«Ժողովուրդ». ՔՊ-Ն ԿՈՂՄ Է ԱՐևՄՏՅԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից շատերի համար զարմանալի չի եղել, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո որևէ փաստաթուղթ չի ստորագրվել: Բանն այն է, որ պատգամավորների մի շրջանակ ամեն դեպքում տեղյակ էր, որ ՌԴ-ն 15 կետից բաղկացած փաստաթուղթ է ներկայացրած եղել, որի 14 և 15 կետերը խնդրահարույց են եղել երկու կողմերի համար:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթին պատգամավորները պատմեցին, որ 14-րդ կետը վերաբերել է Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգմանը, որին Հայաստանը կողմ է եղել, Ադրբեջանը՝ դեմ, իսկ 15-րդ կետը վերաբերել է Արցախի ինքնորոշման հարցին, որին նույնպես դեմ է եղել Ադրբեջանը: Չնայած արևմտյան տարբերակով ևս Արցախի ինքնորոշման հարցը չի կարգավորվում, սակայն հաշվի առնելով սեպտեմբեր ամսվա Ադրբեջանի գործողություններից հետո ՌԴ կողմի չեզոքությունը՝ իշխող թիմը շարունակում է հակված մնալ արևմտյան տարբերակին և նրանց հետ հարաբերությունների կարգավորմանը՝ կտրելով ՌԴ-ի հետ կապը: Ամեն դեպքում, այս պահի դրությամբ անորոշ է խաղաղապահների ապագան, և չնայած Փաշինյանն ասել էր, թե պատրաստ է ստորագրել երկարաձգման հարցը, այն այդպես էլ չեղավ:
Այստեղ հիշեցնենք Արցախի ապագա պետնախարար Ռուբեն Վարդանյանի խոսքերը՝ ասված Համահայկական համաժողովի ժամանակ. «Մենք ունենք ճգնաժամ. 922 օր է մնացել մեզ, եթե ոչ մի բան չանենք, Արցախը կորցնելու ենք»: Սա հենց խաղաղապահների ժամկետին է վերաբերում. hենց այդքան օր անց ռուս խաղաղապահները հեռանալու են Արցախից: Ի դեպ, այսօր խորհրդարան է գալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և չնայած թեման բյուջեն է, սակայն, մեր տեղեկություններով, լինելու է նաև քաղաքական ելույթ։