Մենենդես․ Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն արդարացնել Բաքվի ռեժիմին անվտանգության ոլորտում աջակցությունը
Շատ հաճախ է Հարավային Կովկասը տուժել իմպերիալիստական նկրտումներով բռնապետներից։ Այս մասին հայտարարել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը` ելույթ ունենալով Հարավային Կովկասի վերաբերյալ լսումների ժամանակ:
«2020 թվականին ադրբեջանական պատերազմի հետևանքով 100 000 հայեր ստիպված են եղել լքել իրենց տները Լեռնային Ղարաբաղում, 6500-ը զոհվել են։ Այսօր Արցախում հայերը դեռ բախվում են հումանիտար ճգնաժամի, այդ թվում՝ էթնիկ զտումների սպառնալիքի։ Հենց այդ պատճառով են ես պնդում ավելի շատ մարդասիրական օգնություն ցուցաբերել, քանի որ ԱՄՆ օգնությունը, իմ կարծիքով, բավարար չի եղել։ Բացի այդ, մենք մինչ այժմ անվտանգության ոլորտում աջակցություն ենք ցուցաբերում Ադրբեջանին։ Ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ն արդարացնել անվտանգության ոլորտում աջակցությունը կամ այլ օգնությունը Բաքվի ռեժիմին։ Դա աններելի է: Ես անձամբ դա անբարոյական եմ համարում»,- ասել է նա:
Մենենդեսն անդրադարձել է Ազատության մասին ակտի 907-րդ փոփոխությանը, հիշեցնելով, որ այն արգելում է անվտանգության ոլորտում աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի հրաժարվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի կիրառումից։ «Այնուամենայնիվ, Պետդեպը կրկին ու կրկին բացառություն է անում Ադրբեջանի համար։ Նա 600 000 դոլար է խնդրել Ադրբեջանի ռազմական պատրաստության համար, ծրագիրը ներառում է մասնագիտական ռազմական պատրաստություն: Ես կտրականապես դեմ եմ ցանկացած օգնության այն երկրին, որը հայտնի է ռազմական հանցագործություններով և հարևան պետության դեմ ագրեսիայով։ Պետդեպը անվտանգությանն օժանդակելու թույլտվություն տվեց Բաքվի համար սեպտեմբերին՝ Հայաստան Ադրբեջանի ներխուժումից մի քանի ամիս առաջ, ադրբեջանցիների կողմից անզեն հայ զինվորների սպանության տեսանյութի հայտնվելուց մի քանի ամիս առաջ, հայ զինծառայողների հանդեպ ադրբեջանցիների սեռական բռնությունից և սպանությունից մի քանի ամիս առաջ:
Անիմաստ է ասել, որ ԱՄՆ ռազմական օգնությունը չի ազդել Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական հավասարակշռության վրա։ Դուք պետք է Կոնգրեսին ներկայացնեք բոլոր մանրամասները, որ մենք կարողանանք գնահատել ԱՄՆ օգնությունը Բաքվին... Ես դեռ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հույսեր ունեմ: Ես ողջունում եմ ԱՄՆ ներգրավվածությունը տարածաշրջանի գործերին ամենաբարձր մակարդակով: Կովկասի վրա վարչակազմի ուշադրության պակասը բխում է Ռուսաստանի շահերից, ուստի ես գնահատում եմ այս նոր մոտեցումը: Բայց ես հույս ունեմ լսել, թե էլ ինչ կարող ենք անել խաղաղության համար Կովկասում և հատկապես Հայաստանի վրա հարձակումներից հետո։ Ես թերահավատ եմ նաև, որ Ադրբեջանը, Թուրքիան կամ Ռուսաստանը թույլ կտան Հայաստանին և հայ ժողովրդին ինքնուրույն որոշել իրենց ճակատագիրը։ Պետք է երաշխավորել, որ խաղաղության համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների չի հանգեցնի։ Սա նշանակում է լուծել հումանիտար ճգնաժամը, պատասխանատվության կանչել այս տարածաշրջանում բռնությունների համար պատասխանատուներին»,- նշել է սենատորը։
News.am