ՀԵՐՈՍԻ ԿԵՐՊԱՐԻ «ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ»
Ինչու՞ չհանրայնացվեցին 44-օրյայի հերոսների անունները
Արցախյան Երրորդ պատերազմի ժամանակ` 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, վիրավոր հայ զինծառայող Գոռ Այվազյանը նռնակով պայթեցրել է ինքն իրեն և մոտեցող հակառակորդի զինվորներին։ 2021 թվականի փետրվարի 17-ին նրան նույնականացրեցին ԴՆԹ-ի միջոցով։ Գոռի աճյունից բացակայում էին աջ ձեռքն ու գլուխը, մեջքն ու ոտքերը մաղ էին հիշեցնում, հարազատները նրան ճանաչել էին հագուստով և անձնական իրերով։ Նա նախապես հեռախոսով զանգահարել էր ընկերոջը և պատմել իրավիճակի և իր մտադրության մասին։
Գոռն իրեն պահեց ճիշտ այնպես, ինչպես Ռոբերտ Աբաջյանը 2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Բայց եթե Ռոբերտը դարձավ հայկական բանակի և Ապրիլյան պատերազմի դեմքը, ապա Արցախյան Երրորդ պատերազմի հերոսների անունները, որոնցից մեկը Գոռն է, ըստ էության հայտնի չեն հանրությանը։ Որոշ չափով պատերազմի դեմքը դարձավ Ալբերտ Հովհաննիսյանը։
Ո՞վ է հիմա հիշում հայ զինվորների խմբին (Արսեն Այվազյան, Դավիթ Սահակյան, Նիկոլայ Ստեփանյան, Արթուր Հարությունյան, Արման Արգամանյան, Ռուսլան Թումանյան), որը 70 օր գտնվել են ադրբեջանական զորքերի թիկունքում՝ Հադրութի անտառներում, սառել, սովատանջ եղել, բայց դիմացել և ի վերջո հասել է մերոնց՝ հյուծված, ցրտահարված, բայց ոչ կոտրված: Ո՞վ է հիշում, թե ինչպես նույն Հադրութի անտառներում շրջապատվածների մեկ այլ խումբ՝ մնալով առանց սննդի հարձակվեց ադրբեջանական դիրքի վրա և զոհվեց։ Այս տղաներն էլ չհանձնվեցին՝ գնացին վերջին ճակատամարտին։
Ինչու՞ Տարոն Անդրեասյանը, որ միայնակ դուրս եկավ ադրբեջանական ռազմական շարասյան դեմ, հրաժարվեց հանձնվել, մարտի դուրս եկավ և զոհվեց չդարձավ Արցախյան երրորդ պատերազմի դեմքը… Որովհետև պետական լրատվամիջոցները դրա մասին չեն խոսում։
Ինչպիսի՞ն է եղել հայկական բանակի պատկերը 1994-2018թթ
Այն հաղթանակած բանակ էր, և հենց այդպիսինն էր նրա կերպարը՝ կերտված թե՛ իր անցյալով, թե՛ իշխանությունների տեղեկատվական քաղաքականությամբ։ Իսկապես, հայկական զորքերը 1991-1994 թթ. ամենածանր պատերազմում ջախջախեցին ադրբեջանական բանակին։
Արցախյան առաջին պատերազմի ժամանակ (1991-1994 թթ.) Ադրբեջանն ուներ կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի բազմակի առավելություն, Թուրքիայից ռազմաքաղաքական և տնտեսական աջակցություն, հազարավոր վարձկաններ՝ Աֆղանստանից, Չեչնիայից, Թուրքիայից, նախկին խորհրդային բանակի զինվորականներ։ Արցախը շրջափակված էր, ցամաքային կապ չուներ Հայաստանի հետ, Հայաստանն ինքը խեղդվում էր շրջափակման մեջ։
Հայկական բանակը (Արցախի պաշտպանության բանակը և ՀՀ զինված ուժերը) հաղթել է այս դժվարին պայմաններում, Արցախի տարածքը հռչակված 5050 քառ. կմ-ի փոխարեն փաստացի կազմել է 11700 քառ. կմ, հայկական կողմի մարտիկների կորուստները գրեթե 5 անգամ ավելի քիչ է եղել, քան ադրբեջանական կողմում։ 1994 թ.-ի մայիսին Ադրբեջանը ստիպված եղավ եռակողմ հրադադարի պայմանագիր կնքել Հայաստանի և Արցախի հետ։
Պատերազմից հետո բանակում բարեփոխումներ էին իրականացվում, ոչ մարտական պայմաններում մահացությունների թիվը կտրուկ նվազել էր, իսկ առաջնագծում ռազմական բախումների ժամանակ հայ մարտիկներն անփոփոխ կերպով հաղթանակած էին դուրս գալիս։ Մինչև 2016 թ. Ադրբեջանը, մոտ 25 մլրդ դոլարի ներդրում կատարելով բանակում, կարծում էր, որ բավականաչափ ուժ է կուտակել Արցախյան հակամարտությունը ուժային ճանապարհով լուծելու համար։ Սակայն 4-օրյա ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ այդ հույսերն իրատեսական չեն։ Ռազմական գործողությունների արդեն երկրորդ օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինադադարի առաջարկ արեց։
Հայոց բանակի կերպարն ու դեմքը Ապրիլյան պատերազմի հերոս, ժամկետային զինծառայող Ռոբերտ Աբաջյանն էր, որն ընկերների մահից հետո միայնակ մնալով` նռնակով պայթեցրել է իրեն ու մոտեցող թշնամիներին։ Հեռախոսով խոսելով սպաներից մեկի հետ՝ նա հայհոյել է նրանց, ովքեր կհանձնեն իր դիրքերը հակառակորդին կամ չեն ազատագրի այն։ Մեկ ժամվա ընթացքում հայ մարտիկներն ազատագրեցին Աբաջյանի դիրքը, որտեղ զոհվել էին Ապրիլյան պատերազմի մյուս հերոսները՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանը, ազգությամբ եզդի ժամկետային զինծառայող Քյարամ Սլոյանը, գնդացրորդ Անդրանիկ Զոհրաբյանն ու մյուս մարտիկները, որոնք չնահանջեցին, չհանձնվեցին, այլ նույնիսկ կյանքի գնով պահեցին իրենց դիրքերը։ Որովհետև հասկացան, որ նահանջելով նրանք կդավաճանեն իրենց ընկերներին, որոնք կզոհվեն իրենց փոխարեն։
Հենց այս մարտիկներն էին հայկական բանակի կերպարը` ի դեմս Ռոբերտ Աբաջյանի: Իսկապես, ընդհանուր առմամբ, ամբողջ բանակը մահվանը պատրաստ կանգնած էր, նրանց միացան հազարավոր կամավորներ միացան նրանց, և թշնամին հետ շպրտվեց:
Ինչպե՞ս էին Հայաստանի դե ֆակտո իշխանությունները վերաբերվում բանակին, երբ դեռ ընդդիմադիր էին, և ի՞նչ կերպար ստեղծեցին
Նրանց համար բանակը կազմված էր կոռումպացված գեներալներից, ղարաբաղցիներից ու հայաստանցիներից, սպաներից, որոնք խոշտանգում են զինվորներին, և զինվորներից, որոնք չեն ցանկանում ծառայել։ Լինելով ընդդիմադիր՝ նրանք ջանք ու եռանդ չխնայեցին հայկական բանակի մասին բացասական իմիջ ստեղծելու համար։ Ի վերջո, գալով իշխանության՝ հայտարարեցին, որ մեր մարտիկները զոհվել են «հանուն ոչնչի», մասնավորապես, այս մասին հայտարարեց դե-ֆակտո վարչապետ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։ Իշխող թիմի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սասուն Միքայելյանը, որը հետագայում նշանակվեց ԵԿՄ նախագահ, հայտարարեց, որ «հեղափոխությունն» ավելի կարևոր է, քան Արցախյան պատերազմում հաղթանակը և այլն։
Ինչպե՞ս են այժմ Հայաստանի փաստացի իշխանությունները վերաբերվում բանակին և ի՞նչ կերպար է ստեղծվում
