«Հայաստան» դաշինքը ներկայացրել է «Դիմադրության շարժման» առաջիկա հանրահավաքի օրակարգը

«Դիմադրության շարժման» նոյեմբերի 5-ի հանրահավաքը կունենա շատ կոնկրետ օրակարգ՝ կոնկրետ ազդակներով, որոնք ուղղված են ոչ միայն Հայաստանի ներկայիս իշխանություններին, այլ ողջ աշխարհին, այդ թվում՝ բարեկամ երկրներին, դաշնակիցներին, հատկապես մեր հակառակորդներին ու թշնամիներին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Աշխարհը պետք է տեսնի, որ հայ ժողովուրդը ծնկի չի եկել, չի հաշտվի նոր կապիտուլյացիայի հետ, և որ ամենակարևորը Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդին։ Սա այն մարդն է, որը Արևմուտքում մի բան է խոստանում, Մոսկվայում՝ մեկ այլ բան։ Նա իր արկածախնդիր քաղաքականությամբ անկանխատեսելի դրության մեջ է դնում Հայաստանն ու Արցախը։

Յուրաքանչյուրը նոյեմբերի 5-ին իր մասնակցությամբ ցույց կտա, որ չի հրաժարվելու Արցախից, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և որ մենք հաստատակամորեն պահելու ենք Հայաստանը, Հայաստանի սահմանները։

Ցավոք, չեմ կարող ասել, թե կարելի է ակնկալել, որ այդ օրը Նիկոլ Փաշինյանը կգնա կամ այդ օրը կհաջողվի հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին՝ հաշվի առնելով, որ իշխող ռեժիմն իր իշխանությունը պահելու համար ամեն ինչի պատրաստ է, իր իշխանությունը պահելու համար պատրաստ է բոլորին ցանկացած խոստում տալ։

Կարևոր է արձանագրել, որ նոյեմբերի 5-ի հանրահավաքով մենք նաև ցույց ենք տալիս, որ չենք հոգնել, չենք հրաժարվում մեր պայքարից։ Մենք Արցախի կողքին ենք, մենք Հայաստանում ամուր կկանգնենք մեր դիրքերում և ցույց կտանք արժանապատվության մեր հավաքական կամքը։

Հանրահավաքը կդառնա Արցախում տեղի ունեցած վերջին բազմահազարանոց հանրահավաքի արձագանքը, որի ժամանակ արցախցիները ցույց կտան, որ չեն հաշտվի Արցախի կորստի հետ, ծնկի չեն գա, Արցախը չի լինի Ադրբեջանի կազմում։

Ավելի վաղ մենք հայտարարել էինք, որ Հայաստանը նույնպես պետք է արձագանքի Արցախի հանրահավաքին։ Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն բանի վրա, որ Արցախում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ, երբ Արցախի և համայն հայության կարմիր գծեր անցկացվեցին, Հայաստանի ներկայիս իշխանության ոչ մի ներկայացուցիչ չողջունեց Արցախի հանրահավաքը։

Շատ կարևոր է նոյեմբերի 5-ի բազմահազարանոց հանրահավաքով ցույց տալ, որ մենք Արցախի կողքին ենք։ Այս առումով կարևոր է, որ հանրահավաքը լինի բազմահազարանոց, ինչում ես կասկած չունեմ։

Նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Հանդիպումներ են անցկացվում քաղաքացիների հետ, այդ թվում՝ մարզերում և Երևանում։ Անցկացվում են տարբեր քաղաքական խորհրդակցություններ, հանդիպումներ տարբեր քաղաքական ուժերի ու գործիչների հետ։

Կարևոր եմ համարում, որ հանրահավաքում, որը լինելու է միասնության հանրահավաք, արձանագրվի, որ այս հանրահավաքը ոչ ոք չի սեփականաշնորհել։ Ցանկացած քաղաքական միավոր, որը կարծում է, որ ասելիք ունի, որ կարող է կոնսոլիդացնող դեր խաղալ ու լայն զանգվածներ դուրս բերել, պետք է իր մասնակցությամբ արձանագրի այդ ամենը։

Հանրահավաքը հրավիրել է «Դիմադրության շարժումը», բայց սա միայն «Դիմադրության շարժման» հանրահավաքը չէ, սա միասնության հանրահավաք է, և շատ կարևոր է յուրաքանչյուրի մասնակցությունը։

Մենք չենք դադարեցրել փողոցային պայքարը։ Այո, ինտենսիվությունն այն չէ, ինչ եղել է «Դիմադրության շարժման» առաջին ամիսներին, բայց պետք է արձանագրել, որ մենք ոչինչ չենք դադարեցրել, որպեսզի ինչ-որ նոր բան սկսենք։ Ամենակարևորը, որ մենք ֆիքսել ենք, այն է, որ մենք չենք հոգնում, չենք դադարեցնում պայքարը։ Նոր ձևաչափով գործողություններ կլինեն»,- նշեց Ագնեսա Խամոյանը։