Արսեն ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ․ 2 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՊԱՏԱՀԱԾ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ ԷՐ

ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Արսեն Ջուլֆալակյանի գնահատմամբ՝ Հայաստանում սուտը, ատելությունը, ցինիկությունը, տգիտությունը, քծնանքն ու մեծամտությունը, արդարության բացակայությունը հասել են խեղդող մակարդակի։

«Ցավոք, հերթական անգամ համոզվում ես, որ 2 տարի առաջ պատահած համազգային պարտությունն ու խայտառակությունն օրինաչափություն էր, երբ տեսնում ես, որ...

-մինչև այսօր այդ դավաճանության գլխավոր ճարտարապետը և նրա խմբակը իշխանության են և շարունակում են վայելել հազարավոր մարդկանց աջակցությունը՝ այդ թվում՝ բավական կրթված մարդկանց

-դավաճանը ոչ թե պատժված է, այլ փորձում է պատժել բոլոր նրանց, ովքեր պայքարում են Հայաստանի ներքին և արտաքին թշնամիների դեմ

-ազգակործան պատուհասն իր ընտանիքով հանդերձ նույնիսկ մի փոքր չի զղջում իր բերած աղետի համար և չտեսավարի առավելագույնս ըմբոշխնում է իշխանության տված բարիքները՝ նորից անպատիժ

-կապիտուլյացիան ներկայացվում է որպես սովորական, նորմալ մի երևույթ և ընդունվում է հանրության լայն շերտերի կողմից

-պատերազմի ընթացքում և դրանից հետո խայտառակ վարկ դրսևորածները նշանակվում են նոր, ավելի բարձր պաշտոնների, մաքրվում են, երբեմն նույնիսկ հերոսացվում, շարունակում են անարգել եթերներով և սոց. հարթակներով իրենց ստերի և մանիպուլյացիաների տարածումը

-ՊՆ-ն, ԳՇ-ն, ԱԱԾ-ն հաշտ են այս ամենի հետ», - Facebook-ի իր էջում գրել է Ջուլֆալակյանը։

Ըստ նրա՝ այս ամենի հետ հաշտ են նաև բազմաթիվ իբր սկզբունքային, ազգայնական հայտնի դեմքեր, որոնք ևս շատ հարմար տեղավորվել են տարբեր պաշտոնների։

«-Սփյուռքի տարբեր համայնքներում հանդիպումների ընթացքում լսում ես խայտառակ «սրանք վատն են, բայց նախկիններն ավելի վատը» թեզը

-սուտը, ատելությունը, ցինիկությունը, տգիտությունը, քծնանքն ու մեծամտությունը, արդարության բացակայությունը հասել են խեղդող մակարդակի...

-երբ այսքան ապացույցներից հետո ծնունդով արցախցի, բարձրագույն կրթություն ստացած, տարիներով դասախոս աշխատած մարդն ասում է, թե էս «խեղճն» ինչ աներ, ամեն ինչ նախապես էր որոշված...

-երբ հայտնի քպ-ականները դեռ կարող են ազատ զբոսնել քաղաքում

Երկար կարելի է շարունակել:

Բայց այսքանն էլ հերիք է, որ պարզ դառնա եղածի օրինաչափությունը:

ՀԳ Ցավակցում եմ հայրենիքի համար նահատակվածների ընտանիքներին: Կգա ժամանակ, երբ նրանց սխրանքները կգնահատվեն», - նշել է ԱԺ նախկին պատգամավորը։

Aysor.am