ՎԻՎԱ-ՄՏՍ. ՕՐԹԵԶՆԵՐԻ՝ ԵՌԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ

Վանաձորցի Հենրիկը 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած տղաներից է: Զինվորական կրթություն ստանալու տարիներից հոգեբանորեն պատրաստ է եղել հնարավոր դժվարություններին դիմակայելու: Այդուհանդերձ, չի պատկերացրել, որ ծառայության անցնելուց հետո, ստիպված է լինելու տեսական գիտելիքները մի օր գործնականում կիրառել ռազմի դաշտում: Թեև հաղթահարած ճանապարհն ու հիշողությունները ծանր են, սակայն ընդհանրապես չի զղջացել ընտրած մասնագիտության համար:

«Հերթական մարտական առաջադրանքի ժամանակ, երբ հերթական գործողություն էինք կատարում, զգացի, որ չեմ կարողանում ինձ տիրապետել. մեջքի վրա ընկնում եմ… ու հասկացա, որ վիրավորվել եմ: Ծառայակից ընկերներս օգնեցին, տեղափոխեցին բուժհաստատություն: Ընդհանրապես չեմ զղջացել: Ուղղակի ինձ համար դաս եղավ. շատ բաներ սովորեցի: Գիտելիքը կար, բայց փորձը չկար: Հիմա արդեն փորձն էլ կա: Հասկացա, որ շատ աշխատելու տեղ ունենք դեռ. թե՛ ներկա պահին, թե՛ ապագայում: Ու էդ պրոցեսը պետք է անընդհատ լինի, չպետք է դադարի մեր առաջխաղացումը ոչ զարգացման, ոչ տեխնոլոգիայի առումով, որ նույն իրավիճակում չհայտնվենք, մյուս կռիվն արդեն մեր օգտին լինի»:

Հենրիկը անվասայլակից օրթեզի անցնելու ճանապարհին կարևոր դիտարկումներ է արել: Յուրաքանչյուր հաղթահարված դժվարություն հերթական հաղթանակն է համարել: Ժամանակ առ ժամանակ, ֆիզիոթերապիայի այցելելուց հետո, հասել է զգալի հաջողության. վերականգնված քայլքից հետո, ձգտում է վազել: Աշխատավայրում փորձում է հաջողության հասնել, ազատ ժամանակ էլ երաժշտությամբ զբաղվել: Հուսահատությունն իր համար չէ. սիրում է նպատակներ սահմանել և հետևողական ջանքերով հասնել հաջողության:

«Սկզբնական ժամանակ շատ բարդ էր քայլելը, բայց ընթացքում, շատ պարապմունքների արդյունքում սկսեցի քայլել, սայլակից անցա փայտերով քայլելուն, հետո, երբ օրթեզը ստացա, հնարավորություններն ավելի շատացան: Օրինակ՝ ակտիվ գործունեության ժամանակ, օրթեզը կրում եմ, տարբերություն շատ չեմ զգում: Օրթեզով ստացվում է ավելի ակտիվ գործունեությամբ զբաղվել»,- ասել է Հենրիկը:

«Առանց օրթեզի՝ վազելու մասին խոսք չկա. դա շատ վտանգավոր է և տրավմատիկ: Ինչ-որ առումով՝ նաև հնարավոր չէ առանց օրթեզի: Այս օրթեզները հնարավորություն են տալիս վազելու բարձրանալ, վերականգնում են քայլքի բիոմեխանիկան»,- ասել է ֆիզիոթերապիստ Արամ Մելիքյանը:

44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում ստացած զինվորների օրթեզավորումը թիրախային ծրագիր է Վիվա-ՄՏՍ-ի և «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպության համար: Ողնուղեղային, գլխուղեղային, վերին և ստորին վերջույթների վնասվածքով զինվորների վերականգնողական բուժման ժամանակ, հետվնասվածքային բարդությունները կանխելու համար, հաճախ օրթեզավորման կարիք է լինում: Գործընկերների ձեռք բերած ժամանակակից օրթեզները, չեն սահմանափակում շարժումները, ծանր չեն, մեխանիկական հոդավորման ու ճիշտ կառուցվածքի շնորհիվ` դինամիկ են և ֆունկցիոնալ: Քայլքի ժամանակ կարող են ճիշտ ֆիքսել հենումները և ապահովել ազատ տեղաշարժը: Ժամանակակից օրթեզները վիրավորում ստացած տղաներին հնարավորություն են տալիս կենցաղում լինել հնարավորին ինքնուրույն, ֆիզիկապես առավել ինքնավստահ և էականորեն բարձրացնում են նրանց կյանքի որակը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպության համատեղ ծրագիրն իրականացվում է ամենատարբեր պրոֆիլի մասնագետների ներգրավմամբ. թիմում ներառված են պրոթեզավորող, օրթեզավորող, վերականգնող բժիշկ, ֆիզիոթերապևտ, ասեղնաբույժ, ֆիզիոթերապիստ, էրգոթերապիստ և հրավիրված այլ մասնագետներ՝ ըստ ցուցման: Օրթեզավորման հիմնական գործառույթն անատոմիական ճիշտ դիրքի ֆիքսումն է՝ վնասված հոդի և վերջույթների ծանրաբեռնվածության թեթևացման, ֆիքսման, ակտիվացման և ուղղման համար: Այդ ամենը թույլ է տալիս նվազեցնել ողնաշարի և մարմնի բոլոր հոդերի ծանրաբեռնվածությունը, կանխել մկանային համակարգի գերլարվածությունը:

Ծրագրի տևողությունը երեք տարի է: Վիվա-ՄՏՍ-ն այդ նպատակով «Զինվորի տուն» բարեգործական-հասարակական կազմակերպությանը տրամադրել է 120 մլն դրամ: Արդյունքում գնվել է ժամանակակից 100 օրթեզ:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com։

Галерея (6 фото)

Основная тема:
Теги: