Պեմզաշենում սպանել են մորն ու 2 երեխաներին

Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում, նախնական տվյալներով, դաժան սպանության զոհ են դարձել 31-ամյա կինն ու երկու երեխաները։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 12։25-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Պեմզաշեն գյուղի տներից մեկը, որտեղ բնակիչները չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին։ Հրշեջ փրկարարներն ու քաղաքացիները, ապա՝ օպերատիվորեն ժամանած ոստիկանության Արթիկի բաժնի հերթապահ խումբը բացել են տան դուռը և հատակին հայտնաբերել են 3 դի։ Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն ու նրա երկու երեխաները՝ 12 և 8 տարեկան։

«Փաստինֆո»-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ մարմինների արտաքին զննությամբ հայտնաբերվել են կտրած-ծակած վնասվածքներ. նախնական տվյալներով՝ դրանք պատճառվել են դանակի գործադրմամբ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։ Մասնավորապես ՔԿ-ից հայտնեցին, որ վարույթ է նախաձեռնվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ 1-ին մասով՝ սպանության և նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ անչափահասի սպանության հատկանիշներով։