Վրաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունը և հետագա համագործակցության օրակարգը, հայտնում է Առաջին ալիքը։

«Ուշադրություն է դարձվել այս տարվա հոկտեմբերին Վրաստան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կատարած այցին։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ այս այցը ևս մեկ անգամ ընդգծել է երկրների միջև բարիդրացիական և բարեկամական հարաբերությունները և մեծ ներուժը, այդ թվում՝ առևտրատնտեսական ուղղությունների տեսակետից։

Զրույցն առնչվել է խաղաղության ու կայունության ապահովման կարևորությանը ժողովրդի բարեկեցության և տարածաշրջանի զարգացման համար։ Վարչապետը ևս մեկ անգամ նշել է, որ Վրաստանն այսուհետ ևս պատրաստ է ամեն կերպ նպաստել երկու հարևան երկրների միջև երկխոսությանը։

Ուշադրություն է դարձվել Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնած «Հարավային Կովկասում բարիդրացիության խաղաղ նախաձեռնությանը», որին Հարավային Կովկասի պետությունների հետ միասին մասնակցում են նաև միջազգային գործընկերները։

Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ադրբեջանական կողմին՝ երկրի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ամուր աջակցության համար։

Կողմերը դիտարկել են տարածաշրջանային նշանակության ոլորտային գերատեսչությունների և ենթակառուցվածքային նախագծերի փոխգործակցությունը։

News.am