Ռուբեն ՄԵԼՔՈՆՅԱՆ․ ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ԽԱԲՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԵՎ ՆՐԱՆ ՄԵՆԱԿ ԹՈՂՆՈՒՄ ԹՇՆԱՄՈՒ ԱՌԱՋ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի դեմ մարտահրավերները ոչ միայն արտաքին են, այլև ներքին և այդ ներքին մարտահրավերների մեջ ես հատկապես կարևորում եմ կեղծ սուտ ինֆորմացիայի տարափը, որի թիրախը մեր հասարակությունն է: Այս մասին այսօր` նոյեմբերի 12-ին թյուրքագիտական երկու նոր գրքերի շնորհանդեսին ասաց թուրքագետ, պատմական գիտությունների, դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:
«Ի մասնավորի` Թուրքիայի և Ադրբեջանի, դրանից բխող վտանգների, այլափոխված, խեղաթյուրված պատկերի ներկայացումը, որի նպատակները չեն կարող լինել հայաստանանպաստ, այսինքն` մեր հասարակությանը ներկայացնում են Թուրքիայի, Ադրբեջանի հետ ոչ միայն հարաբերություններ կարգավորելու, այլև բարեկամանալու հնարավորություն, որի հավաքական անվանումն է խաղաղության դարաշրջան, որը սակայն որևէ կապ չունի իրականության հետ և ավելին, չկա որևէ նախադրյալ` դրան հասնելու համար: Ի դեպ, այս սին և դատարկ խաղաղության դարաշրջանի տապալվելու մասին մասին սկսել են խոսել նույնիսկ իշխանությունները` անուղղակի կամ ակնարկներով,սակայն միևնույն ժամանակ պնդելով, թե հավատում են այդ կեղծիքին և գնալու են այդ ճանապարհով, մինչդեռ մասնագետները, ի սկզբանե, պնդում էին, որ խաղաղության մասին խոսելն անիմաստ է»,- ասաց նա:
Մելքոնյանի խոսքով` իշխանության ներկայացուցիչների թեզերը Հայաստան- Թուրքիա հարաբերությունների մասին համընկնում են Ժիրայր Լիպարիտյանի թեզերի հետ և դառնում են Հայաստանի պաշտոնական դիրքորոշում:
«Սա ունի մի շատ մեծ վտանգ, այս թեզերը ապակողմնորոշում են հասարակության մի մասին, հատկապես Երևանից դուրս: Ինչո՞ւ եք խաբում ժողովրդին կեղծ խաղաղասիրական թեզեր տարածելով, ինչու եք խաբում ժողորդին խաբում, թե թուրքերն ու ադրբեջանցիներն իրականում այդքան էլ վատը չեն, ինչո՞ւ եք թալանում ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը և նրան մենակ թողնում թշնամու առաջ, ով խոսում է Սևանը, Ջերմուկը, Երևանը գրավելու իր բացահայտ ցանկությունների մասին: Մենք որպես թուրքագետներ, մեզ պատասխանատու ենք համարում այս ճշմարտությունները ներկայացնելու հասարակությանը»,-ասաց նա: