ՊԵՆՏԱԳՈՆԻ ՆԱԽԿԻՆ ՊԱՇՏՈՆՅԱ ՄԱՅՔԼ ՌՈՒԲԻՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ` ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՃԱՆԱՉԵԼ ՈՐՊԵՍ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐ
Պենտագոնի նախկին պաշտոնյա, պատմական գիտությունների դոկտոր Մայքլ Ռուբինը կոչ է արել` Թուրքիային ճանաչել որպես ահաբեկչության հովանավոր։ Իր 19FortyFive սյունակում Ռուբինը թվարկել է հիմնական պատճառները, թե ինչու՞ ՆԱՏՕ-ի անդամները պետք է դադարեցնեն համագործակցությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Մասնավորապես, ըստ Ռուբինի, Էրդողանը ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի ցանկությունն օգտագործում է որպես հնարավորություն՝ ոչ միայն նվաստացնելու այդ պետությանը, այլև ֆինանսավորումը տապալելու համար։
«Շվեդ քաղաքական գործիչներին անընդհատ ենթարկեցնելով և ստրկամիտ դարձնելով, Էրդողանը ազդանշան է տալիս իր հետևորդներին, ոչ միայն Թուրքիայի ներսում, այլև Եվրոպայի զգալի սփյուռքի շրջանում, որ ժողովրդավարությունները թույլ են և անսկզբունքային, մինչդեռ ուժեղ կառավարման նկատմամբ իր մոտեցումը կարող է հզորության հանգեցնել»,- ասել է Ռուբինը:
Բացի այդ, Ռուբինը ՆԱՏՕ-ի երկրներին խորհուրդ է տվել չտրվել Էրդողանի պահանջներին՝ ահաբեկչական գործողությունների մեջ ներգրավված անձանց Անկարային արտահանձնելու վերաբերյալ։ Ռուբինը կարծում է, որ այս պահանջի պատասխանը պետք է լինի Թուրքիայի քաղաքացիների նմանատիպ ցուցակը, որը կազմվել է «ահաբեկչական գործողությունների շատ իրատեսական ապացույցների հիման վրա»։ Մասնավորապես, Ռուբինը մեղադրել է Թուրքիայի գործող նախագահին` ՀԱՄԱՍ արմատական շարժման, ԴԱԻՇ-ի և Սոմալիի նախկին պաշտոնյաների հետ կապեր ունենալու համար։
«ՆԱՏՕ-ն պետք է արձագանքի Էրդողանի չարաճճիություններին՝ կազմելով թուրք արմատականների արտահանձնման կամ ազատազրկման ցուցակներ։ Եթե Էրդողանը հրաժարվի ենթարկվել այդ չափանիշները, ապա ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ պետք է Թուրքիային ահաբեկչության հովանավոր հայտարարի՝ իր ազգային օրենսդրության համաձայն՝ այս երկրի նկատմամբ կիրառելով ցանկացած օրենսդրական պատժամիջոց»,- եզրափակել է Ռուբինը։