Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ. ԱՅԺՄ ԱԶԱՏ ԱՇԽԱՐՀԻ ԱՅՍ ԲՈԼՈՐ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԸ ՀԱՐՑԱԿԱՆԻ ՏԱԿ ԵՆ
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական և տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել երեկ Ստրասբուրգում կայացած «Հանուն ժողովրդավարության» 10-րդ համաշխարհային ֆորումում:
«Հարգելի՛ մասնակիցներ, անցած տասնամյակի զարգացումներն ինձ թույլ են տալիս ասել, որ ազատ աշխարհն այժմ կանգնած է ժողովրդավարության պահպանման և զարգացման ճակատագրական ընտրությունների առաջ: Նման ընտրությունները կա՛մ կհանգեցնեն մեր ժողովրդավարական սկզբունքների և ավանդույթների հաստատակամ պահպանմանը, կա՛մ էլ՝ գրեթե ամենուր ժողովրդավարության հետընթացն ու կեղծարարության սկզբունքներն ակնհայտ հանդուրժելուն:
Թույլ տվեք թվարկել այն հինգ հիմնական հանգամանքները, որոնք, կարծում եմ, բացասաբար են անդրադառնում ժողովրդավարական կառավարմանը և չեն խրախուսում լայնամասշտաբ քաղաքացիական ներգրավվածությունը.
1. Քաղաքացիների շրջանում դրական սպասելիքների աստիճանական անկում:
2. Ազատ աշխարհի արժեքների և իդեալների շարունակական քայքայում և երկակի ստանդարտների տարածումն ամբողջ Եվրոպայում:
3. Պետական մակարդակում մարդկանց ներգրավվածության խզում և ավելի շատ տեղական մակարդակում քաղաքացիական մասնակցության խրախուսում:
4. Սոցիալական պառակտման խորացում՝ որակյալ կրթության հավասար հասանելիության դժվարությունների պատճառով:
5. Պոպուլիստ առաջնորդների անարգել վերելք՝ սոցիալական ցանցերում մանիպուլյացիաների և ապատեղեկատվության անհանգստացնող մակարդակի հետ մեկտեղ:
Այսօր ես կներկայացնեմ իմ դիտարկումներն առաջին երեք կետերի վերաբերյալ և ուրախ կլինեմ, եթե դրանք օգտակար լինեն մեր քննարկմանը:
Այսպիսով, ի՞նչն է առաջացրել քաղաքացիների դրական սպասումների աստիճանական անկում:
Առաջին հերթին, կարծում եմ, դա պայմանավորված է ժամանակակից էլիտաների քաղաքական ակտիվության որակով և բովանդակությամբ: Ցավոք, այսօր եվրոպական շատ երկրներում շատերը մտածում են ոչ թե ավելի լավ կրթության կամ առողջապահության, այլ՝ այն մասին, թե ինչպես չկորցնել աշխատանքը կամ չմրսել:
Մենք բոլորս ապրում ենք Երրորդ համաշխարհային պատերազմի կամ միջուկային աղետի սպասումով: Երջանկության և բարեկեցության մակարդակի անկումը հանգեցնում է աշխարհում ավելի քիչ ներգրավվածության, ավելի քիչ ժողովրդավարության և ավելի քիչ անվտանգության: Ոչ եվրոպական տեսանկյունից «Ի՞նչ է Եվրոպան» հարցը, ամենայն հավանականությամբ, երեք հիմնական պատասխան ունի՝ բարեկեցություն, արդարություն և անվտանգություն: Այս երեք առավելությունները նաև Եվրոպան դարձնում են եզակի մայրցամաք, որը գրավում է միգրանտներին ամբողջ աշխարհից: Այժմ ազատ աշխարհի այս բոլոր արժանիքները հարցականի տակ են, և ոչ թե միջազգային իրավիճակի, այլ՝ Եվրոպայի ժողովրդավարական սկզբունքների հետընթացի պատճառով:
Ի՞նչն է առաջացրել ազատ աշխարհի արժեքների և իդեալների շարունակական քայքայում:
Ներկայիս միջազգային առճակատման պայմաններում ազատ աշխարհի ժողովրդավարական ավանդույթներն ու արժեքները սկսել են անտեսվել աշխարհաքաղաքական շահերի պատճառով: Սա երկակի ստանդարտների մասին դիսկուրս է առաջացրել և բացասաբար ազդել աշխարհում մեր արժեքների փափուկ ուժի վրա:
