Անդրանիկ ՄԻՀՐԱՆՅԱՆ․ ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՈՒԾԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Եթե Մոսկվան և Ստեփանակերտը պայմանավորվեն, կարող են առանց Հայաստանի լուծել Ղարաբաղի կարգավիճակը։ Այս մասին Լազարյան ակումբի նիստում ասել է քաղաքագետ, ՄԳԻՄՕ պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը։
Նա հիշեցրել է, որ պատերազմից հետո երկու տարի շարունակ Ալիևն անընդհատ ասում է, որ Ղարաբաղի հարց չկա, այն, իբր, փակված է։
«Պատերազմից հետո Պուտինը կոկիկ ձևով ասաց՝ որպեսզի ղարաբաղցիները վերադառնան և ապրեն Ղարաբաղում, պետք է պաշտպանված զգան։ Պուտինը հիշեցրել է նաև Հարավային Օսիայի և Աբխազիայի պատմությունը։ Մինչև իրենց կարգավիճակը չեն ստացել, նրանք անվտանգության զգացում չեն ունեցել։
Դրանից հետո ռուսական դիվանագիտությունը գործնականում Ալիևին իր տեղը չի դրել և չի ասել՝ տղա, ինչպե՞ս չկա խնդիրը, եթե 30 տարի քո հայրը, դու և մնացածը բանակցել եք»,-ընդգծել է Միհրանյանը։
Նրա խոսքով, Հայաստանի նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ Լավրովը որոշ դեպքերում, ինչ-որ ձևով նաև կարծիք է հայտնել, որ Ղարաբաղի կարգավիճակի թեման Ռուսաստանի համար փակ չէ։
«Բայց այս ամենը երբեք հաստատապես չի ասվել, ինչպես երեկ ասաց Ռուսաստանի նախագահը։
Ես կարծում եմ, որ ռուս խաղաղապահների մուտքը դանակ էր Փաշինյանի և նրա թիմի մեջքին, քանի որ նրանք արդեն 20 տարի ասում են, որ Ղարաբաղը բեռ է, բալաստ, որը պետք է գցել։
Հայաստանի իշխանությունը նման դիրքորոշում ունի՞, որ մենք հանձնում ենք Ղարաբաղը, սա մեր հողը չէ։ Դա արտահայտվե՞լ է հայ հասարակության կողմից։
Երբ Ռուսաստանի նախագահն ուզում էր անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ՀՀ վարչապետն անձամբ ասաց՝ ինչպե՞ս կարող էի կանգնեցնել, այդ ժամանակ ինձ պաշտոնանկ կանեին, և շատ մարդիկ կսպանվեին, կխորանար վախը հայ հասարակության շրջանում, և որպեսզի հայ հասարակությունը չմնար վախի գերության մեջ, պատրաստ էր ցանկացած հրեշավոր գործողության»,-ընդգծել է քաղաքագետը։
Նա պարզաբանել է, որ հայկական լրատվամիջոցներում անընդհատ հանդիպում է այսպես կոչված քաղաքագետների պնդումներին, որոնք ասում են, թե իրենք Հայաստանի իշխանությունների մտերիմ մարդիկ են, և անընդհատ քարոզում են այն միտքը, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում 2020 թվականից հետո, արդյունք է Հայաստանը մասնատելու՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի դավադրության։
«Սա Հայաստանի իշխանության պաշտոնական դիրքորոշումն է։
Սա՞ է պատճառը, որ հայերն իրենց անապահով են զգում, և այսօր հայաստանյան քաղաքականության վեկտորում պարադիգմային փոփոխություն է նկատվում։ 200 տարի կարծում էին, որ ամեն ինչ լավ էր, երբ Ռուսաստանի հետ էինք, իսկ հիմա այնպիսի մեկնություն կա, թե 200 տարի ամեն ինչ վատ էր, ինչ կապված էր Ռուսաստանի հետ, շարունակական պարտություններ ու կորուստներ, իսկ հիմա կգան ԱՄՆ-ն ու Եվրոպան ու ամեն ինչ կփոխեն և կերաշխավորեն Հայաստանի անվտանգությունը։ Կա՞ պատկերացում, թե դա ինչ է նշանակում և ինչ հետևանքներ կարող է ունենալ»,-եզրափակել է փորձագետը։