ԲԱԶՄԵՐԵՍԱՆԻՆ

Գլխավոր մտավախությունը՝ միայն թե Նիկոլ Վովաևիչը չխճճվի։ Չէ՞ որ դժվար է Վաշինգտոնին ասել մեկ բան, Բրյուսելին՝ այլ բան, Մոսկվային՝ երրորդը, Թեհրանին՝ չորրորդը, Փարիզին՝ հինգերորդը, Ալիևին՝ վեցերորդը, Էրդողանին՝ յոթերորդը... Քանզի մեր Նիկոլը հասարակ Նիկոլ չէ, այլ Նիկոլ-բազմերեսանի։ Դրանով, այդ բազմերեսանիությամբ թե կա մեկը, որ կարող է մրցել նրա հետ, ապա դա միայն Քոչարյանի գործը վարող և օրեցօր ավելի ու ավելի հմայիչ դարձող դատավոր Աննա Դանիբեկյանն է։

ԱՄԵՆԻՑ ՔԻՉ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԻՔ Է ՏԱԼԻՍ ԱՅՆ, ԻՆՉ ՆԻԿՈԼԸ ԽՈՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։ Ոչ միայն այն պատճառով, որ նա լավ է տիրապետում հայերենին, այլև՝ որ կանխատեսելի է խոսում։ Ձանձրալիության աստիճան: Իր հայրենակիցների համար Նիկոլի մարտավարությունը պարզ է, արդարացնում է իրեն, ուստի փոխել դա Նիկոլ Վովաևիչը մտադիր չէ։ Այն ամփոփված է նրանում, որ նախ պետք է անթիվ-անհամար խոստումներ տալ: Ցանկացած հարցի վերաբերյալ: Հետո, երբ խոստումները դրժվեն, ցույց տալ, թե ինչ հերոսաբար է ինքը փորձել կատարել դրանք, բայց, ավաղ, չի ստացվել, քանի որ մեղավոր են... Այնուհետ հաջորդում է մեղավորների թվարկումը, որոնք, որպես կանոն, բնավ սակավաթիվ չեն լինում։

Հենց նույն Արցախը։ Ինչպիսի՜ խանդավառությամբ էր սկսել Նիկոլը... Արցախը Հայաստան է, և վերջ։ Բանակցում եմ իմ սեփական կետից։ Ինչի մասին որ պետք ա, էն էլ բանակցում եմ։ Իսկ հետո՞։ Մեղավոր են զինվորականները, մեղավոր են նախկինները, մեղավոր են ռուսները, մեղավոր են դավաճանները, մեղավոր է 10%-ով կրակող «Իսկանդերը», մեղավոր է «կորոնավիրուսը»…

Այսօր նույն պատմությունն է։ Սոչիի բանակցություններից առաջ նա խոստանում է, թե կդնի ռազմագերիների, խաղաղապահների մանդատի երկարաձգման, ադրբեջանական զորքերի դուրսբերման, Արցախի իրավունքների և անվտանգության հարցերը։

Դնել կարող էր և դրել է, բայց ի՞նչ օգուտ: Վերը նշվածից ինչ-որ բան տեսե՞լ եք Սոչիի հայտարարության մեջ: Ոչ, իհարկե: Քանի որ մեղավոր են Ալիևը, Պուտինը, Էրդողանը, հայկական ընդդիմությունը, որը չի միավորվել Նիկոլի շուրջ...

Ոմանք կարող են ասել՝ դե, Արցախը ցավոտ թեմա է, դժվար է, չի ստացվում Նիկոլի մոտ... Բայց մի՞թե միայն Արցախը։ Ախր ցանկացած այլ հարցում, որտեղ հնարավոր չէ մանիպուլյացիաներ անել թվերով, նույն պատկերն է։ Բոլորը թվարկել պարզապես կալարես: Վերցնենք հենց նույն «մարտի 1»-ի չարաբաստիկ գործը... Ի՞նչ էր ասում Վովաևիչը։ Որ գործի բացահայտումն իր համար առաջնահերթություն է։ Բոլոր մեղավորները կստանան իրենց պատիժը. Օհանովսկի, Խաչատուրով, Քոչարյան, Օհանյան, Գևորգյան... Խոստանում էր, թե բացահայտելու է գործը։ Ասենք՝ ի՜նչ խոստանալ. ճղավում էր, թե վե՛րջ, գործն արդեն բացահայտված է

Եվ ի՞նչ: Ոչի՛նչ: Գործը վաղուց թսկել է։ Միայն խայտառակեց Հայաստանը։ Քանզի պարզվեց, որ ամեն ինչ կարած է սպիտակ թելով, մարդիկ իզուր էին նստած բանտում, լոկ Վովաևիչի քմահաճույքով։ Իսկ ողջ պատճառն այն է, որ մեղավոր են Սահմանադրությունը, փաստաբանները, Պուտինը, ղարաբաղցիները, կորոնավիրուսը, նախկին քննիչները... Դե, և հավերժ դեռատի դատավոր Աննա Դանիբեկյանը։

Այնպես որ Հայաստանում Նիկոլի հնչեցրած հայտարարությունների համար անհանգստանալ պետք չէ։ Ձևանը կա։ Նա այսուհետ էլ կշարունակի աշխատել նույն ձևանով, որևէ նոր բան հորինել մտադիր չէ. խոստանալ, ձախողել, մատնանշել մեղավորներին։ Բայց այ Հայաստանի սահմաններից դուրս

Վաշինգտոնի պարագայում մտավավախությունները նվազագույնն են։ Այնտեղ Նիկոլի փոխարեն խոսում է Արմեն Գրիգորյանը։ Եվ նա լավ է տիրապետում անգլերենին: Իսկ այ մյուս մայրաքաղաքներում Նիկոլը սիրում է անձամբ փայլել լեզուների իմացությամբ։ Բրյուսելում՝ անգլերենի, Մոսկվայում՝ ռուսերենի: Միայն թե լեզուներին նա տիրապետում է մոտավորապես այնպես, ինչպես որ գործում է. այսինքն՝ հավակնությունները չափ ու սահման չունեն, իսկ արդյունքները թույլիկ են: Եթե առհասարակ կան։

Ահա ուրեմն, գլխավոր վտանգն այն է, որ վերջին շրջանում Նիկոլը հաճախ է ուղևորվում դեսուդեն։ Իսկ Աննա Հակոբյանը ոչ միշտ է կողքին, որպեսզի ժամանակին ոտքով բզի սեղանի տակ, երբ Նիկոլը կրկին իրեն կորցնի։ Եվ միայն պատկերացրեք, թե ինչ կարող է ստացվել, եթե հանկարծ Նիկոլն ամեն ինչ շփոթի և Թեհրանում, օրինակ, ասի այն, ինչ սովորաբար ասում է Բրյուսելում, իսկ Պուտինին հանկարծ ասի այն, ինչ սովորաբար ասում է Մակրոնի ականջին...