ՎԵՐԵՎՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԵԼ ՆԱԽԿԻՆ ՁԵՎՈՎ, ՆԵՐՔԵՎՆԵՐԸ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԱՊՐԵԼ ՆԱԽԿԻՆ ՁԵՎՈՎ

Վալդայի համաժողովի իր ելույթում Վլադիմիր Պուտինը մեջբերեց դասականին. «Վերևներն այլևս չեն կարողանում կառավարել նախկին ձևով, ներքևները չեն ցանկանում ապրել նախկին ձևով»... Անդրադառնալով Հայաստանում, ինչպեսև աշխարհում տիրող իրավիճակին, մեջբերենք նույն դասականի մեկ այլ թևավոր արտահայտություն. «Հապաղումը հավասար է մահվան»։ Եվ բացառապես ժամանակակից երիտասարդության համար հավելենք, որ այդ դասականի անունը Վլադիմիր Լենին է։

Դասականը հենց դրա համար էլ դասական է, որ նրա հաջող ձևակերպումները ապրեն տարիներ և նույնիսկ դարեր շարունակ, դիպուկ բնութագրելով տարբեր իրավիճակները տարբեր երկրներում ու տարբեր ժամանակներում: «Հապաղումը հավասար է մահվան»: Ճգնաժամի մասշտաբի բավական տարողունակ ու դիպուկ բնորոշում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ աշխարհի պարագայում։ Եվ պատասխան այն հարցին, թե ինչպիսի՞ն է հեռանկարը, ի՞նչ է պետք անել: Հապաղել չի կարելի... Երեկվա բազմահազարանոց հանրահավաքն Արցախում ցույց տվեց, որ այնտեղ դա շատ լավ հասկանում են։

Անկեղծ ասած, երբեմն թվում է, թե անդարձելիության կետը հատված է, և արդեն ոչինչ հնարավոր չէ անել։ Ո՛չ հայկական Արցախը պահպանելու, ո՛չ էլ հայոց պետականության փլուզման գործընթացը կանխելու համար. չափազանց մեծ գումարներ են ներդրված բոլոր այդ գործընթացներում։ Արցախում տեղի ունեցած հանրահավաքը ցույց տվեց, որ հնարավորություն կա, գուցեև վերջինը։

Այո, Հայաստանն աննորմալ ժամանակներ է ապրում։ Քաոսային միտումները գերակշռում են, և դա ձեռնտու է Փաշինյանի թիմին։ Քանի որ ինչքան ավելի մեծ են այդպիսի միտումները, այնքան ավելի հեշտ է մոլորեցնել մարդկանց, սպիտակն անվանել սև և հակառակը: Միայն քաոսային աշխարհում է մարդկանց գիտակցությունը ենթակա այնպիսի ստրեսների, որ հայկական հեռուստատեսությամբ «քաղաքագետի» շուրթերից կարելի լինի լսել, թե հերոս հայ զինվորի համար դիմակայելը դժվար է, երբ նրա դեմ հանդես են գալիս Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը, և թե Զատուլինը մտադիր էր գալ Հայաստան՝ ահաբեկչական ջոկատներ պատրաստելու համար…

Այդպիսի զառանցանք կարող է ծնվել միայն ծանր հիվանդ «քաղաքագիտական» գլխում, բայց դա հայկական ուղեղներում և աշխարհում տիրող ընդհանուր քաոսի արտացոլումն է։ Կոնստանտին Զատուլինի Հայաստան մուտքի արգելման հետ կապված պատմությունը միջպետական հարաբերություններում առկա այդ քաոսի լրացուցիչ հաստատումն է։ Դե, և իհարկե այն հանգամանքի վկայությունը, թե որքան գումար է ներդրվել մարդկանց գլխում այդպիսի քաոս ստեղծելու համար։ Լինի դա շարքային քաղաքացիների, թե որոշումներ կայացնողների ուղեղում։

Եվ պետք չէ հեգնանքով վերաբերվել հայ ժողովրդին։ Մարդկանց բնորոշ է մոլորության մեջ ընկնելը: Նրանց մանիպուլյացիայի ենթարկելը շատ հեշտ է , երբ ձեռքիդ անհատակ քսակ կա։ Բացի այդ, մարդիկ հակված են հավատալ քաղցր կյանքի խոստումներին, և նրանք դժվարությամբ են հրաժեշտ տալիս պատրանքներին։

Դրանում մենք եզակի չենք: Ավագ սերունդը գերազանց հիշում է Ռուսաստանի աննորմալ ժամանակները, երբ Գորբաչովի օրոք ներսից քանդվում էր պետությունը, մոտավորապես նույն այն կարգախոսների ներքո, ինչպես դա տեղի է ունենում Հայաստանում. նոր մտածողություն միջազգային հարաբերություններում, հրապարակայնություն, ժողովրդավարական գործընթացներ, վերակառուցում, բարեփոխումներ, պայքար կոռուպցիայի դեմ։ Ոչինչ նոր չէ այս արևի տակ, և այո, թվարկված ամենի մեծ մասը, իհարկե, չակերտավոր է:

