ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՓՈՔՐԻԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Ի՞նչ է ասել Պուտինը Վալդայում Հայաստանի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 28-ին Վալդայի ֆորումի շրջանակներում հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Հայաստանի, Արցախյան հիմնահարցի ևտարածաշրջանի այլ հիմնախնդիրներին։ Մասնավորապես, նա խոսել է «խաղաղության պայմանագրի»՝ այսպես կոչված «Վաշինգտոնյան» տարբերակի և դրա այլընտրանքի մասին՝զուգահեռաբար անդրադառնալով Ռուսաստանի նախկին առաջարկներին և տարածաշրջանում խաղաղության վերաբերյալ Ռուսաստանի պատկերացումներին։ «Հայկական ալիքը» ստորև ներկայացնում և կետ առ կետ մեկնաբանում է Պուտինի պնդումները։

«Մենք կարծում ենք, որ դա արդար կլիներ` վերադարձնել փախստականներին և այդպես շարունակ։ Դա շատ լավ քայլ կլիներ տարածաշրջանում ընդհանուր առմամբ իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Սակայն հայկական ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես հայտնի է, դա հանգեցրեց այն իրավիճակին, որն այսօր առկա է»։

Այստեղ հստակ չէ, թե «հայկական ղեկավարություն» ասելով Վլադիմիր Պուտինը նկատի ունի միայն Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ նաև նրան նախորդած իշխանություններին։ Ցանկացած պարագայում հարկ է հստակեցնել, որ ՀՀ նախկին իշխանությունները գնացել են բանակցությունների՝ պատրաստ լինելով փոխզիջման։ Հարկ է շեշտել նաև, որ Ադրբեջանն է եղել թե՛ Քի-Վեսթում, թե՛ Կազանում ելակետային փաստաթղերի ստորագրումից հրաժարվողը։ Ինչ վերաբերվում է ներկայիս ՀՀ դե-ֆակտո իշխանություններին, ում վարած բանակցային քաղաքականությունն ըստ էության ադրբեջանական ագրեսիայի համար անհրաժեշտ casus belli-ներ տրամադրելու և, ինչպես Փաշինյանն ինքն էր որակել «իրեն գժի տեղ դրած» Հայաստանն ու Արցախը պատերազմի տանելու մասին էին, ապա այստեղ ևս պետք է արձանագրել, որ ներկա իրավիճակին հանգեցրեց Հայաստանում 2018 թվականի իշխանազավթման արդյունքում Փաշինյանի և իր թիմի իշխանության ղեկին հայտնվելը և ոչ թե նախորդ իշխանությունների կողմից զիջումների չգնալը։

«Մեր տեսակետն այն է, որ այդ խաղաղության պայմանագիրը, իհարկե, անհրաժեշտ է։ Եվ մենք աջակցում ենք խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանների սահմանազատմանը և սահմանային հարցերի ամբողջական կարգավորմանը։ Մենք դրան կողմ ենք։ Հարցը, թե ո՞ր տարբերակն ընտրել, Հայաստանի, հայ ժողովրդի և հայկական ղեկավարության գործն է։ Եթե այդ տարբերակը կբերի խաղաղության, մենք միայն կողմ ենք։ Բայց մենք չենք պատրաստվում որևէ բան պարտադրել։ Մենք չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին որևէ բան թելադրել։ Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կարծում է, որ պետք է ընտրել այդ խաղաղության պայմանագրի ինչ-որ կոնկրետ տարբերակ, այսպես կոչված՝ «վաշինգտոնյանը», ինչքանով ես հասկանում եմ այն ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ամբողջական սուվերենության ճանաչում, ապա եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։»

Այն, որ տարածաշրջանում կայունությունն ու գործընկերային հարաբերություններն Ադրբեջանի հետ կարևոր են Ռուսաստանի համար, հարկ է հասկանալ և նկատի ունենալ Պուտինի պնդումները վերլուծելիս։ Տարածաշրջանի կայունությունը այժմ նաև խիստ կարևոր է Ուկրաինայում պատերազմի համատեքստում՝ Կովկասյան ճակատում հավելյալ խնդիրներ չունենալու համար։ Նաև դրանով է պայմանավորված ամեն անգամ Ուկրաինայում Ռուսաստանի դիրքերի որոշակի թուլացմանը զուգընթաց Ադրբեջանի աճող ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ։ Սակայն արդյո՞ք Ռուսաստանն իրոք կարծում է, որ վերահսկում է իրավիճակն այնքան, որ թույլ տա «վաշինգտոնյան» տարբերակի ստորագրում, ինչն ինքնին ենթադրում է արևմտյան ազդեցության կտրուկ աճ տարածաշրջանում և փաստացի ռուսականի դուրսմղում։ Ամենայն հավանականությամբ` ոչ։ Ըստ այդմ, կարևոր է նկատել, որ հայ ժողովուրդն ու Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որոնք որպես երկու առանձին սուբյեկտներ նշվում են Պուտինի խոսքում, ունեն խիստ տարբեր տեսլականներ։ Եթե ՀՀ դե-դակտո իշխանությունները պատրաստ են «վաշինգտոնյան» կամ մեկ այլ տարբերակով Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ապա հայ ժողովուրդը, ըստ սոցհարցումների ճնշող մեծամասնության, դեմ է նման սցենարին։ Ավելին, ՀՀ դե-ֆակտո իշխանությունների նախըտնրական խոստումները՝ Արցախի ինքնորոշմանն ամեն կերպ աջակցելու և Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի հարց բարձրացնելու մասին ևս հակասում են այս սցենարին։ Գնդակն, ըստ այդմ, հայ ժողովրդի դաշտում է։ Իրականում այն որևէ այլ տեղ երբեք չէր էլ եղել։

