ԳՌԶՈՅԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ԽԱՉԱԿՐԱՑ ԱՐՇԱՎԱՆՔԸ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԴԵՄ

ՀՀ գլխավոր դատախազությունը նոյեմբերի 7-ին վաղ առավոտից սենսացիա մատուցեց, որն անմիջապես դարձավ օրվա թեման. գերատեսչությունը դիմել է Վարչական դատարան՝ Երևանի կենտրոնում գտնվող պատմական շենքի սեփականաշնորհման գործարքն անվավեր ճանաչելու նպատակով: Հաղորդագրության մեջ ասվում է, որ դրա համար առիթ է ծառայել Hetq.am կայքի հոդվածը՝ «$ 5655. սեփականաշնորհում «ջրի գնով» վերտառությամբ: Մի քանի ժամ անց շենքի սեփականատեր Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանի պատերի ներսում երեսպաշտության և խեղկատակության վարպետության դաս տվեց լրագրողներին, ինչի համար, ըստ ամենայնի, կարժանանա առնվազն երկու դատական հայցի:

Եվ այսպես, գլխավոր դատախազությունը մտադրվել է առգրավել Արամի 3 հասցեում գտնվող հայտնի շենքը, որտեղ գտնվում է «Սիլ Պլազա» հոլդինգի գրասենյակը և որի սեփականատերերից մեկը իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է (Գռզո): Ավելորդ կլինի բացատրել, որ նման որոշման հետևում կանգնած է անձամբ Փաշինյանը, քանի որ առանց Նիկոլի հրահանգի գլխավոր դատախազության ղեկավարի պաշտոնում իր դրածոն չէր համարձակվի անգամ փռշտալ «թավշե հեղափոխության» հովանավորներից ու գլխավոր շահառուներից մեկի, իշխանական բուրգի ծայրաստիճան ազդեցիկ անձի ուղղությամբ։

Ուստի բնական հարց է ծագում. ի՞նչ է թաքնված այդ որոշման հետևում։ Քանզի տեսնել դրանում օրինականությունն ու արդարությունը վերականգնելու գլխավոր դատախազության և ընդհանրապես իշխանությունների ձգտում՝ կարող է թերևս միայն իշխանությունների ամենամիամիտ կամ «զոմբիացված» կողմնակիցը։ Դե, օրինակ, այն հազվագյուտ առանձնյակներից մեկը, որոնք հավատում են «ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքը հօգուտ պետության բռնագանձելու» մասին փաշինյանական հեքիաթներին։ Ի դեպ, ներկայումս մոդայիկ հենց այդ բառակապակցությունը, հնչելով «5-րդ ալիք» հեռուստաընկերության լրագրողի հարցում, գազազեցրեց Խաչատուր-Գռզոյին, և նա այնպիսի կատաղի բառահեղեղ հրամցրեց երկրորդ նախագահի հասցեին, որ անմիջապես հիշեցրեց «գողի գլխին գդակը վառվում է» անմահ արտահայտությունը։

Վերադառնանք, սակայն, գլխավոր դատախազության հաղորդագրությանը։ Այն մասին, որ դա բնավ հենց այնպես չէ հայտնվել հենց այս պահին, և իշխանությունը դրանով հետապնդում է միանգամայն որոշակի և օրենքի հետ ոչ մի կապ չունեցող նպատակներ, վկայում են միանգամից մի քանի գործոններ։

Նախ, հրապարակումը, որի հիման վրա էլ, իբր, որոշվել է դիմել Վարչական դատարան, հրապարակվել է գրեթե մեկ տարի առաջ. 2021 թվականի դեկտեմբերին։

Այսինքն ամբողջ 11 ամիս շարունակ գլխավոր դատախազությունը ջանադրաբար չի նկատել 27-ամյա կոռուպցիոն գործարքի վերաբերյալ լրագրողական հետաքննությունը, որի գլխավոր դերակատարներն են եղել իշխող խմբակցության պատգամավորը և այժմ արդեն Հայաստանի նախագահը։ Իսկ այ գերատեսչության նոր ղեկավարն անմիջապես, իբր, բռնել է եզան պոզից։ Եվ որոշել ցույց տալ հանրությանը, թե ինչ է նշանակում իսկական պայքարը օրինականության վերականգնման և անխիղճ օլիգարխների կողմից թալանված հարստությունը ժողովրդին վերադարձնելու համար, նույնիսկ եթե խոսքը կարծես թե անձեռնմխելի անձնավորության մասին է, որը մտերիմ է անձամբ վաչապետի հետ։

