«Հրապարակ». ՀՆԱՐԱՎՈՐ Է ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻՆ ԶՆԿԵՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆԻՑ
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած դատախազությունից պնդում են, որ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու մասին որոշում չկա, սակայն ԱԺ մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում հնարավոր է նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ գա՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ:
Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցներից մեկով իշխանությունն արտահոսք էր թողել, թե փաստաբան Էրիկ Ալեքսանյանի և դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործում նոր երևան եկած հանգամանքների պատճառով հնարավոր է վերաբացվեն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Վահե Հակոբյանի և Արմեն Չարչյանի գործերը, և դատախազը պատրաստվում է միջնորդել, որ նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեն: Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ եթե քաղաքական որոշում կայացվի, իսկ դա ռիսկերով հղի որոշում է, ապա դատախազն առանձին-առանձին է մտնելու ԱԺ, և առաջինը Սեյրան Օհանյանն է թիրախում:
Պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում, թե կոկրետ ինչ վարույթով է դատախազը միջնորդելու՝ հայտնի չէ: Պատգամավոր Արմեն Չարչյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ իր նկատմամբ հարուցված քրգործերում նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել, վերջին շրջանում որևէ գործով չի հարցաքննվել, ուստի չի կարող ասել, թե ինչի հիման վրա է լինելու միջնորդությունը: Սակայն նաև չի բացառվում, որ նման լուրեր շրջանառության մեջ դնելը ընդդիմության նկատմամբ ճնշումներ գործադրելու և նրանց պայքարը զսպելու նպատակ է հետապնդում»։