ՔԱԿ-ը հերքել է Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությանն իր մասնակցության վարկածը
Քրդական աշխատավորական կուսակցության ազգային պաշտպանության կենտրոնի շտաբի հրամանատարությունը տարածել է հայտարարություն, որում հերքել է Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությանն իր մասնակցության վարկածը։
Քուրդ ակտիվիստները ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին, ապաքինում են մաղթել տուժածներին։ Նրանք նաև ընդգծել են, որ չեն թիրախավորում խաղաղ բնակիչներին։
«Մեր ժողովուրդը և ժողովրդավարական հասարակությունը քաջ գիտակցում են, որ մենք կապ չունենք այս միջադեպի հետ, մենք չենք թիրախավորում խաղաղ բնակչությանը և չենք իրականացնում քաղաքացիական անձանց դեմ ուղղված գործողություններ։ Մենք շարժում ենք, որը օրինական պայքար է մղում հանուն ազատության»,- ասվում է Kurdistan24 կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են Քրդական աշխատավորական կուսակցությունը և Ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատները (YPG):
News.am