Ոչ ստանդարտ իրավիճակում անհրաժեշտ են ոչ ստանդարտ լուծումներ։ Եվ այդժամ օգնության է գալիս մեկ այլ դասական: Այս անգամ՝ դասական հեքիաթը: Հիշենք շաղգամի մասին հեքիաթը, որը բնօրինակով, թե թարգմանված, բայց միլիոնավոր ծնողներ կարդում են իրենց երեխաների համար: Բարձր ոճի չհավակնող հեքիաթը շաղգամի մասին, որը քաշում-քաշում էին, բայց հողից հանել չէին կարողանում. ո՛չ պապիկը, ո՛չ տատիկը, ո՛չ թոռնիկը, ո՛չ էլ շունիկը: Իսկ հետո կանչեցին մկնիկին, և շաղգամը վերջապես հանեցին հողից…

Այս հեքիաթի մեջ Հայաստանում կարելի է տեսնել մի քանի իմաստ։ Օրինակ, թե որքան դժվար է հանել այդ շաղգամը, չնայած բոլոր ջանքերին, երբ այն խոր արմատներ է գցել: Եվ մեծ միջոցներ են ծախսվել, որպեսզի այս շաղգամն այդքան հիմնավորապես արմատավորվի հողի մեջ։ Շաղգամը ջանասիրաբար ջրել են, պարարտացրել հողը, հանգամանորեն ու կամաց-կամաց: Դե, մոտավորապես այնպես, ինչպես դա արվում էր Ուկրաինայում, որպեսզի իրավիճակը հասցվի «մոսկոլյակու նա գիլյակու» կոչերի։ Ներկայիս պատերազմից դեռ շատ առաջ:

Հայաստանն ունի իր սեփական շաղգամը, որը դեռ չի հաջողվում դուրս քաշել։ Բայց եթե հաղթահարվի քաոսը Հայաստանում և մարդկանց գլխում, ապա Հայաստանն ինքը կարող է դառնալ այն մկնիկը, որը կօգնի հաղթահարել ուկրաինական հակամարտությամբ դրսևորված համաշխարհային ճգնաժամը։ Չէ՞ որ Հայաստանն այն երկրներից է, որն անկեղծորեն շահագրգռված է Ուկրաինայում հակամարտության կարգավորմամբ։ Քանզի հակամարտության կարգավորումը, համենայնդեպս ռազմական գործողությունների փուլից դրա փոխադրումը դիվանագետների ձեռքը, կնշանակի ավելի մեծ կայունություն ինչպես աշխարհում, այնպես էլ մեր տարածաշրջանում, հետևաբար՝ ավելի մեծ անվտանգություն Հայաստանի և Արցախի համար։

Կարո՞ղ է արդյոք այդ հարցում դեր խաղալ Հայաստանը։ Կարող էր, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի ժամանակների Հայաստանը, որը միայն խնդիրներ է ստեղծում, էլ ուր մնաց փորձի ազդել այլ խնդիրների լուծման վրա։

Շատ բան է այսօր վճռվում մեր երկրի համար։ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները Վալդայի համաժողովում ընդգծեցին դա։ Պաշտոնապես վճռվում է Հայաստանի և Արցախի համար։ Բայց փաստացի՝ այն հանգամանքից, թե ինչպես կընթանան գործընթացները Հայաստանում առաջիկա օրերին, շատ բան է կախված համաշխարհային քաղաքականության մեջ։ Այդպես պատահում է։

Հոկտեմբերի վերջին օրերը հագեցած էին նշանակալի իրադարձություններով, թեկուզև տարբեր մասշտաբների։ Կոնստանտին Զատուլինին զրկելը Հայաստան մուտքի իրավունքից։ Լազարյան ակումբի նիստը՝ ի հեճուկս Զատուլինի դեմ պատժամիջոցների։ ՀԱՊԿ խորհրդի նիստը։ Վալդայի համաժողովը, Պուտինի ելույթն ու նրա պատասխանը Արցախի և Հայաստանի վերաբերյալ հարցին։ Պատասխան, որում Պուտինը խոսում է այն մասին, որ հարգելով Ադրբեջանի դիրքորոշումը, Ռուսաստանը այնուամենայնիվ կաջակցի հայ ժողովրդի ցանկացած որոշմանը…

Արցախն իր խոսքն ասաց. այսօր Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հանդիպումն է։ Չկորցնենք լավատեսությունը։ Միգուցե այս բոլոր մեծ ու փոքր, բայց նշանակալի իրադարձությունները միասին դառնան այն ձգանը, հենց այն պայմանական մկնիկը, որը կօգնի դուրս քաշել ինչպես մեր, այնպես էլ համաշխարհային մասշտաբի շաղգամը: Նոյեմբերի 5-ին ընդդիմությունը հանրահավաք է հրավիրում Երևանում։