ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐԱՅԻՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎ ՝ ՓՈԽԱԴԱՐՁ ՆԵՂԱՑԱԾՈՒԹՅԱՆ ԽՈՐԱՊԱՏԿԵՐԻՆ

Հաղորդվում է, որ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը կրկին շփվել են հեռախոսով։ Բայց այս անգամ զրույցի թեման ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն էր կամ հայ-ադրբեջանական հարաբերությունները, որքան նոյեմբերի 22-ին ՌԴ առաջնորդի այցը Երևան և ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ նոյեմբերի 23-ին։

Հեշտ է ենթադրել, որ դա լինելու է ամենատարօրինակ գագաթնաժողովը կազմակերպության պատմության մեջ. նույն կլոր սեղանի շուրջ նստելու են Ղրղզստանի, Տաջիկստանի, Բելառուսի և Հայաստանի առաջնորդները:

Հիշեցնենք, Ղրղզստանի եվ Տաջիկստանի սահմանի վրա վերջին ռազմական գործողությունները ավելի քան հարյուր զինծառայողների կյանք խլեցին, որից հետո Ղրղզստանը չեղարկեց ՀԱՊԿ զորավարժությունները իր տարածքում: Բիշքեկը դա բացատրեց իր դժգոհությամբ՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» ռուսաստանյան շքանշանով Տաջիկստանի առաջնորդ Էմոմալի Ռահմոնի պարգևատրման առնչությամբ։ Ավելին, Բիշքեկից հաղորդագրություններ ստացվեցին, որ Ղրղզստանը մտադիր է քննարկել ՀԱՊԿ-ին իր անդամակցման նպատակահարմարության հարցը։

Մինսկ-Երևան... ՀԱՊԿ խորհրդի վերջերս կայացած նիստում, որը գումարվել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ և անցկացվել տեսակոնֆերանսի ձևաչափով, Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն թույլ տվեց նախատել Նիկոլ Փաշինյանին, ինչպես կնախատեն լակոտին։ Ասել է թե՝ ի՞նչ ես ուզում մեզանից, ինչո՞ւ ես կռվում սարերի համար, որոնց վրա նույնիսկ այծեր չեն արածում: «Պայմանավորվիր վերջապես Իլհամ Ալիևի հետ, այլապես ավելի վատ կլինի...»:

Այդպես գրեթե բառացիորեն Լուկաշենկոն հանդիմանեց Փաշինյանին՝ ի պատասխան այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքի Երևանի ակնկալիքի։ Ագրեսիա, որի արդյունքում Ադրբեջանը մի շարք բարձունքներ գրավեց հայկական առողջարանային Ջերմուկից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ագրեսիա, որի արդյունքում Հայաստանը կորցրեց ավելի քան 200 զինծառայող։

Ցուցանշական է, որ թեև ՀԱՊԿ խորհրդի տեսակոնֆերանսը տեղի է ունեցել մամուլի և հանրության համար փակ ձևաչափով, այդուհանդերձ Բելառուսի առաջնորդի բացահայտ ոչ կոռեկտ արտահայտությունները «պատահաբար» հայտնվել են համացանցում՝ ազատ հասանելիությամբ։

Լուկաշենկոն, սակայն, դրանով չի սահմանափակվել։ Մինսկում նա «հաշիվ է պահանջել» ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասից և թեկուզ ոչ այդչափ բացահայտ, որքան Փաշինյանին, բայց «պախարակել» է նաև նրան... Ո՞րն էր Զասի մեղքը։ Այն, որ վերջինս, ելնելով իր ծառայողական պարտականություններից, Հայաստան է ուղարկել ՀԱՊԿ մոնիտորինգային խումբ, որն արձանագրել է ադրբեջանական ներխուժումը Հայաստանի տարածք և իր զեկույցում ներկայացրել այդ փաստը ՀԱՊԿ առաջնորդներին։ Բայց Լուկաշենկոյին դա դուր չի եկել և նա բացատրական զրույց է անցկացրել Զասի հետ. իբր՝ այդ ամենը Հայաստանի «քաղաքական խաղերն» են, որը փորձում է ՀԱՊԿ-ին ներքաշել հակամարտության մեջ և մեղավոր է նրանում, որ արևմտյան երկրներից դիտորդներ է հրավիրում հանրապետություն։

Այստեղ կարելի է միայն զարմանալ, որ Լուկաշենկոն հաշիվ չի պահանջել նաև Մարիա Զախարովայից, որն իր հոկտեմբերյան ճեպազրույցներից մեկում հնչեցրել Է Մոսկվայի դիրքորոշումը՝ ադրբեջանական ստորաբաժանումները նախկին դիրքեր հետ քաշելու անհրաժեշտության մասին…

Դե, և վերջապես, Բելառուսը հայտնվեց այն հատուկենտ երկրների շարքում, որոնք օրերս շնորհավորեցին Ալիևին 2020 թվականի 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ինչպեսև, ասենք, ՀԱՊԿ մեկ այլ անդամ՝ Ղազախստանը։ Չնայած այն բանին, որ Երևանը ուժերի ներածի չափով օգնեց Տոկաևին Ղազախստանում ներքաղաքական լուրջ ճգնաժամի կարգավորման հարցում այս տարվա հունվարին։

Եվ ահա այս պայմաններում ՀԱՊԿ առաջնորդները պետք է հավաքվեն Երևանում։ Փաշինյանը, բնականաբար, կջանա, որ գագաթնաժողովը կազմակերպվի «մակարդակով», բայց ընդհանրապես փաստ չէ, թե ստեղծված իրավիճակում Երևան կժամանեն ՀԱՊԿ բոլոր առաջնորդները։ Հայրենի արևմտամետներից շատերն այսօր արդեն կանխատեսում են ՀԱՊԿ-ի առաջիկա փլուզումը։

Երևանյան գագաթնաժողովն անկյունաքարային է լինելու։ Պետք է խոստովանել, որ ուկրաինական ճակատում նույնպես առկա բարդ իրավիճակի պայմաններում Վլադիմիր Պուտինի համար բոլորովին հեշտ չի լինելու կազմակերպության ներսում և նրա շուրջ ստեղծված բարդ մարտահրավերների պարագայում փորձել ընդհանուր հայտարարի բերել իրարից սաստիկ նեղացած ՀԱՊԿ առաջնորդներին։