ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ և ՓՈՐՁԱԳԵՏ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ՀՊՏՀ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում /ՀՊՏՀ/ տեղի ունեցավ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի /Պալատ/ և ՀՊՏՀ միջև համագործակցության հուշագրի ստորագրման հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտորը, Պալատի նախագահը, խորհրդի անդամները, Համաշխարհային բանկի ներկայացուցիչը, Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության հանրային վերահսկողության խորհրդի նախագահի տեղակալը և անդամները, ԿԲ խորհրդի անդամ, ինչպես նաև ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:
Պալատը մասնագիտական մեծ ներուժով, փորձով պատրաստակամ է աջակցել բուհական համակարգին ուսանողների կրթության և մասնագիտական զարգացման գործընթացներում, և մասնավորապես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին, որպես նաև պրոֆեսիայի բազային բուհական կրթօջախի, տրամադրել արդիական մասնագիտական դասագրքերը, աջակցություն ցուցաբերել Համալսարանին կրթական ծրագրերի մշակմանը և բարելավմանը, աջակցել ուսանողների պրակտիկաների կազմակերպմանը, մասնակցել Համալսարանի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին, աջակցել պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական զարգացմանը և որակավորման բարձրացման դասընթացների կազմակերպմանը, նրանց մասնակիցը դարձնել Պալատի կողմից տարբեր հարթակներում կազմակերպվող բաց դասերին, սեմինարներին և քննարկումներին, ուսանողների համար կազմակերպել հանդիպումներ բիզնես համայնքի հետ ու աջակցել նրանց աշխատանքի անցնելու հարցում, տրամադրել լավագույն ուսանողներին Պալատի անվանական կրթաթոշակներ։
Նախանշված այս ծրագրերի հաջող իրականացման դեպքում հետագայում կարող է դիտարկել նաև կոնկրետ ԲՈՒՀ-ը հաջողությամբ ավարտած ուսանողներին Պալատի որակավորման սկզբնական առարկաների քննություններից ազատումների շնորհումը։
Լրացուցիչ տեղեկատվություն
Պալատը ստեղծվել է 1997 թվականին, գործել է որպես Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա, ակտիվ դերակատարում է ունեցել հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության համակարգերի բարեփոխումների գործում, համախմբել և միավորել է որակավորված աուդիտորների, հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների մեկ մասնագիտական ասոցիացիայի շուրջ, որն էլ հետագայում վերակազմավորվել է Պալատի:
Ներկայումս Պալատը Օրենքով հավատարմագրված միակ Մասնագիտացված կառույցն է, որին 2020թ․-ից փոխանցվել են ՀՀ-ում հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում պետական կարգավորման մի շարք կարևոր գործառույթներ, մասնավորապես՝ աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորումների շնորհում, շարունակական մասնագիտական զարգացման պահանջների սահմանում և վերահսկում, աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի հսկողության և օրենքով սահմանված այլ պահանջների պահպանման արտաքին գնահատում և կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառում, մասնագիտական հանրության ռեեստրի վարում:
Այժմ միայն Պալատի անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունները կարող են մատուցել աուդիտորական ծառայություններ, և միայն Պալատի անդամ ֆիզիկական անձինք կարող են հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր ու միջին կազմակերպություններում աշխատել որպես գլխավոր հաշվապահ, կամ աուդիտորական կազմակերպություններում աշխատել որպես աուդիտոր։
Պալատը 2005 թվականից հանդիսանում է Հաշվապահների միջազգային դաշնության թղթակից անդամ, ունի 678 անդամ, այդ թվում՝ 302 աուդիտոր, 346 փորձագետ հաշվապահ և 30 աուդիտորական կազմակերպություն: