«Հրապարակ». ՔՊ ՇԱՐՔԵՐՈՒՄ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ ԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ շարքերում հիասթափված են Նիկոլ Փաշինյանից, ով ասել է, թե չի հանդուրժելու որևէ կեղծիք, մինչդեռ ՔՊ-ում կասկածներ ունեն, որ վարչության կեղծված ընտրությունները ծածկադմփոց են արվելու, իրենց չեն պատրաստվում իրազեկել, թե ինչն ինչպես է տեղի ունեցել, ովքեր են պատասխանատուները, և ինչ պատիժ է սպասվում նրանց։
ՔՊ մեր աղբյուրի կարծիքով, այդ ամենը պարզելը ժամերի հարց է: Ավելին, պատգամավորներն ակնկալել են, որ Փաշինյանն իրենց հետ հանդիպման կներկայանա այն ժամանակ, երբ ունենա կատարվածի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանները, մինչդեռ անցած շաբաթ խմբակցության հետ փակ հավաքի ժամանակ ոչինչ չի ասվել, և որևէ տեղաշարժ այդ ուղղությամբ չկա։
Ի դեպ, երեկ Եղվարդում գործարանի բացմանը Փաշինյանը գնացել էր փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի ուղեկցությամբ, այն պարագայում, որ վերջինս կասկածյալների շրջանակում է. նրա օգտին 27 ձայն էին «լցոնել», որ դառնար վարչության անդամ, և Արսեն Թորոսյանի բողոքներից հետո նա տեղը զիջեց վերջինիս»։