Ոմանք կարծում են, որ ուկրաինական ճգնաժամում Եվրոպայի որդեգրած ամուր և անզիջում դիրքորոշումը լավ ազդանշան է շատերի համար, ովքեր կարևորում են իդեալներն ու արժեքները: Բայց այլ դեպքերում այդ սկզբունքայնությունը բացակայում է: Մենք պետք է կոտրենք շարունակական փոխզիջումների շղթան դեպի ոչ ժողովրդավարական և ոչ ազատական ռեժիմներ՝ ամենուր մեր արժեքներին հավատարիմ մնալու համար: Նման «երկակի ստանդարտներն» առավել վառ դրսևորվում են ընտրողական վերաբերմունքում, օրինակ՝ խոսքի ազատության սահմանափակումների, դատարանների նկատմամբ հետևողական ճնշումների կամ ժողովուրդների ինքնորոշման հիմնարար իրավունքի ճանաչման նկատմամբ: Դրանք դրսևորվում են նաև այն ժամանակ, երբ Եվրոպան ընտրողական մոտեցումներ է ցուցաբերում ագրեսիայի և ինքնիշխան տարածքների ռազմական օկուպացիայի նկատմամբ՝ միայն էներգետիկ անվտանգության նկատառումներից ելնելով: Եկեք առերեսվենք իրականությանը. ըստ Economist Intelligence Unit ամսագրի՝ Եվրոպայի խորհուրդը հարմարավետորեն տեղ է տալիս ինչպես հասուն ժողովրդավարական երկրների, այնպես էլ՝ ավելի երիտասարդ ավտորիտար ռեժիմների:
Իսկ ինչպե՞ս եմ արձանագրում պետական մակարդակում քաղաքացիների ներգրավվածության նվազումը:
Եվրոպայում քաղաքացիական ներգրավվածության երեք հարթություն կա՝ տեղական, ազգային և վերազգային միջավայրեր: Տեղական մակարդակում տեսնում ենք, թե ինչպես են գործում ամենաառաջադեմ և կատարելագործված ժողովրդավարական մեխանիզմները: Որոշ երկրներում նկատում ենք «կեղծ դեմոկրատական ռեժիմների» ի հայտ գալը, որտեղ մարդիկ քվեարկում են միայն համապետական ընտրությունների օրը, և վերջ: Ինչպես անվանենք այն քաղաքական մեծամասնությանը, որն իր ձայները ստացել է ազատ ընտրությունների արդյունքում, բայց հետո իրականացնում է այնպիսի մի քաղաքականություն, որը կապ չունի իր նախընտրական խոստումների կամ նախընտրական ծրագրերի հետ:
Կարող է թվալ, թե «նոր նորմա է», երբ կառավարություններն առանց ժողովրդի որևէ նշանակալից մասնակցության ճակատագրական որոշումներ են կայացնում, օրինակ՝ պետության չեզոքության կարգավիճակը փոփոխելու, կամ՝ կառավարության ղեկավարին առանց նոր ընտրությունների մի քանի անգամ անընդմեջ փոխելու վերաբերյալ: Կան բազմաթիվ այլ օրինակներ, ինչպիսիք են՝ նոր քաղաքական միավորումների ստեղծումը, նոր ռազմական ուժերի ձևավորումը մայրցամաքում և այլն:
Ինչպե՞ս պետք է վերաբերվենք իրավիճակին, երբ քաղաքական գործիչներն են որոշում՝ ի՞նչ տեղեկատվություն պիտի ստանա եվրոպացին և որքա՞ն: Մարդկանց կյանքի վրա մեծ ազդեցություն ունեցող տեղեկատվության հասանելիությունը հաճախ սահմանափակվում է քաղաքական գործիչների որոշմամբ: Արդյո՞ք «ազգային անվտանգության մտահոգությունների» վերաբերյալ բացատրությունները բավարար են:
Գործընկերնե՛ր,
Եզրափակելով խոսքս՝ թույլ տվեք ասել հետևյալը.
Ժողովրդավարական կառավարման տարբեր մակարդակներում հակասական գործընթացները կարող են խաթարել սոցիալական վստահության և կայունության հիմքերը: Ընտրություններին մասնակցության ներկա նվազող մակարդակը պետք է կառավարման համակարգի նկատմամբ հանրային ցածր հավանության մասին ահազանգ լինի: Մենք պետք է կոտրենք վերը նշված փոխզիջումների շղթան, նախքան այն կոչնչացնի բարգավաճումն ու անվտանգությունը Եվրոպայում: Դա անելու համար պետք է նորովի բացահայտենք ինքներս մեզ և դարձյալ դառնանք ավելի սկզբունքային՝ զոհ չգնալով ներկա ավտորիտար միտումներին»: