ԵՎ ԲԱՔՈՒՆ ՍԿՍԵՑ ՈՒՐԱԽ ԽՈՍԵԼ ԱՆՑԱԿԵՏԻ ՄԱՍԻՆ…
Ի աջակցություն Արցախի՝ «Ազգային դիմադրություն» շարժման կազմակերպած հանրահավաքին և հետագա երթին մասնակցել է շուրջ 10 հազար մարդ: Սովորական հանրահավաքի համար նորմալ է։ Արցախին սատարելու նպատակով միասնության հանրահավաքի համար՝ քիչ։ Չէ՞ որ Ստեփանակերտում հանրահավաքին մասնակցել է առնվազն 40 հազար մարդ։ Այնտեղ հանրահավաքն իսկապես համաժողովրդական էր։
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՅԼ ԷՐ։ Իշխանությունները տորպեդավորել էին հանրահավաքը։ Ինչպես արդեն ասել ենք, հանրահավաքի նախաշեմին իշխանությունները կիրառում էին մտրակի և քաղցրաբլիթի դասական մարտավարությունը։ Մի կողմից, տեղեկություններ էին տարածում ընդդիմադիր խմբակցության մի շարք պատգամավորների առաջիկա ձերբակալությունների մասին, մյուս կողմից՝ կերակրում բժիշկների, ուսուցիչների, ուժայինների, զինվորականների աշխատավարձերի բարձրացման խոստումներով։
Հանկարծ ի հայտ եկավ նաև հենց հանրահավաքի օրը հանրապետական ծառատունկ կազմակերպելու իշխանությունների որոշումը, որին կամավոր-հարկադիր կարգով պետք է մասնակցեին պետծառայողներն ու բուհերի ուսանողները, որպեսզի շաբաթ օրը ցերեկով անելիք ունենային՝ հանրահավաքի գնալու փոխարեն…
Դե, և վերջապես, հանրահավաքի տապալմանն ուղղված միջոցառումներին միացավ նաև ամերիկյան դեսպանատունը՝ կոչ անելով իր քաղաքացիներին շրջանցել դրա անցկացման վայրը, քանի որ, իբր, հնարավոր են տարբեր արտառոց իրավիճակներ...
Պետք է խոստովանել, Նիկոլի թիմին և ամերիկյան դեսպանատանը ինչ-որ չափով հաջողվեց հասնել իրենց նպատակին։ Եվ այդ կերպ օժանդակել ադրբեջանական քարոզչությանը, որը լրացուցիչ հաղթաթղթեր ստացավ։ Այժմ Բաքուն կարող է վճռականորեն առաջ տանել իր պահանջները՝ պնդելով, թե հայ հասարակությունն ընդհանուր առմամբ անտարբեր է դրանց՝ Արցախի փաստացի հանձնման այդ պահանջների նկատմամբ, իսկ Նիկոլի կառավարությունը խաղաղ պայմանագրի ադրբեջանական տարբերակը քննարկում է ըմբռնումով և իրականացման պատրաստակամությամբ։
ԲԱՔՎԻ ԱՐՁԱԳԱՆՔԻ ԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐՆ ԱՐԴԵՆ Ի ՀԱՅՏ ԵՆ ԵԿԵԼ։ Այնտեղ գնալով ակտիվանում են խոսակցությունները Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ տեղադրելու հնարավորության մասին, այն պատրվակով, թե հայկական կողմը միջանցքով ականներ ու այլ սպառազինություն է տեղափոխում Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի համար։ Եթե ամենամոտ ժամանակներս ընդդիմությանը չհաջողվի բեկում մտցնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակում, ապա անցակետը, ամենայն հավանականությամբ, կտեղադրվի։
Պաշտոնական Երևանը, ինչպես միշտ, դրա մեղքը կբարդի ռուսական կողմի վրա։ Էդմոն Մարուքյանը բոլորին կպատմի, թե ինչ հերոսաբար է մաքառել Նիկոլ Փաշինյանը, որպեսզի դա տեղի չունենա։ Իսկ փաշինյանական արտախորհրդարանական ընդդիմությունը, որի հետ Նիկոլը պարբերաբար քաղաքական քննարկումներ է անցկացնում, ավելի հեռուն կգնա և կպնդի, թե ամեն ինչում մեղավոր են Ռոբերտ Քոչարյանի բարեկամներ Կոնստանտին Զատուլինը և Մարգարիտա Սիմոնյանը։
Ի դեպ, ըստ Կոնստանտին Զատուլինի տեղեկատվության, Սոչիում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը Զատուլինի մուտքի արգելումը Հայաստան բացատրել է հենց նրանով, որ Զատուլինը «Քոչարյանի ընկերն է»... Այն, որ մինչ օրս Նիկոլը տարբեր պաշտոններում նշանակել է քոչարյանոնատյացների, հայտնի է։ Նույն Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանում դեսպան նշանակվելու համար մեծապես պարտական է իր այդ «արժանիքին»։
Բայց որ Հայաստան մուտքի արգելումը նույնպես բացատրվի «Քոչարյանի գործոնով», դա արդեն նոր խոսք է Նիկոլի ու իր թիմի կադրային և արտաքին քաղաքականության մեջ։ Ասենք, բնավ ոչ զարմանալի «նոր խոսք»: Իսկ ուրիշ ի՞նչ ակնկալել մի թիմից, որը կեղծում է ձայները նույնիսկ իր կուսակցության վարչության ներկուսակցական ընտրություններում։ Այդ հարցում, ինչպես գրում են ԶԼՄ-ները, հատկապես աչքի է ընկել խորհրդարանում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որն այնքա՜ն է սիրում խրատ կարդալ ընդդիմության գլխին…