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները և դրանք պետք է քննարկել, ապա դա նույնպես հնարավոր է, բայց պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ, որպեսզի ընդունելի լինեն նաև մյուս կողմի համար։ Դա բարդ և ծանր հարց է, բայց Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է»,-ասել է նա։
ՌԴ նախագահը նշել է, որ հաշվի առնելով նաև Ադրբեջանի շահերը, առաջնորդվելու են նրանով, թե ինչ կառաջարկի հենց Հայաստանը։
Sputnik Արմենիայի նյութերով