Հայ Դատ․ ՄԱԿՐՈՆԸ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԼՈՒՐՋ ՔԱՅԼԵՐ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆրանսիայի Սենատի կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ բանաձևի ընդունումը սպասելի էր: Այս մասին News.am-ի հետ զրույցում նշեց Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի պատասխանատու Անահիտ Հակոբյանը:

 


«Մենք շատ սերտ համագործակցում ենք ֆրանսիացի սենատորների հետ: Բոլոր սենատորները կողմ են քվեարկել բանաձևին, բացառությամբ մեկ կին սենատորի, որը շատ մոտ է ադրբեջանական ռեժիմի հետ: Մենք սոցցանցերում նրա դեմ արդեն բավականին մեծ արշավ ենք սկսել»,-ասաց նա:

Հարցին, թե որքանո՞վ է հնարավոր, որ Ֆրանսիան իսկապես պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ, Անահիտ Հակոբյանը պատասխանեց. «Մենք աշխատում ենք այդ ուղղությմբ: Պետք է նշել, որ նախագահ Մակրոնը բավականին լուրջ քայլեր է անում այդ ուղղությամբ:

Պետք է նշել նաև, որ երկու շաբաթից՝ նոյեմբերի 28-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովում գրեթե նույն բանաձևն է ընդունվելու: Հույսեր կան, որ այն կընդունվի: Հիմա պետք է տեսնենք, թե ինչ է կտարվելու Ֆրանսիայի կառավարության կողմից:

Ֆրանսիայի ԱԳՆ-ն բավականին նոր ձևաչափերով խոսում է այս խնդրի մասին՝ նշելով, որ Ադրբեջանն է ագրեսոր երկիրը: Դա Սա նոր բան է, որովհետև, սովորաբար, Ֆարնսիայի ԱԳՆ-ն շատ չեզոք կարգավիճակում էր: Հիմա դա փոխվել է, ինչը ողջունելի է»:

Անահիտ Հակոբյանի խոսքով, եթե այս պատժամիջոցներն Ադրբեջանի նկատմամբ կիրառվեն, Բաքվի կողմից ականատես կլինենք աղաքական, նաև տնտեսական շանտաժների. «Ֆրանսիայի կառավարությունը, խորհրդարանը, նաև նախագահ Մակրոնը դա գիտեն: Շատ հաճախ Թուրքիայի կառավարությունն էլ է նույն շանտաժային ձևերով վարվում Ֆրանսիայի կառավարության հետ: Մենք բոլորս հիշում ենք Էրդողանի հայտարարությունը, որ ասում էր՝ Մակրոնը հոգեկան հիվանդություն ունի: Ֆրանսիայի կառավարությունը գիտի այդ ամենը: Մենք սպասում ենք դրան, ինչը ողջունելի է, քանի որ ավելի է սրելու Ֆրանսիայի հարաբերությունները Թուրքիայի ու Ադրբեջանի հետ»:

Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի պատասխանատուն նաև նշեց, որ բոլոր հարթակներում իրենք ներկայացնում են հայ ռազմագերիներին վերադարձնելու պահանջը, և այս բանաձևում նույնպես դա կա. «Առաջ ասում էին՝ միջազգային հարթակները այս գործընթացը չեն կարող շատ առաջ տանել, բայց մենք տեսանք, թե Ուկրաինայի դեպքում ինչպես կարողացան մեկ մարդու նման առաջ տանել իրենց հորդորը: Ժամանակն է, որ դա անեն նաև Հայաստանի համար, որովհետև իրենք չեն հասկանում, կամ ձևացնում են, թե չեն հասկանում, որ եթե Հայաստանին չօգնեն, վաղն իրենք առերեսվելու են պանթուրքական ուժին ու դրա դեմ չեն կարողանալու պայքարել: Այսօր արդեն իրենց համար դժվար է Էրդողնաին պահանջներ ներկայացնել, վաղը, եթե այդ ուժը ստեղծվի, չեն կարողանալու դրա դեմն առնել: Դրա համար, քանի դեռ ուշ չէ, պետք է Հայաստանին ու Արցախին պաշտպանել»:

Նա նաև նշեց, որ իրենք աշխատանքներ են իրականացնում, որ Ֆրանսիայի իշխանությունները, պատգամավորները ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի հարցը առաջ մղեն, որովհետև եթե Արցախի հարցում չօժանդակեն, 120 հազար մարդու կյանք են կործանելու:

News.am