ԹՇՆԱՄՈՒԴ ԿԱՐՈՂ ԵՍ ՍԻՐԵԼ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ԻՐԵՆ ԶՍՊԱԾ ԵՍ ՊԱՀՈՒՄ
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում անդրադարձել է հոգևորականի առաքելության, համացանցի միջոցով մարդկանց պատգամներ փոխանցելու, Աստծո` «Սիրիր թշնամուդ» պատվիրանի մասին։
-Սրբազան հայր, Դուք այն ճանաչված հոգևորականներից եք, որ բավականին ակտիվ է սոցցացներում, հատկապես որոշ ժամանցային հարթակներում։ Հաշվի առնելով, որ եկեղեցին բավականին պահպանողական կառույց է, ինչպե՞ս է Ձեր սոցցանցային ակտիվությունն ընկալվում եկեղեցու կողմից։
- Մենք ինքնախաբեությամբ չպետք է զբաղվենք` մտածելով, որ այսօր միայն անձնական հարաբերությունների կամ ֆիզիկական շփման միջոցով է, որ մենք կարողանում ենք ուղերձներ և պատգամները փոխանցել։ Մարդկության մեծամասնությունը բնակվում է սոցցանցերում, և մենք, ինչպես մարդկանց տներն եք այցելում քարոզով, փորձելով մեր ժողովրդին գտնել իրենց բնակավայրերում, սա էլ մի գործիք է, որը բարին է գործադրում` փորձելով ուղերձներն ու պատգամները փոխանցել այդ ճանապարհով։ Այսօրվա աշխարհն իր պարտադրանքներն ունի, և մենք պետք է ենթարկվենք դրան և օգտագործենք բոլոր հնարավորությունները։ Հիմա ուրախ եմ, որ տարբեր հոգևորականներ օգտագործում են, օրինակ, «Tik Tok»-ն է։ Որքան շատ լցվի այդ հարթակը բարիքով, սիրով, գաղափարներով, արժեքներով, այդքան կնվազեն այն միտումները, որոնք հատկապես այդ հարթակներով փոխանցվում են մեր կյանք։
-Համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ Դուք պատգամով դիմում եք մարդկանց` չվախենալ։ Քրիստոնյան ի՞նչ քայլերի պետք է դիմի, երբ իրեն վախն է պատում։
-Քրիստոնյայի համար վախ գոյություն չունի։ Դա կարծես նաև չափման միավոր լինի։ Ուր որ սերն է, այնտեղ վախ չկա, երկյուղ չկա։ Քրիստոնեությունն ունի երկու կարևոր արժեք, որի շուրջ է ամեն ինչ ծավալվում` սեր և անմահության գաղափարը։ Սերը վերացնում է վախը։ Եթե սիրում ես հայրենիքը, Աստծուն, այնտեղ վախ չի կարող լինել։ Սիրո մեջ գտնվող մարդը վախի մեջ չի կարող լինել։ Իսկ անմահությունը... Յուրաքանչյուր մարդ կոչված է մահկանացու լինելու, մենք վախենում ենք մահվան գաղափարից, բայց դա ամենահարազատն է, մեզ հետ ամեն վայրկյան ու ամեն տեղ ապրողն է։ Դա մեր կյանքից ավելի ճշմարիտ է և անփոփոխ։ Մեր երկրի եռաբլուրներում մահվան մեջ ապրող մարդիկ չեն, նրանք անմահության մեջ ապրող մարդիկ են, անմահությունը հագած մարդիկ են, այլապես չէին գնա այդ սխրանքի և հզորության ճանապարհով։ Վախն իրենց էլ կարող էր փախցնել առաջնագծից տարբեր ուղղություններով։ Վախենալ ոչնչից պետք չէ։
Եռաբլուրը, դժբախտաբար, երկու մասի է բաժանված, բայց դա երբեք չի նվազեցնում Եռաբլուրում հանգչող մեր սիրելի հերոսների սխրանքը։ Իրականությունը հետևյալն է` Եռաբլուրի մի հատվածում անհատներից պետականություն ենք դարձել, մյուս հատվածում` պետականությունից վերածվել անհատների կենսագրության։ Իրենք հաղթել են, մենք մնացել ենք այդ պարտության պարտքի տակ։ Այդ տղաներին մենք վարձահատույց կարող ենք լինել` իրենց հայրենիք վերադարձնելով։
-Վերջին ժամանակներում շատ է մեկնաբանվում Աստծո պատվիրաններից մեկը` «սիրիր թշնամուդ»։ Ասում են` հայ ազգը միակն է, որ ուղղակիորեն ընդունել է Աստծո այդ պատգամը։
-27 տարի հոգևոր ծառայության մեջ լինելով` միայն այս օրերին եմ ուղղակի զգացել, խորքով ապրել այն, ինչ մեր տերը մեզ ասում է` «Սիրիր թշնամուդ, և թող ոչ ոք և ոչինչ ձեր ուրախությունը չգողանա»։
Այսօր մենք ապրում ենք անսեր և գողացված ուրախության ժամանակներում, երբ ուրախությունդ գնում է, և հոգիդ սնունդ չունի, և դատարկվում ես ամբողջությամբ, ուղղությունդ ես կորցնում և չգիտես` ինչի մեջ ես ապրում և ինչ պետք է անես։
