Ադրբեջանում հայտարարել են «ԻԻՀ հատուկ ծառայությունների հսկողության ներքո» գործող ադրբեջանցիների «բացահայտման» մասին

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը «համալիր հետաքննություն է անցկացնում՝ կապված երկրի սահմաններից դուրս զորավարժություններին Ադրբեջանի քաղաքացիներին գաղտնի կերպով ներգրավելու, նրանց ֆինանսավորելու հետ՝ պետական անվտանգության շահերի դեմ օգտագործելու համար»։

«Պարզվել է, որ կրոնական-արմատական գաղափարների տարածման հետևում թաքնվող անօրինական զինված խմբավորման ղեկավարության անդամներ Իբրահիմբեյլի Թոհիդ Ալիմ օղլուն, Ասկերով Ռովշան Էլչին օղդուն, Մամեդով Օրխան Քամրան օղլուն, Հաջիև Էլշադ Էլչինը, 2018 թվականից հետախուզման մեջ են և այժմ Իրանում են գտնվում։

Անցած ժամանակաշրջանի ընթացքում ապօրինի զինված խմբավորման մեջ հիմնականում ներգրավված են եղել մարդիկ, որոնք նախկինում դատապարտվել են տարբեր հանցագործությունների համար, ինչպես նաև իրենց համարել են «Մուսուլմանական միասնության շարժում» կոչվող կազմակերպության անդամ։

Երրորդ երկրների միջոցով տեղափոխվելով Թեհրան՝ նրանք այնտեղ ապահովվել են բջջային հեռախոսներով և անձնագրերով, ծպտվելու կանոնները պահպանելու ցուցումներ են ստացել, նրանց տվել են կրոնական մականուններ, որից հետո բեռնատար ինքնաթիռներով, կեղծ փաստաթղթերով տեղափոխվել են Դամասկոս։ Սիրիայում խմբի անդամներին սովորեցրել են հրազենի օգտագործում, մարտերի վարման մարտավարության, տարբեր չափերի դրամական միջոցներ են տրամադրել։

Հետաքննությունը պարզել է Ադրբեջանի 19 քաղաքացու մասնակցությունը անօրինական զինված կազմավորումներին։

Հավաքվել են զորավարժություններին նրանց մասնակցության բազմաթիվ ապացույցներ, ինչպես նաև գաղտնի կերպով Ադրբեջան տեղափոխված գրքեր և տեսանյութեր, որոնք, որոնք Ադրբեջանի աշխարհիկ պետական համակարգի դեմ արմատական, կրոնական-ծայրահեղական վերաբերմունք քարոզող նյութեր են պարունակել:

Նաև նյութեր են հայտնաբերվել Ռուհուլլա Ահունձադեի և ներկայումս Իրանում հաստատված այլ անձանց կողմից խմբի անդամներին տարբեր առաջադրանքներ տալու մասին։ Խմբավորման անդամ Օրխան Ֆարման օղլուն ձերբակալվել է երրորդ երկրում ահաբեկչություն իրականացնելու փորձի ժամանակ։

Հետաքննության ընթացքում հիմնավոր կասկածներ են ծագել նաև, որ նշված զորավարժություններին մասնակցած Մամեդով Ֆագան Սադրեդդին օղլին կազմակերպել է կրոնական կարգախոսներով շապիկների բաժանումը, որոնք Իրանի դեսպանատան մեքենայով Ադրբեջան են առաքվել՝ երկրի տարբեր շրջաններում նախատեսված կրոնական ակցիաների ժամանակ օգտագործելու համար:

Ներկայումս իրականացվում են համալիր օպերատիվ-որոնողական աշխատանքներ»,- ասված է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։

News.am