«Եթե հայ ժողովուրդն ու Հայաստանի իշխանությունները կարծում են, որ Ղարաբաղն ունի որոշակի առանձնահատկություններ, և պետք է այդ առանձնահատկությունները նկատի ունենալ, քննարկել, դա ևս հնարավոր է։ Բայց, անպայմանորեն, պետք է նաև պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Պետք է, որ այդ պայմանավորվածություններն ընդունելի լինեն նաև մյուս կողմի համար։ Սա շատ դժվար ու ծանր հարց է, Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է, դաշնակիցն է, և մենք, նկատի ունենալով Ադրբեջանի շահերը, կկենտրոնանանք նրա վրա, ինչ կառաջարկի հենց Հայաստանը։»

Ի տարբերություն «վաշինգտոնյան»՝ Արցախը ուղղակիորեն Ադրբեջանի մաս ճանաչող տարբերակի, Պուտինի առաջարկում կա ակնհայտ պատրաստակամություն «քննարկելու, նկատի ունենալու Ղարաբաղի առանձնահատկությունները»։ Սակայն հարկ է նկատել, որ այստեղ ևս գնդակը հայ ժողովրդի դաշտում է։ Վերջինս նախևառաջ պետք է ինքը բարձրաձայնի, որ «առանձնահատկություններ», իսկ ավելի կոնկրետ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հարց կա, այն փակված չէ և այն անտեսող կարգավորման որևէ տարբերակ ընդունելի չէ հայ ժողովրդի համար։ Այս պարագայում բանակցությունների որոշակի դաշտ է բացվում՝ հերթական կապիտուլյացիայի փոխարեն։ Այս ճանապարհի առաջին քայլն, ինչպես բազմիցս նշվել է, բանակցողի փոփոխությունն է, որը նպատակ կդնի ոչ թե Արցախը տալ Ադրբեջանին, այլ հակառակը՝ շարունակել պայքարել Արցախի ինքնորոշման համար։

Կարևոր և նշանակալի է նաև այն փաստը, որ ավանդաբար հայտարարությունների մակարդակում որոշակի հավասարակշռություն պահպանելուն հակված Պուտինը հստակ նշեց, որ կշեռքի նժարը կթեքվի Հայաստանի առաջարկների կողմ։ Սա, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանի ցանկացած առաջարկ կընդունվի։ Սա նշանակում է, որ կա դաշտ բանակցելու, մանևրելու և որևէ բան փոխելու, ինչից օգտվելը այս պահին Հայաստանի համար ունի, առանց որևէ չափազանցության, կենսական նշանակություն։ Այս հայտարարությունը նաև ապացուցում է, որ դե-ֆակտո վարչապետի և նրա վարչախմբի տարածած քարոզն առ այն, որ «միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի հարցում կարգավիճակի նշաձողը» կամ որ «Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել», լիարժեք սուտ է և սեփական քաղաքական նպատակներն արդարացնելու փորձ։

Այս ամենի համատեքստում հարկ ենք համարում նաև մեջբերում անել ՀՀ Արտաքին Գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի՝ սեպտեմբերի 17-ին հրապարակած հոդվածից. «Նոր բանակցողի հայտնվելը ոչ միայն Հայաստանին կազատի այդ կապանքից, այլև կազատի Ռուսաստանի ձեռքերը՝ հապշտապ և ոչ շահեկան լուծումների փոխարեն նոր բանակցային փուլ սկսելու համար։ Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա ակնհայտ է, որ այն Հայաստանի իշխանության վարած քաղաքականության մեջ տեսնում է Ղարաբաղից հրաժարվելու միտումը, դրանում էլ տեսնում է խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհը, որը և կնպաստի Ռուսաստանի ներկայության թուլացմանը և աստիճանական հեռացմանը տարածաշրջանից։»

Վլադիմիր Պուտինի պնդումները զգուշավոր լավատեսությամբ ու առանց ավելորդ ոգևորվածության պետք է ընկալել որպես բանակցային գործընթացում փոքրիկ պատուհանի բացման հնարավորություն՝ չմոռանալով, որ ցանկացած դրական փոփոխություն հնարավոր է միայն նոր բանակցողի առկայության, այսինքն` ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հեռացման պարագայում։

Քնարիկ Ջալաթյան, hayaliq.com