ՌԴ ՊՆ․ Ուկրաինան 16 օդային և ծովային ԱԹՍ-ներով գրոհել է Սևծովյան նավատորմի նավերը

Ուկրաինան Սևաստոպոլում 16 օդային և ծովային անօդաչուներով գրոհել է Սևծովյան նավատորմի նավերը, օդային բոլոր թիրախները ոչնչացվել են։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

«Այսօր առավոտյան ժամը 4:20–ին կիևյան ռեժիմը ահաբեկչական գործողություն է իրականացրել Սևաստոպոլի տեղակայման կետերի արտաքին և ներքին խարսխակայաններում գտնվող Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի նկատմամբ։ Գրոհին ներգրավված են եղել 9 անօդաչու թռչող սարքեր և 7 ինքնավար ծովային անօդաչուներ։ Սևծովյան նավատորմի նավերի ուժերով ձեռնարկած օպերատիվ միջոցների արդյունքում օդային բոլոր թիրախները ոչնչացվել են»,–տեղեկացնում է ՊՆ-ն։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Սևծովյան նավատորմի` ահաբեկչական գործողությունների գրոհին ենթարկված նավերը ներգրավվել են ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական արտադրանքի դուրսբերման միջազգային նախաձեռնության շրջանակում «պարենային միջանցքի» անվտանգության ապահովմանը։

«Ահաբեկչական գործողության նախապատրաստումն ու ծովային գործողություններին Ուկրաինայի 73-րդ հատուկ կենտրոնի զինծառայողների ուսուցումն իրականացվել է Ուկրաինայի Նիկոլաևի մարզի Օչակով քաղաքում գտնվող բրիտանացի մասնագետների ղեկավարության ներքո»,– հայտարարել է ՌԴ ՊՆ–ն։

Sputnik Արմենիա