Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՁԵՌՔԵՐԸ ՎԵՐ ՊԱՐԶԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՆՈՐ ԱԳՐԵՍԻԱՅԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սառը դատողությամբ պետք է ընդունել, որ քաղաքական խոսույթը նախապատրաստում է չլուծված խնդիրների հաջորդ փնջի հնարավոր ռազմական լուծման հեռանկարը։ Վերլուծելով Ադրբեջանի վերջին ամիսների գործողությունները, խոսույթը, քաղաքական ուղերձներն աշխարհին, Հայաստանին և իր ներքին լսարանին, գնահատելով նաև Հայաստանի իշխանություն կոչեցյալի թափթփված, անպատասխանատու քայլերի հաջորդականությունը, ռազմաքաղաքական անգործությունը, անհեռանկար պատկերացումները, թե որոնք են մեր դիմակայելու ռեսուրսները՝ պարզ է դառնում, որ Հայաստանն այսօր կարծես ձեռքերը վեր բարձրացրած՝ սպասում է հաջորդ ագրեսիային՝ հույս ունենալով, որ ինչ-ինչ պատճառներով այն չի լինի։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման պնդում արեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը:
«Ինչ-որ պահի Իրանի Իսլամական Հանրապետությունը կասեցրեց հնարավոր ագրեսիայի ընթացքը, հիմա հույս ունեն, որ այն կկասեցնի Ռուսաստանը։ Փաշինյանն իր երեկվա հարցազրույցում մի շարք խնդիրներ վերահասցեագրեց Ռուսաստանին։ ՀՀ կենսական, կարևորագույն, հայ ժողովրդի անվտանգությանն ուղղակիորեն առնչվող հարցադրումները, փաստորեն, հասցեագրվում են այլ պետության։ Այսինքն, վարչապետ կոչեցյալն ասում է՝ ինձ վրա հույս չդնեք, կարող է լինել նոր պատերազմ, բախումներ, կորուստներ, այստեղ ես մեղք չունեմ, փոխարենը՝ ինչ ուզում եք՝ արեք, ուզո՞ւմ եք՝ պաշտպանեք, ուզո՞ւմ եք՝ ոչ։ Մեղավոր են մյուս պետությունները, նաև՝ Ադրբեջանը, ընդդիմությունը, բոլորը։ Այսինքն՝ զրո պատասխանատվություն սեփական հիմար և արկածախնդիր քաղաքականության արդյունքում ստեղծված հաջորդ վտանգավոր իրավիճակի համար»,- ասաց քաղաքական գործիչը:
«Առաջիկա փաստաթղթի միայն վերնագիրն է հայտնի՝ խաղաղության պայմանագիր, մնացած ամբողջն անորոշ է։ Վստահ եմ, որ նույնիսկ ԱԳՆ-ում զրո պատկերացում ունեն, թե ինչ են գրելու այդ պայմանագրում։ Ադրբեջանն առաջարկել է հինգ սկզբունք, սրանք ընդունել են։ Հինգն էլ Հայաստանի պարտականությունների մասին են, ընդ որում՝ նսեմացուցիչ, ինքնակործանման տանող, որպես սուբյեկտ, պետություն ու հանրույթ՝ գոյությունդ ավարտող։ ՀՀ-ի համար դա դատավճռի ստորագրում է։ Պայմանագրի մի ամբողջ գլուխ լինելու է Ադրբեջանի իրավունքների ու ազատությունների, մյուս գլուխը՝ Հայաստանի պարտականությունների և ինքնաոչնչացման մասին։ Կսահմանվեն Ադրբեջանի իրավունքները Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Հայաստանի պարտականությունները՝ չխառնվել, մոռանալ, հեռու քաշվել, որևէ ազդեցություն չունենալ, որևէ կերպ մասնակից չլինել»,- նշեց ընդդիմադիր գործիչը:
Նախկին փոխնախարարի կարծիքով՝ դա չի կարող խաղաղություն լինել, քանի որ ցանկացած խաղաղություն բալանսավորված է և պետք է ունենա երաշխիք, ընդ որում՝ այդ երաշխիքը պետք է առաջին հերթին լինի այն կողմի ձեռքերում, որն ավելի շատ է ձգտում խաղաղության. «Փաշինյանն ասում է, թե խաղաղություն կարող է լինել, բայց դրա համար միջազգային երաշխիքներ են պետք։ Այսինքն՝ նա դարձյալ ակնկալում է դրսից ինչ-որ մեկի երաշխիքը։ Իսկ ո՞վ է տալու այդ երաշխիքը։ Լեռնային Ղարաբաղի անվտանգային միջավայրի ապահովման հարցում նախնական նվազագույն երաշխիք ՌԴ խաղաղապահ առաքելությունն ինչ-որ կերպ տալիս է, բայց հարց է, թե ինչքա՞ն ժամանակով, ի՞նչ պայմաններում, ի՞նչ մարտահրավերների դեպքում այլևս ի վիճակի չի լինի, և անհրաժեշտ կլինի նաև հայկական գործոնի մասնակցությունը։ Այս խնդիրներն ամբողջապես անպատասխան և անորոշ են։ Իսկ եթե դու պետություն ես, քո երկրում քաղաքացիներ են ապրում, ներդրում անում, մարդիկ են ծնվում, ծրագրեր կազմում, ընտանիքներ են ձևավորվում, և դու որևէ մեկին որևէ երաշխիք չես տալիս, ուրեմն այլևս գոյություն չունես»:
«Նման տեսակի իշխանություններ այսօր աշխարհում գոյություն չունեն, և զարմանալի է, որ Հայաստանում այս իրավիճակում այս տեսակի իշխանություն կա։ Խաղաղության օրակարգը կեղծ է, քանի դեռ դու ինքդ այդ խաղաղության համար ոչինչ չես անում։ Բանակցողին փոխել՝ չի նշանակում, թե մեկ անձի փոփոխությամբ Հայաստանի պոտենցիալ հնարավորությունները փոխվելու են։ Բանակցողին փոխել՝ նշանակում է ձևավորել մի համակարգ, որը պետք է իր բոլոր հնարավորությունն ի սպաս դնի ՀՀ բանակցային դիրքերն ամրացնելու, վերափոխելու, վերադասավորելու, գոյություն ունեցող միջազգային քաղաքականության հնարավորությունները համադրելու և ՀՀ-ի համար առավել շահեկան խաղաթղթեր կիրառելու գործին։ Երբ նա գնա բանակցությունների, պետք է ունենա, օրինակ, պաշտպանության նոր նախարար՝ վստահ լինելով, որ նա ամեն օր անվտանգությունն ամրացնում է»,- ամփոփեց Արտակ Զաքարյանը: