ՀԱՄԵՍՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԻ ՄԵՌՆԻ
Հայաստանի կառավարությունը վերջին 4 տարվա և 4 ամսվա ընթացքում ստեղծել է 143 000 նոր աշխատատեղ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրինագծի քննարկման ժամանակ:
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ամեն անգամ, պատմելով աշխատատեղերի ստեղծման ոլորտում կառավարության նվաճումների մասին, Փաշինյանը ձևակերպումներում ցուցաբերում է առանձնակի կրեատիվ մոտեցում։ Երբեմն նույնիսկ զարմացնում է այն, թե ինչպես կարելի է ավելի քան չորս տարի անընդմեջ ասել նույն բանը, ընդ որում միշտ նոր «չամիչով»: Մերթ աննախադեպություն, մերթ ռեկորդ, մերթ սենսացիա։
Այս անգամ նա որոշեց միանգամից երկու տպավորիչ նորություն մատուցել հանրությանը։ Նորություն առաջին. պարզվում է՝ Հայաստանի կառավարությունն իր գնահատականներում երբեմն համեստություն է անում։ Նորություն երկրորդ. դա (Հայաստանի կառավարությունը) շատ ավելի համեստ է, քան օտարերկրյա կառավարությունները։ Ահա թե ինչ հայտարարեց Փաշինյանը. «Շատ դեպքերում մենք խուսափում ենք նման ձևակերպումներից, ինչ-որ տեղ նաև համեստություն ենք անում, բայց աշխարհի բոլոր երկրներում իրավիճակը կնկարագրվեր հետևյալ կերպ. 4 տարի 4 ամսվա ընթացքում կառավարությունը ստեղծել է 143.000 նոր աշխատատեղ» ։
Ինչպես ասում են, օքեյ, համաձայնենք, թե հայկական թավշե կառավարությունն իր իշխանավարման ընթացքում իսկապես ստեղծել է 143 հազար աշխատատեղ։ Բայց այստեղ հիմնավորված հարց է ծագում. ինչո՞ւ է աշխատատեղերի այդպիսի առատությունը չափազանց թեթև հետք թողել աշխատաշուկայում: Խոսքը, մասնավորապես, գործազրկության ցուցանիշի դինամիկայի մասին է։ Ահա ուրեմն, 2017-ին Հայաստանում կար 217 հազար գործազուրկ, այժմ ՝ 170 հազար։ Այսինքն 4 տարվա և 4 ամսվա ընթացքում ստեղծվել է 143 հազար աշխատատեղ, բայց, չգիտես ինչու, գործազուրկների թիվը նվազել է ընդամենը 47 հազարով։ Բոլոր այն երկրներում, որոնց վկայակոչում է Փաշինյանը, սաստիկ կզարմանային նման անհամապատասխանությունից։
Շատ կզարմանային աշխարհի բոլոր երկրներում՝ նայելով նաև բնակչության զբաղվածության ցուցանիշի դինամիկային։ Բանն այն է, որ, ըստ վիճակագրական տվյալների, զբաղվածության հսկայական կտրուկ աճ է գրանցվել ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում։ Եթե առաջին եռամսյակում զբաղվածների թիվը 1 մլն 70 հազար էր, ինչը, ի դեպ, ընդամենը 30 հազարով է ավելի, քան 4 տարի և 4 ամիս առաջ, ապա երկրորդ եռամսյակում այդ ցուցանիշն աճել է մինչև 1 մլն 142 հազարի։ Այսինքն, Փաշինյանի վարկածով, մի քանի ամսում կառավարությունը կարողացել է ստեղծել 72 հազար աշխատատեղ։ Համեստության պակաս Փաշինյանը, իհարկե, չունի, բայց ինչո՞ւ իրեն ու իր կառավարությանը վերագրել Ուկրաինայում ՌԴ ռազմական հատուկ գործողության արդյունքը։ Աշխարհի ոչ մի երկրում իշխանությունն այդպես չէր վարվի։
Իրականում արդեն վաղուց փաշինյանական թվերն ու գնահատականները ոչ մեկին չեն հետաքրքրում։ Դրանք իսպառ կտրված են իրականությունից և շարունակ դուրս են գալիս ողջամտության շրջանակներից: Նույնիսկ նրա ինքնագովազդի օգտին դրանք չեն աշխատում: Մնում է հասկանալ, թե ինչո՞ւ է նա շարունակում շահարկել ցուցանիշները՝ ամեն անգամ հրամցնելով դրանք նոր, «օրիգինալ» փաթեթավորմամբ…