Դա, ի դեպ, միանգամայն կարող է լինել այն պատճառներից մեկը, թե ինչու է Նիկոլը հանկարծ որոշել հիշել 1995 թվականի իրադարձությունները։ Հիշեցնենք, որ «Հետք» պարբերականի հետաքննողական հոդվածում մանրամասներ են շարադրված այն գործարքի մասին, համաձայն որի Սուքիասյանների ընտանիքը գնել է Երևանի կենտրոնում գտնվող պատմական շենքը 5655 հազար դոլար չնչին գումարով։ Իրավիճակը առավելևս նրբաբնույթ է այն պատճառով, որ գործի մյուս դերակատարը ներկայիս նախագահ, իսկ այն ժամանակ Երևանի քաղաքապետ Վահագն Խաչատուրյանն է, որի օրոք քաղաքային ունեցվածքը մեջ-մեջ արվեց անկախ Հայաստանի առաջին օլիգարխներ դարձած տեր-պետրոսյանական սիրելիների կողմից։ Եվ այդ կոհորտայում առաջին տեղը, ինչպես հայտնի է բոլորին, պատկանում էր Գռզո մականունով ընտանիքին։

Սուքիասյանները չմոռացան «լավությունը». փաշինյանական հեղափոխությունից հետո կրկին բարեհաճություն վայելող Խաչատուրը նախ իր Հայէկոնոմբանկի տնօրենների խորհրդում ընդգրկեց բոլորի կողմից մոռացված անդեմ ու ապաշնորհ Խաչատուրյանին, ապա լոբբինգավորեց նրա նշանակումը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնում, իսկ հետո ընդհանրապես առաջ հրեց ու նստեցրեց ՀՀ նախագահի աթոռին։ Իրոք որ, ինչո՞ւ գլխավոր օլիգարխը չունենա «սեփական», անձնական նախագահ։

Եվ ահա հոդվածի հրապարակումից գրեթե մեկ տարի անց գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում դատական հայց է կազմվել՝ գործարքն անվավեր ճանաչելու նպատակով։ Իսկ հոկտեմբերի 28-ին դատարանի որոշմամբ հայցը վարույթ է ընդունվել։

Նշենք, որ «Հետքի» հրապարակման հեղինակը փորձել է իր հետաքննության ընթացքում մեկնաբանություն ստանալ և՛ Սուքիասյանից, և՛ Խաչատուրյանից, սակայն երկուսն էլ հրաժարվել են ինչ-որ բան ասել։ Սակայն պատին դեմ տված ՔՊ-ական պատգամավորն իսկը բլբուլ էր կտրել՝ ներկայանալով իբրև օրինապաշտ ու բյուրեղյա մաքուր գործարար, որն ընդ որում երբեք իրեն թույլ չի տա աջակցության համար դիմել երկրի վարչապետին։ Բավական ցուցանշական է, որ Գռզոն ըստ որում անմիջապես հիշեց նաև իր հովանավորյալ նախագահին՝ ընդգծելով, որ նա նույնպես, իբր, երբեք օգնություն չի խնդրի Փաշինյանից։

Այնուհետ Սուքիասյանն արդեն լրիվ մտավ դերի մեջ՝ հայտնելով լրագրողներին, թե՝ «երջանիկ եմ, շատ ուրախ եմ, շատ խելոք են վերաբերվում, որովհետև պետական մարմինները պետք է մինչև վերջ հասկանան՝ ինչ է կատարվել. կապ չունի՝ որ ժամանակ։ Պետական մարմինը պետք է կարողանա վերջնական արդյունքում, եթե պետությանը վնաս է հասցվել, օրենքի կետ է խախտվել, օրենքը պաշտպանել»։ Եվ հայտարարեց շենքը վերադարձնելու պատրաստակամության մասին, «եթե օրենքի խախտում է եղել թեկուզ 1000 դոլարի»:

Կխլեն արդյոք Գռզոյից գրեթե երեք տասնամյակ առաջ գնած, իսկ ավելի ճիշտ՝ զավթած շենքը, թե ոչ, իհարկե, հետաքրքիր հարց է, բայց բնավ ոչ ամենակարևորը այս պատմության մեջ։ Կրկնեմ, օրինականության վերականգնման վարկածն իսպառ բացառվում է, նույնիսկ եթե Փաշինյանն իսկապես որոշի բռնագրավել իր թիմակցի ունեցվածքը, քանզի այս իշխանությունն ի սկզբանե ոչ մի առնչություն չունի ո՛չ օրենքի, ո՛չ արդարադատության, ո՛չ արդարության հետ։ Փաշինյանի բոլոր գործողությունները, որոնք իրականացվում են այդ թվում նաև իր խամաճիկների ձեռքով, ի սկզբանե ուղղված են իր օգուտը կորզելուն և բացառապես սեփական, առաջին հերթին՝ քաղաքական շահերը սպասարկելուն։

