Իրանի ԱԳՆ․ Ալիևի արձագանքն անհասկանալի է

Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրների լուծմանը երկկողմ և եռակողմ ձևաչափերով։ Այս մասին ասել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա, և հարևանի հետ կապերի ամրապնդումը չի նշանակում, թե այդ հարաբերություններն ուղղված են մյուս հարևանի դեմ»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով՝ Իրանը մշտապես շեշտը դրել է Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների տարածքային ամբողջականության պաշտպանության և նրանց տարաձայնությունների խաղաղ կարգավորման վրա՝ հետևելով իրավունքներին միջազգային իրավունքների շրջանակում։ «Ահա թե ինչու Իրանը դատապարտել է Ադրբեջանի տարածքների օկուպացիան և աջակցել հողերի ազատագրմանն ամենաբարձր մակարդակով»։

Նա նաև անդրադարձել է Ադրբեջանի նախագահի վերջերս արած հայտարարություններին Հայաստանի հետ Իրանի կապերի վերաբերյալ։ «Արդեն մոտ երկու տարի Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնական անձինք երկկողմ և բազմակողմ հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքկան, զինվորական և անվտանգության մակարդակներում՝ մշտական խաղաղության և հաշտեցման ճանապարհին, ինչին սատարում է Իրանը, բայց Բաքվի մտավախությունների պատճառները հարևանական հանդիպումների առիթով անհասկանալի են»։

Խոսելով ԻՀՊԿ-ի զորավարժությունների մասին Հայաստանի և Ադրբեջանի սահմանների մոտ՝ դիվանագետը դրանք անվանել է սովորական և նախապես պլանավորված, որոնց մասին երկու հարևան երկրները նախապես տեղեկացված են եղել պաշտոնական ուղիներով։

Նրա խոսքով՝ կովկասյան խնդիրրի լուծման ուղին անցնում է տարածաշրջանի երկրների մայրաքաղաքների, այլ ոչ թե արտատարածաշրջանային ուժերին դիմելու միջով։

Իսլամական հանրապետությունը, ավելացրել է նա, մեկ անգամ ևս հայտարարում է Ադրբեջանի և Հայաստանի միջև չլուծված խնդիրների լուծմանն աջակցելու պատրաստակամության մասին տարբեր ձևաչափերում, ներառյալ երկկողմ, եռակողմ ձևաչափերը, ինչպես նաև համագործակցության մեխանիզմը «3+3» ձևաչափում, որին մասնակցում են Հարավային Կովկասի երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը և գումարած Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։

News.am