ԲԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը ձերբակալվել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։ Նա, մասնավորապես, գրել է.

«Այս պահին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ Բերդ քաղաքում ենք, ուր կայանալու է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Հայաստանում օկուպացիոն ռեժիմը չհամակերպվելով Բերդում իր պարտության հետ, այսօր հերթական դիվերսիոն «ներթափացումն» է արել սահմանամերձ Տավուշ ու ձերբակալել են համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին, որ ընկճեն իր թիմակից ավագանու անդամներին»։

Նշենք՝ Բերդի համայնքապետարանում այս պահին տեղի է ունենում նորընտիր ավագանու առաջին նիստը, որի օրակարգում համայնքապետի ընտրության հարցն է։ Ընտրություններում հաղթած «Զորավոր համայնք» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հարություն Մանուչարյանն ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել։

Հիշեցնենք՝ Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանը հոկտեմբերի 7–ին, Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել։

Դատարանը բավարարել է շուրջ 11 ամիս անազատության մեջ գտնվող Հարություն Մանուչարյանի պաշտպաններ Արման Թամրազյանի և Հայկ Ալումյանի միջնորդությունը և նրան գրավի դիմաց ազատ արձակել։

News.am