Եվ տվյալ պատմությունը չի կարող բացառություն լինել, այնպիսի սպիտակ թելերով է այն կարված, և այն աստիճան աղետալի է իրավիճակը հայկական պետության համար, որի ողբերգական խորապատկերին էլ տեղի է ունենում այս ամենը։

Ինչպես արդեն նշեցինք վերը, կարող են լինել մի քանի վարկածներ, թե ինչու է դա պետք Փաշինյանին։ Դրանցից մեկն արդեն նշեցինք. նրան հույժ անհրաժեշտ է «սըքսես-սթորի». պետք է ցուցադրել սեփական անաչառությունը, ապացուցել, թե բոլորը հավասար են օրենքի առաջ, և նույնիսկ իր ամենամտերիմ թիմակիցը ապահովագրված չէ «ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձումից»։ Խլելով շենքը Գռզոյից, Փաշինյանն իսկապես շատ միավորներ կվաստակի իր երկրպագուների աչքում։

Ճիշտ է, այդ դեպքում հարց է ծագում Վահագն Խաչատուրյանի մասին. ստացվում է, որ նա կոռուպցիոն գործարք է կատարել՝ ձևակերպելով պատմական հուշարձան շենքի վաճառքը գրոշներով։ Բայց ո՞վ ասաց, թե նախ՝ գլխավոր դատախազությունը մինչև վերջ կգնա «օրինականության իր ձգտումով», և երկրորդ՝ Նիկոլն իր ինքնագովազդի մեջ չի հասնի այն աստիճանի, որ մեղադրի հանցակից Սուքիասյանին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի՜ էքստազի մեջ կընկնեն նիկոլական զոմբիները՝ ըմբոշխնելով իրենց կուռքի այդչափ ծայրահեղ «ազնվությունն» ու «արդարությունը»։

Բայց նույնիսկ դա էլ չէ ամենակարևորը։ Քանզի Փաշինյանը կարող է խաչակրաց արշավանքի ելնել իր սիրելի օլիգարխի և իշխանության տնտեսական հիմնասյուներից մեկի դեմ միայն հանուն շատ ավելի կարևոր նպատակների, քան իր վարկանիշն է։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր տարածաշրջանում, ընդ որում՝ իսկապես կատաղի արագությամբ, վկայում է այն մասին, որ իշխանություններին անհրաժեշտ է ամեն կերպ շեղել հանրության ուշադրությունը երկրի ճակատագրական խնդիրներից։ Օրինակ՝ նրանից, թե սուսուփուս ինչ է անում Արմեն Գրիգորյանը, որը չի դադարում տքնաջան աշխատել Արցախը հանձնելու և հայոց պետականությունը փլուզելու ուղղությամբ։

Պետք է խոստովանել, որ Սուքիասյանի կարգի գործիչների շուրջ բռնկվող սենսացիաները, որոնք մշտապես գրավում են բնակչի անառողջ հետաքրքրությունը և ոչ մի անգամ՝ իրավապահ մարմինների առողջ հետաքրքրությունը, թերևս դրա լավագույն միջոցն են։ Դժվար է պատկերացնել մեկ այլ կերպար, որն ավելի կհամահատասխանի «ապօրինի ճանապարհով ձեռք բերված ունեցվածքի վերադարձ ժողովրդին» անվանումով տպավորիչ շոուի բեմադրությանը, քան Գռզոն։ Իսկ եթե կոռուպցիայի մեջ, թեկուզև հետին թվով, մեղադրվի հենց նախագահը, ապա իսկապես կարելի է աշխարհացունց աղմուկ բարձրացնել։

Համարձակվենք նույնիսկ ենթադրել, որ Սուքիասյանը, հնարավոր է, համաձայնել է լինել ներկայացման կենտրոնում։ Քանի որ նրանից իշխանությունների ստացած շահաբաժինները, և ուրեմն՝ նաև իրենը, կարող են բազմիցս գերազանցել նույնիսկ Արամի փողոցի շենքի արժեքը, որն այսօր գնահատվում է մոտ 2,5 մլն դոլար։ Որովհետև այս էժանագին գավառական շոուի աղմուկի տակ կարելի է վերջնականապես գլուխ բերել այն քաղաքական գործարքը, որի տակ Նիկոլը՝ իրեն պատռելով, ուզում է ստորագրել մինչև տարեվերջ, և որի համար իր Անվտանգության խորհրդի քարտուղարը կաշվից դուրս է գալիս