44-օրյա պատերազմից հետո մեր գերի ընկած մարտիկների կերպարը գնալով ավելի է տարածվում։ Հարկ է նշել, որ դե-ֆակտո իշխանությունները հիմք են ընդունել Ադրբեջանի մատնանշած հայ ռազմագերիների թիվը՝ 38, մինչդեռ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը բոլորովին այլ թիվ է նշում՝ 119 մարդ։ Սա ցույց է տալիս, որ դե-ֆակտո իշխանությունները հանրայնացնում են գերիների կերպարը ոչ թե այն պատճառով, որ մտահոգված են այդ տղաների ճակատագրով, այլ որովհետև նրանք փոխում են բանակի մասին ընկալումը։ Քարոզչությունն ուղղված է այն կարծիքի ձևավորմանը, որ Ադրբեջանին և Թուրքիային դիմադրությունը հավասարազոր է պարտության, մահվան, գերության և կապիտուլյացիայի և ոչ հաղթանակի, ինչպես նախկինում էր։
Ինչու՞ են դե-ֆակտո իշխանություններն օգտագործում ոչ թե հերոսների կերպարները, այլ «փիառ» են անում գերիներին
Դե-ֆակտո իշխանությունների «խաղաղության օրակարգը», ավելի մանրամասն ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է դառնում, որ այն հանձնման օրակարգ է։ Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն ամբողջությամբ հրաժարվում են Արցախի անվտանգությունն ապահովելուց, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումանն ու դատապարտմանը հետամուտ լինելուց։ Ադրբեջանը պահանջում է միջանցք բացել հայկական Սյունիքով դեպի պատմական Հայաստանի մեկ այլ՝ ավելի վաղ օկուպացված հատված՝ Նախիջևան։ Ադրբեջանն ու Թուրքիան հավակնություններ են ներկայացնում Հայաստանի տարածքի նկատմամբ և մինչ օրս Հայաստանի տարածքի 40%-ին հավակնող վիրտուալ «հանրապետություններ» են ստեղծում՝ հետապնդելով, բնականաբար, հեռուն գնացող նպատակներ։
Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները հասարակությանը նախապատրաստում են թշնամի պետությունների հետ կապիտուլյացիոն նոր պայմանագրերի, ուստի նրանց պետք չէ հայրենիքի համար մինչև վերջ մարտնչած հերոսների կերպարը, նրանց պետք չէ հաղթողի կերպարը։ Նրանց պարտության խորհրդանիշներ են պետք, ուստի չեն մասսայականացնում հայ զինվորների հերոսությունները։
Ինչպիսի՞ն են բանակն ու հասարակությունն իրականում
Իրականում, հայ հասարակությունը Ադրբեջանին և Թուրքիային համարում է թշնամի պետություններ, չի ընդունում Թուրքիայի հետ ցանկացած գնով սահմանի բացումը, չի ընդունում Արցախի հանձնումը և պատրաստ է պայքարել հանուն հայկական հողերի, հանուն արժանապատիվ ապագայի. այս մասին են վկայում սոցիոլոգիական ուսումնասիրությունները։ Պատերազմի օրերին տասնյակ հազարավոր կամավորներ գնացին հավաքակայաններ, շատ մարդիկ մասնակցեցին կամավորական աշխատանքներին և այլն։ Սա հուշում է, որ հայ ժողովուրդը գիտակցում է վտանգը, կա առողջ արձագանք վտանգի նկատմամբ, կա սեփական երկիրը պաշտպանելու ցանկություն։ Պակասում է միայն այն պետությունը, որը կբարելավի հարաբերությունները դաշնակիցների հետ, հայ զինվորին լիարժեք կապահովի անհրաժեշտ ամեն ինչով և օր ու գիշեր կաշխատի մեր երկրի անվտանգության և արժանապատիվ կյանքի համար։
Կարեն Իգիթյան, կովկասագետ