Թշնամուդ կարող ես սիրել այն ժամանակ, երբ դու իրեն միշտ զսպած ես պահում, երբ դու իրեն պարտադրում ես այդ սերը քո կողմից` այնքան ուժեղ ես և զորավոր, որ նույնիսկ սիրել–չսիրելու կարիքն էլ չունես։ Դա պարտադրանքով է լինում, ստիպելով է լինում, և դա թույլերի և խեղճերի գործ չէ։
-Այսօր մենք ո՞ր կարգավիճակում ենք։
-Մենք այսօր նվաստի և ստորացված լինելու կարգավիճակում ենք։ Եվ այդ հանգամանքով փորձել սիրել թշնամուն` անպատասխան սիրո պատմություն կլինի, եթե չասեմ` մորթվելու պատմություն։ Այո՛, սերը նաև պարտադրանքով է լինում։ Մեր Տերն էլ իր խաչելության պարտադրանքով ցույց տվեց իր սերը։ Երբեք որևէ զիջումի չգնաց, այլ իր սահմանած նպատակի համար գնաց մինչև վերջին աստիճանը և այդպիսով պարտադրեց, և չուշացավ իր հարության հաղթանակը։ Դա սիրո պատմություն էր, բայց երբեք խեղճի, թշվառի, հանձնվածի ու խնդրողի պատմություն չէր, այլ պահանջողի, թելադրողի. Սա է սիրելը թշնամուդ։ Իսկ մարդիկ մեկնաբանում են իրենց հարմարեցնելով։
-Եկեղեցին մշտապես իր կարևորագույն դերն է ունեցել հայոց պատմության ճանապարհին, դարեր շարունակ պետականության բացակայության պայմաններում ստանձնել է առաջնորդի առաքելությունը։ Ի՞նչ եք կարծում` չի՞ հասունացել պահը` կրկնելու պատմությունը։
–Եկեղեցին այնքանով, որքանով պահանջված է լինելու, իր առաքելությունը կկատարի։ Եթե հասունանում է պահը առաջնորդությունը ստանձնելու, ես առավել համոզված եմ, որ դա տեղի կունենա, թեպետ կուզեի` այդպես չլիներ։ Եկեղեցին երկուհազարամյա պատմության ընթացքում շատ հաճախ ակամայից է ստիպված եղել պետականությունը կրելու, փորձելու իր ֆիզիկական հայրենիքի վրա պահպանել ու փայփայել ժողովրդին` երազում տեսիլք ունենալով, որ մի օր այդ ֆիզիկական հայրենիքի վրա կկառուցվի նաև իր պետականությունը։ Որքան էլ այսօր կամ ընդհանրապես վերջին ժամանակներում փորձում են տարբեր իմաստներով հարվածել և եկեղեցին համարել պետականաքանդ, կա՛մ միտումնավոր են անում, կա՛մ լավ չգիտեն, կա՛մ մենք ենք թերացել։ Սահակ Պարթևի խոսքը` «ես չեմ կարող իմ հիվանդ գառնուկին փոխել առողջ գայլի հետ, որի գոյությունն արդեն իսկ սպառնալիք է մեզ համար», բանաձև է, որը կարմիր թելով որպես գործողություն անցնում է բոլոր ժամանակներով։ Եկեղեցին միշտ է մտածել ազգի թե՛ հոգևոր, թե՛ ֆիզիկական անվտանգության և զարգացման մասին։ Այո՛, վնասել է եկեղեցին իր բուն առաքելությունը, բայց կարողացել է ֆիզիկական գոյությունը պահպանելով` հասցնել 21–րդ դար և կանգուն մնալ։
-Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք, որ հոգևոր Հայաստանը պարտվեց «նոր Հայաստանին», ինչո՞ւմն էր թուլությունը։
-Հոգևոր Հայաստանն այն բարձր արժեքներն են, որտեղ մարդը լայն իմաստով իր կոչման համաձայն աստվածային դառնալու ճանապարհի մեջ է մտնում, չի վախենում սիրելուց և զոհաբերվելուց։ Հոգևոր Հայաստանն այնտեղ է, որտեղ հայրենիք ես սիրում, որտեղ քո հայրենիքը քեզ համար միայն բնակավայր, արոտավայր կամ սուպերմարկետ դառնալու միջավայր չէ, այլ սրաբազան իրականություն, որքան էլ այն ծաղրեն։ Ցավալիորեն «Նոր Հայաստանում կա գերադրական աստիճանի ատելություն, թշնամություն, հպարտություն` հպարտ քաղաքացիներից կազմված, որի տակ ոչինչ չկա դատարկությունից բացի։ Աստված մարդուն մեկ բերանով և երկու ականջով է ստեղծել` շատ լսելու և քիչ խոսելու, բայց այսօրվա ժամանակաշրջանում մարդն ավելի շատ բերանով է մտածում։ Այսպիսին է «նոր Հայաստանը»։ Ասել եմ` հոգևոր Հայաստանը պարտվել է «նոր Հայաստանին», որովհետև մենք պարտվել ենք մեղքին, որովհետև իրական Հայաստանը պարտվել է ֆեյսբուքյան Հայաստանին, որովհետև տաճարը պարտվել է փողոցին, ճշմարտությունը` ստին, հոգին` «դուխին», իսկ ես ասում եմ, որ հոգևոր Հայաստանը պետք է հաղթի «նոր Հայաստանին»։
Դա ոչ միայն ցանկություն է, այլ նաև անհրաժեշտություն և պարտադրանք։